Լրահոս
Օրվա լրահոսը

Մուտքը կադաստր՝ «մեկ պատուհանից»

Հուլիս 21,2011 00:00

Պետական մարմինների կողմից քաղաքացիներին պետք է մատուցվեն որակյալ ու մատչելի ծառայություններ, մարդիկ պետք է զերծ մնան տարաբնույթ քաշքշուկներից ու կոռուպցիոն ռիսկերից: Կառավարության ղեկավարի՝ Տիգրան Սարգսյանի ամեն առիթով հնչեցվող այս ցուցումը կոնկրետ հանձնարարականներ էր պարունակում նաեւ Անշարժ գույքի կադաստրի հասցեով, որը հանրության շրջանում ավանդաբար ընկալվում է որպես մշտական հերթերի, հավելյալ գանձումների ու կոռուպցիոն ռիսկեր պարունակող բնագավառ: Իրավիճակի փոփոխություն այսօր արդեն կարելի է նկատել: Մասնավորապես.
Կադաստրային տարատեսակ դիմումներն արդեն ընդունվում եւ սպասարկվում են «մեկ պատուհանի» համակարգով: Այժմ ծառայությունների դիմաց վճարումները կատարում են հատուկ առանձնացված պատուհանում, վերանայվել եւ նույնականացվել են գործող սակագները: Ընթացքի մեջ է կադաստրային տվյալների միասնական էլեկտրոնային բազայի ձեւավորումը: Արդյունքում, մայրաքաղաքի 9 ստորաբաժանումների փոխարեն կգործեն 1 տարածքային եւ 5 սպասարկման կենտրոններ, որոնք տվյալներ կփոխանակեն միայն էլեկտրոնային տարբերակով: Քաղաքացին կադաստրի աշխատակցի հետ կշփվի միայն դիմում տալու եւ պատասխանն ստանալու պահերին:
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանի վկայությամբ, կառավարության որդեգրած մոտեցումները եւ սկզբունքները պահանջում էին, առաջին հերթին, փոխել կադաստրի ոլորտի իրավական դաշտը, օպտիմալացնել սեփականության իրավունքի գրանցման եւ միասնական տեղեկանքի տրամադրման ժամկետներն ու սակագները: «Նախկինում բավական ծախսատար ու դրամաշորթության պարարտ հող ստեղծող իրավիճակը պարզեցվել է. վերացվել է գույքի լրացուցիչ տեղազննման ու չափագրման, որոշ դեպքերում նաեւ նոտարական վավերացման անհրաժեշտությունը: Միայն մեկ ամսվա ընթացքում ավելի քան 10 հազար քաղաքացի սպասարկվել է պարզեցված այս տարբերակով»,- տեղեկացնում է Ա. Մուսայանը՝ հավելելով, որ այդպիսով գրեթե ամբողջությամբ բացառվում են կոռուպցիոն ռիսկերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել