Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԹԵՐԻ ՀԱՎԱՏՔԸ ԵՎ ՋՈՒՐԸ՝ ԱՆԿԵՂԾ

Հուլիս 22,2011 00:00

Ելնելով այն սկզբունքից, թե նա, ով ամեն տեղ է ապրում, նշանակում է՝ ոչ մի տեղ չի ապրում, թերեւս նշանակում է նաեւ, որ նա ծնվել է, բայց չունի ծննդավայր, սովորել է դպրոցում, բայց չունի դպրոցական ընկերներ, ծառայել է բանակում, բայց բանակի ոչ մի ընկեր չունի, հավատացյալ է ներկայանում՝ ընդունելով ցանկացած կրոն, քանի դեռ այն սննդարար է, բայց ոչ մի աստվածության չի հավատում, առավել եւս՝ Աստծուն:

Օրենքը, անշուշտ, համընդհանուր կամքի վերացական արտահայտությունն է, որը ստեղծված է չափավորելու մեր բնախոսական նկրտումները, բայց ի բարեբախտություն մարդկությանը, Համուրաբիից մինչեւ մեր օրերը հասցեագրված է յուրաքանչյուրիս առանձին-առանձին:

Ափսոս, սակայն, որ գրված օրենքներում չկան մեր մեջ վաղնջականից հաստատված անգիր օրենսդրությունը, որն առավել զորեղ է եւ անդատարան թելադրում է մեզ՝ հիշել ծննդավայրդ, մանկության ընկերոջդ… Այսինքն՝ այն օրենքները, որ Նարեկացու խոսքում հնչում է.- Մի՛ դատիր արդար, դատի՛ր գթությամբ… Եվ հիմա, ինչպես, ցավոք, ամեն անգամ, այսօր արդեն եւս, նախընտրական նախա-նախա վերապատրաստման օրերին ես եթերներում եւ մամուլում, զոհելով ժամանակս՝ լսում ու կարդում եմ բազմաթիվ հավատքներ փոխած գյուղապետի փեսայի բոյ ու բուսաթով ու խոշոր գլխով հռետորների, որ շարունակ բողոքում են իրականությունից եւ խոստանում փրկել երկիրը՝ ումից եւ ինչպես՝ չգիտեն, կարեւորը բողոքելն է իրականությունից:

Տարիներ առաջ, երբ մենք ջահել ու բոյով էինք, մի խումբ երիտգրողներով, որ Պոպլովոկում խմել էինք, հայ գրականության ճակատագրի շուրջ զվարթ զրույցով իջնում էինք նկարիչների սրճարան՝ մեր կիսատ խումը շարունակելու: Ուշ աշուն էր, երբ աշնան ջուրը խաղաղվում–ներանձնանում է իր մեջ: Եվ Կարապի լճի ափին մեր ընկերներից մեկը ասաց՝ խաչվեմ, տղերք, ես հիմա կքայլեմ ջրերի վրայով, ասաց ու ընկավ ջուրը: Մենք մի կերպ հանեցինք նրան ջրից, եւ նա թաց շորերի մեջ սրթսրթալով ասաց՝ խաչվեմ տղերք, ջուրը կեղծ էր… Հիմա, երբ հիշեցի մեր ջահելության այդ պատմությունը, հասկացա, որ ընկերոջս թվում էր, թե ինքը ջրերի վրա քայլելու հավատքը ունի, բայց պարզվեց, որ իր հավատն էր թերի, քանզի ջուրը երբեք կեղծ չի լինում: Եվ եթե մենք խմում ենք անապակ ջուրը՝ հագեցնելով մեր ծարավը, ու մեր միջով անցնելով՝ այն դառնում է գարշահոտ հեղուկ՝ մեղավորը ջուրը չէ, մեղավորը մենք ենք…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել