Լրահոս
Օրվա լրահոսը

Պարարտանյութի «բարեգործին» բռնեցին

Հուլիս 22,2011 00:00

\"\"«Առավոտի» տեղեկություններով, երեկ ոստիկանության Մասիսի բաժին է զանգահարել Արարատի մարզի Խաչփար համայնքի ղեկավար Ղազար Մարտիրոսյանը եւ հայտնել, որ նախորդ օրվանից մի երիտասարդ է զանգահարում իրեն եւ ներկայանում հայ-կանադական բարեգործական ընկերության ղեկավար եւ ցանկանում է գյուղի դպրոցին ու մանկապարտեզին բարեգործական նպատակներով տրամադրել համակարգիչներ: Որոշ ժամանակ անց նորից զանգահարում է եւ այս անգամ էլ առաջարկում գյուղի բնակիչներին էժան գներով տրամադրել պարարտանյութ: Պարարտանյութը նա պետք է գյուղացիներին տար կես գնով եւ այդ ամենի դիմաց գյուղապետին խնդրում է, որպեսզի վերջինս կանխիկ վճարի 2 մլն դրամ: Բարեբախտաբար, գյուղապետը հասկանում է, որ զանգահարողը, ոչ ավել-ոչ պակաս, մեր օրերի Օստապ Բենդերներից է: Գյուղապետն ահազանգում է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղ ստեղծվում է օպերատիվ խումբ: Երեկ կեսօրին գյուղապետի տեղակալն ու հաշվապահը գյուղում «բարեգործին» են փոխանցել 1200 ԱՄՆ դոլար եւ 115 հազար դրամ, իսկ ոստիկանությունը «զասադ է նստել» գումարը վերցնողին եւ Հանրապետության հրապարակում բռնել նրան:

Արդեն ոստիկանությունում պարզվել է, որ «բարեգործը» նախկինում երեք անգամ դատված, 29-ամյա Դավիթ Գրիգորյանն է, ով մի քանի ամիսների ընթացքում հասցրել է իր ծուղակը գցել մի քանի գյուղապետերի, այդ թվում՝ Լորուտ համայնքից ստացել է 45 հազար դրամ, Վահրամաբերդի գյուղապետարանից՝ 600 հազար դրամ, Աճանանի գյուղապետարանից՝ 500 հազար դրամ, Լճաշենի գյուղապետարանից՝ 35 հազար դրամ, Դարպասի գյուղապետարանից՝ 3000 դրամ, Սյունիքի մարզի մեկ այլ գյուղապետարանից, որի անունը չի հիշում՝ 500 հազար դրամ: Դավիթ Գրիգորյանը բոլոր գյուղապետարաններում ներկայացել է նույն ձեւով՝ դպրոցներին եւ մանկապարտեզներին տրամադրելու է խաղալիքներ եւ համակարգիչներ, իսկ գյուղացիներին՝ պարարտանյութ: Ոստիկանությունն ունի լուրջ կասկածներ, որ նրա զոհերի աշխարհագրությունը կարող է ընդլայնվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել