Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆ ԿԱ, ՈՐ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԺԱՆԱՆԱ ԳՈՎԵՍՏԻ

Հուլիս 22,2011 00:00

\"\"Ասում է ԵԽԽՎ-ում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ
Արման Գրիգորյանը:

– Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Աքսել Ֆիշերի հետ ե՛ւ ԱԺ նախագահի, ե՛ւ կոալիցիայի հանդիպումներում ինչպես է ընդգծվել սկսված երկխոսությունը, մտավախություն չունե՞ք, որ պատվիրակությունների հանդիպումը նույնիսկ ժամկետի իմաստով հատուկ հարմարեցվեց այս այցին, որ իշխանությունը լուծեր ժողովրդավար երեւալու եւ պարծենալու խնդիրը:

– Նման մտավախություններ, իհարկե, կան, բայց Կոնգրեսի կողմից երկխոսության գործընթացը շարունակելը բոլորովին հենված չէ այն մտայնության վրա, թե իշխանություններն անկեղծորեն շահագրգռված են երկիրը հանելու այս ճգնաժամից: Գուցեեւ շահագրգռված են, բայց ենթադրությունը դա չէ: Անկախ նրանից, թե նրանք ինչ մտադրություններով ու նպատակներով են մտել երկխոսության մեջ՝ փաստերն ինքնին ենթադրում են քայլեր ու գործողություններ, որոնցից նրանք պարզապես չեն կարող խուսափել. պար մտնողը պիտի շորորա:

– ՀԱԿ-ի գործիչների եւ Աքսել Ֆիշերի հանդիպման մասին, որին նաեւ Դուք եք մասնակցել՝ տեղեկատվություն կար, թե համազեկուցողը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ գնահատականներ: Դրանք արդյոք համահո՞ւնչ էին այն պնդումներին, որոնք իշխանության հետ հանդիպումների մասին հաղորդագրություններում վերագրվում են պրն Ֆիշերին, թե նա գոհունակությամբ փաստել է ընթացող դրական բարեփոխումները եւ այլն: Եվ արդեն իսկ կանխատեսում կա, թե հոկտեմբերին ԵԽԽՎ-ում Հայաստանին սպասվում է դրական զեկույց:

– Իշխանությունները հաճախ իրենց ձեռնտու լույսի ներքո են ներկայացնում ու մեկնաբանում համազեկուցողների ասածները: Թերեւս ընդդիմությունն էլ է երբեմն նույն մեղքը գործում. հարցն այդ չէ: Բայց կա՛ նման մտավախություն, թե Հայաստանի իշխանությունները կարող են արժանանալ գովեստի եւ դրական գնահատականների, քանի որ ազատ են արձակել քաղբանտարկյալներին, մարտի 1-ի գործի վերաբացման վերաբերյալ հայտարարություն են արել, Ազատության հրապարակն են հանել հավաքների համար արգելքից, այսինքն՝ բաների համար, որոնք երբեւէ խնդիր չպիտի լինեին: Եվ համարում եմ, թե այդ խնդիրները լուծելու համար մեր իշխանությունները որեւէ գովեստի արժանի չեն: Բայց կա մտավախություն, թե այս ամենը կարող է գնահատվել իբրեւ առաջընթաց:

Մտավախություն կա նաեւ, որ ԵԽ-ում մի փոքր գերագնահատում են «Ընտրական օրենսգրքի» բարեփոխումների նշանակությունը: ԵԽ պաշտոնյաների կամ տարբեր հաստատությունների հետ շփումների ընթացքում ես բազմիցս տվել եմ այն հարցը, թե արդյոք նրանք իսկապե՞ս համարում են, որ Հայաստանում վատ ընտրությունների պատճառն անկատար օրենսդրությունն է: Եվ միշտ պնդել եմ, որ Հայաստանի «Ընտրական օրենսգրքով» հնարավոր է հրաշալի ընտրություններ անցկացնել Դանիայում, իսկ դանիական օրենսգրքով հնարավոր չէ նորմալ ընտրություններ անցկացնել Հայաստանում:

Նոր «Ընտրական օրենսգրքի» վերաբերյալ շռայլ գովեստները հատկապես անտեղի են, քանի որ այն փոփոխությունները, որոնք կարող էին իսկապես ազդեցություն ունենալ՝ ասենք, ընտրական հանձնաժողովների ձեւավորման՝ ընդդիմության առաջարկած սկզբունքը, մատների թանաքոտման պրակտիկան, ամբողջական համամասնական ընտրահամակարգի անցումը եւ այլն՝ այդպես էլ չներառվեցին փոփոխությունների մեջ:

– ԵԽԽՎ համազեկուցողի հետ զրույցի ընթացքում, ըստ հաղորդագրության, խոսել եք միջազգային դիտորդական 2000 հոգանոց առաքելության ուղարկման մասին: ԿԸՀ նախագահը մի առիթով արդեն իսկ նշել է, թե դիտորդների նման թիվն իրատեսական չէ: Այս առնչությամբ հետաքրքիր է, թե այդ առաջարկին ի՞նչ արձագանք է եղել հանդիպման ժամանակ:

– Նրանք չեն ասել, թե մենք դա կանենք կամ չենք անի: Դրա շուրջ տեղի է ունեցել բավական ծավալուն եւ բովանդակալից խոսակցություն: Մասնավորապես, կարծիք է հնչել, որ արդեն իրենց դարն ապրել են ընտրությունների վերահսկման եւ դիտորդական առաքելությունների առկա մեխանիզմները եւ պրակտիկան: Հայաստանի նման վարչակարգերն արդեն ադապտացվել են այդ մեխանիզմներին: Եվ այդ կիսատ մոնիթորինգը, կիսատ-պռատ դիտորդական առաքելությունները նույնիսկ ավելի մեծ վնաս են տալիս, քան եթե ընդհանրապես չլիներ որեւէ մոնիթորինգ, որովհետեւ լեգիտիմության կնիք են դնում շատ վատ ընտրությունների վրա՝ միաժամանակ ի վիճակի չլինելով վերհանել կամ բացահայտել իրական խախտումները: Այս թեմայով զրույցներ եղել են նաեւ նախկինում: Օրինակ, ԵԽ-ում ես մի առիթով առաջարկեցի, թե շատ ավելի լավ կլիներ, որ վերահսկեին ընտրական տեղամասերի ընդամենը 10%-ը, բայց դա արվեր՝ հետեւելով ընտրության ամբողջ ընթացքին, եւ հետո այդ 10%-ի տվյալները վիճակագրական համեմատության մեջ դնեին քվեարկության ընդհանուր արդյունքների հետ: Այս եւ նման առաջարկություններին դեռ որեւէ հոդաբաշխ առարկություն չի հնչել, չի եղել նաեւ հակափաստարկ այն քննադատության դեմ, որ դիտորդական ներկա պրակտիկան վերածվել է անախրոնիզմի:

Եվրոպայի Խորհրդում եւ Եվրոպական Միությունում այս տարի բազմաթիվ հայտարարություններ են արվել, թե ընտրությունների խնդիրը դառնալու է առաջնահերթություն: Մեզ նման անցումային, կիսաժողովրդավարական կամ կիսաավտորիտար վարչակարգ ունեցող երկրների նկատմամբ, որտեղ անցկացվող քվեարկություններն իրականում ոչինչ չեն փոխում՝ ընտրությունների վերահսկողության մեխանիզմը եւ նորմալ ընտրություններ անցկացնելու կարեւորությունը դառնալու են առաջնահերթություն: Հուսանք, որ սրանք չեն լինի դատարկ խոսքեր:

– Հանդիպման ժամանակ էլ է ներկայացվել արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների պահանջը: Իսկ այդ կապակցությամբ հնչե՞լ են հակափաստարկներ:

– Սովորական հակափաստարկներ էին, թե ժամանակ քիչ է մնացել, եւ եթե ուզում ենք արդեն հոկտեմբերին ընտրություններ անցկացնել՝ ինչպե՞ս է դա հնարավոր կազմակերպել: Պարզ է, որ համազեկուցողին այս բաներն իշխանություններն էին ասել, եւ նա կարծես փորձում էր մեր տեսակետները լսել այդ փաստարկների կապակցությամբ: ՀՀ առաջին նախագահն ինքը պատասխանեց այդ հարցին՝ մատնանշելով, որ մեր Սահմանադրությունը նախատեսում է նախագահի հրաժարականի կամ պաշտոնավարելու անկարողության դեպքում 40 օրվա ընթացքում անցկացնել նոր ընտրություններ: Այսինքն՝ այն փաստարկը, թե դա հնարավոր չէ, եւ որ ընտրություններ կազմակերպելու համար երկար ժամանակ է պետք՝ զուտ սահմանադրական տեսանկյունից մերկապարանոց է եւ թերի:

– Խոսել եք Հայաստանում հեռուստաեթերի նկատմամբ իշխանության վերահսկողության բացառման անհրաժեշտության մասին: Արդյոք այս հարցը կարեւորվել է նույն տեսանկյունի՞ց, ինչի մասին խոսել էր ՀԱԿ-ը հուլիսի 19-ի հայտարարության մեջ, թե Կոնգրեսի պատվիրակությանը պետք է Հանրային հեռուստաընկերությամբ առնվազն կես ժամ ուղիղ եթեր տրամադրվի կամ պետք է վերացվի հեռուստաալիքներով ՀԱԿ հանրահավաքների մասին իրազեկող նյութերի հեռարձակման արգելքը, թե՞ նաեւ ընդդիմադիր այլ հատվածների համար եք պահանջել մատչելի դարձնել եթերը:

– Մենք արծարծել ենք ազատ եթերի խնդիրը, եւ դա միայն մեզ համար չէ: Եթե Հ1-ով մեզ իրոք կես ժամ եթեր տան՝ դա առաջընթաց քայլ կլինի, եւ մեր տեսակետները կարող ենք ավելի լավ ներկայացնել ժողովրդին, բայց սա խնդրի լուծում չէ՝ բոլորը դա լավ հասկանում են: Խնդրի լուծումն ազատ հեռուստաեթերի գոյությունն է, ուր մուտքն ազատ կլինի բոլորի՛ համար՝ թե՛ ՀԱԿ-ի, թե՛ մյուս ուժերի՝ ընդդիմադիր, կիսաընդդիմադիր, թվացյալ ընդդիմադիր եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել