Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԵՐԸ ԽԵՂԱԹՅՈՒՐԵԼ ԵՆ

Հուլիս 22,2011 00:00

 Գործնականում առաջին անգամը չէ, որ նման  \"\"բաներ են պատահում

«Ուխտ Արարատի» հայրենասիրական հասարակական նախաձեռնությունը օրերս բաց նամակ է տարածել, որում դավաճանություն է որակել Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (Regional Studies Center) տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանի՝ Թուրքիայում Hurriyet պարբերականում հրապարակված այն հայտարարությունը, թե ԱՍԱԼԱ-ի պայքարը ոչ թե զինյալ ազատագրական պայքար էր, այլ ահաբեկչություն, եւ ՀՀ իշխանություններին, իբր, խորհուրդ էր տվել դատապարտել այն: «Իմ երկրորդ առաջարկությունը, որը ցանկանում եմ ներկայացնել Թուրքիայի արտգործնախարարությանը, կապված է ԱՍԱԼԱ-ի հետ։ Արտգործնախարար եղած ժամանակ Ալի Բաբաջանը դրական էր մոտենում այն մտքին, որ Հայաստանն աշխատանքներ սկսի ԱՍԱԼԱ-ի ահաբեկչությունը քննադատելու ուղղությամբ։ Նման կերպ է մտածում նաեւ Դավութօղլուն։ Կարծում եմ, որ, այո, այն, ինչ արել է ԱՍԱԼԱ-ն, ահաբեկչություն է, եւ այն պետք է քննադատել։ Սակայն այս առնչությամբ Հայաստանի մոտեցումը եղանակի պես է՝ մե՛կ մռայլվում է, մե՛կ պայծառանում։ Բայց անպայման պետք է աշխատել այդ առաջարկության վրա»։ Հիշեցնենք, որ Ռիչարդ Կիրակոսյանը հուլիսի 18-ին Թուրքիայի տնտեսական քաղաքականությունների հիմնադրամի (TEPAV) հրավերով Անկարայում էր հայաստանյան թվով հինգ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կազմում, որի շրջանակներում նաեւ հանդիպում էր կազմակերպվել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: Մոտ 45 րոպե տեւած հանդիպման ընթացքում քննարկվել էին ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր:

Երեկ «Առավոտի» հետ զրույցում Ռիչարդ Կիրակոսյանն այս խնդրի առնչությամբ պարզաբանեց. «Թուրքիայում ես անգլերեն լեզվով Hurriyet շաբաթաթերթին հարցազրույց տվեցի: Նախ՝ իմ խոսքերն աղավաղված հրապարակվեցին, հետո նաեւ թարգմանաբար հրապարակվեցին հայերենով, եւ ստացվեց մի բան, որը ես չեմ ասել»: Թուրքական պարբերականի այս քայլը Կիրակոսյանը համարեց վկայություն այն բանի, որ Թուրքիան անկեղծ չէ Հայաստանի հետ հարաբերություններում. «Անգլերենով տված հարցազրույցում ես՝ որպես վերլուծաբան, փորձում էի բացատրել, թե թուրքական կառավարությունն ինչ կփորձի անել Հայաստանի դեմ, եւ թե ինչ են մտածում որոշ թուրք պաշտոնյաներ Հայաստանի վերաբերյալ, եւ այն, որ որոշ թուրք պաշտոնյաներ կոչ կանեն Հայաստանին քննադատել ԱՍԱԼԱ-ին: Թուրքական թերթը, դժբախտաբար, սա ներկայացրել է որպես իմ անձնական տեսակետ եւ աջակցություն այդ խոսքերին, ինչը նաեւ ցույց է տալիս, որ թուրքերը փորձում են մասնատել հայերին, եւ հնարավոր է, որ այդքան էլ անկեղծ չեն Հայաստանի հետ հարաբերություններում»:

Իսկ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման վերաբերյալ ասաց, թե այն հայկական կողմին «հնարավորություն տվեց հղել մեր մեսիջը Թուրքիային հատկապես Ցեղասպանության ճանաչման հարցում, որովհետեւ այդ խնդիրը մեզ համար ընդհանուր է ու չի կարող անտեսվել»: Անդրադառնալով Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից հետո հայ-թուրքական արձանագրությունների «վերակենդանացման» հնարավորությանն առնչվող մեր հարցին՝ Կիրակոսյանը նկատեց. «Սա Թուրքիային ուղղված հարց է, որովհետեւ բոլորը հիմա Թուրքիային են սպասում: Նույնիսկ Հիլարի Քլինթոնը, որը վերջերս Թուրքիայում էր գտնվում, նույն բանը պահանջեց: Հենց այդ պատճառով Թուրքիային ուղղած հայերի եւ ՀՀ կառավարության մեսիջները պետք է խիստ լինեն: Դրանք պետք է արտահայտեն նորմալ հարաբերություններ հաստատելու մեր պահանջները՝ սահմանների բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում, ինչպես նաեւ Ցեղասպանության ճանաչում: Թուրքիային չպետք է շատ խրախուսել Ցեղասպանությունը ճանաչելու կամ սահմանները բացելու համար, որովհետեւ սրանք նվազագույն սպասումներ են»:

Նա կարծիք հայտնեց, թե հայ-թուրքական արձանագրություններն իրականում վնասեցին Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունները, որոնք, Կիրակոսյանի մատուցմամբ՝ «կարելի է ասել ավարտվեցին»: «Հենց այդ պատճառով էլ սա կարելի է Հայաստանի համար հաղթանակ անվանել: Եվ մեկ ազգ՝ երկու պետություն սկզբունքն այլեւս գոյություն չունի: Նույնիսկ հ/կ-ների հետ հանդիպման ժամանակ ցույց տրվեց, թե որքան է Ադրբեջանի հետ հարաբերությունները վատթարացել»,- արձանագրեց նա՝ հավելելով, թե Թուրքիայի ուժն ու հնարավորությունները տարածաշրջանում կապված են Ադրբեջանի հետ՝ արդյոք նա այո՞, թե՞ ոչ կասի: Եվ այդ պատճառով է, որ Թուրքիան շատ զայրացած է: Նա չի հաշտվում, որ փոքր եղբայր Ադրբեջանն իրեն կարող էր թույլ տալ եւ ասել, թե Թուրքիան ինչ անի եւ ինչ չանի. «Մի մոռացեք, որ տարիներ պահանջվեցին, որ Ադրբեջանից դուրս մղվեն թուրք ռազմական խորհրդատուները: Թուրքիան եւ Ադրբեջանը դեռեւս տարբեր ուղղություններով են շարժվում: Նույնիսկ Էրդողանն ու Ալիեւը չեն սիրում միմյանց: Եվ դա իրականում լավ է, որովհետեւ դա այդ ընկերակցության վերջը կարող է լինել»: Նա նաեւ կարծիք հայտնեց, թե «Հայաստանը հիմա ուժեղ դիրքերում է գտնվում: Բայց դա ոչ թե Հայաստանի, այլ հանգամանքների բերումով է ստացվել: Հայաստանի առջեւ կանգնած մարտահրավերը այն է, որ կարողանա օգտագործել այս իրավիճակն ու զարգացնել դրանք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել