Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍՏՂԵՐԸ ԾՈՎ ՈՒ ԱՐԵՎ ԵՆ ՍԻՐՈՒՄ

Հուլիս 21,2011 00:00

Ու հիմնականում պասիվ հանգիստ նախընտրում

\"\"

\"\" \"\"
\"\" \"\"
\"\" \"\"

Ամեն տարի ամռանը հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները անհասանելի են դառնում. մեր աստղերը մեկնում են հանգստի: Մի մասը հանգստանում է Հայաստանում, մի մասն էլ ողջ տարին վաստակած գումարը վատնում է ծովափնյա հանգստի վրա:
Թե որտե՞ղ են այս տարի ծրագրել հանգստանալ հայ աստղերը՝ տեղեկացանք հենց իրենցից:
Մեր հարցախույզից պարզ դարձավ, որ հայ աստղերին «ձգում» են Արաբական Էմիրությունները, ծով՝ կապ չունի, թե որը, եւ հատկապես այնպիսի վայրեր, որտեղ իրենց հնարավորինս քիչ մարդ կճանաչի:
Երգչուհի Սիրուշոն արդեն իր հանգիստն է վայելում: Նա հանգստանում է Հունաստանում: Թե որքան կտեւի Սիրուշոյի «հունական» հանգիստը եւ կսահմանափակվի՞ արդոյք այդ մի երկրով, դեռեւս պարզ չէ: Ինչպես նշեց «Սիրուշո փրոդաքշնի» տնօրեն Արեւիկ Ուդումյանը, Սիրուշոն ակտիվ եւ ծովափնյա հանգսի սիրահար է:
Ծովափնյա հանգստի սիրահար է նաեւ «Ջեզլ» խմբի նախկին անդամ, երգչուհի Նելլին: Սակայն երգչուհին այս տարի ամռանը չի հանգստանալու հարգելի պատճառներով՝ օգոստոսի 16-ին նա ամուսնանում է. «Մեր հանգիստը պլանավորել ենք նոյեմբերին. կմեկնենք հավանաբար Դուբայ եւ եւս մի քանի տեղ, բայց պարտադիր ծովային»: Նելլին նշեց, որ ակտիվ հանգստի սիրահար է. «Եթե հանգիստ է, ուրեմն սիրում եմ հանգիստ ամեն ինչով՝ ուրախ ժամանակ, որի մեջ կներառվի ամեն ինչ: Վերջին տարիներին ընտանիքիս հետ եմ հանգստանում: Դա լիարժեք հանգիստ է ինձ համար»:
Ի տարբերություն մյուսների, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ակտիվ հանգիստ չի սիրում: «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Բացառիկ պասիվ հանգստի սիրահար եմ: Պասիվ հանգիստս երկու կոմպոնենտով է պայմանավորված ինձ համար՝ ծով եւ արեւ: Սրանք միակ բաներն են, որոնք լիարժեք հանգիստ են ինձ պատճառում»: Հարցին՝ որտե՞ղ է ծրագրել հանգստանալ այս տարի, Նազենին  պատասխանեց. «Երբ իմանամ ինչպես, ինչ պայմաններում եւ որտեղ եմ հանգստանալու, կյանքումս ամեն ինչ լավ կլինի: Բանն այն է, որ այս տարի ես չեմ հանգստանալու: Սիրում եմ երկար հանգիստ, բայց, ցավոք, երկար հանգստի  ժամանակ երբեք չեմ ունենում: Լավագույն դեպքում 3 օր եմ հասցնում հանգստանալ: Այս եւ մյուս ամիսներն ամբողջությամբ զբաղված եմ: Դրա համար էլ չեմ ծրագրում՝ ուր գնալ եւ ինչպես հանգստանալ»:
Երգչուհի Ջուսը հանգստանալու է Անգլիայում՝ Լոնդոնում: Նրա խոսքով, չնայած համերգային ծրագրով է մեկնում Լոնդոն, բայց պլանավորել է աշխատանքային օրերից մի քանիսը իր հանգստին նվիրել. «Սիրում եմ ակտիվ հանգիստ, ծով, դիսկոտեկներ, գիշերային զբոսանքներ: Ծով գնալիս էլ ընտրում եմ ավազոտ ափեր, քանի որ մեծ քարերով ափեր չեմ սիրում. քարերի վրա քայլել չի լինում: Ծով գնալիս երկար նախապատրաստվում եմ լողազգեստների հարցով: Չեմ սիրում ամեն օր նույն լողազգեստը հագնել: Մեկ շաբաթյա հանգստի համար նախատեսում եմ 4-5 լողազգեստ, որովհետեւ այդքան օր էլ կլողամ»: Հետաքրքրվեցինք՝ Հայաստանո՞ւմ որտեղ է սիրում հանգստանալ, ասաց. «Բոլոր վայրերում, բացի Սեւանից, որովհետեւ այնտեղ վառվում եմ եւ չեմ կարողանում հանգստանալ»: Երգչուհին առայժմ ընկեր չունի, բայց կցանկանար սիրած անձնավորության հետ հանգստանալ. «Սիրում եմ մայրիկիս հետ հանգստանալ կամ ընկերուհիներիս: Ընկեր որ ունենայի, նրա հետ կհանգստանայի այս տարի, բայց…»:
«Armenoids» խմբի հիմնադիր եւ ղեկավար Էդգար Ռոստոմյանը Շվեյցարիայի Ալպերում է վայելելու իր հանգիստը: Մինչեւ ամառվա վերջ աշխատելու է: Նրա խոսքով՝ «Այս ամառ ոչ մի կերպ չի ստացվելու հանգստանալ: Օգոստոսի վերջին մենահամերգ ունենք Շվեյցարիայում: Այնտեղ մի քանի օր, այսպես ասած, կգողանանք մեր աշխատանքային օրերից»: Էդգարը նույնպես պասիվ հանգիստ է սիրում: «Կատարյալ հանգիստ վայելում եմ պասիվ վիճակում՝ այսինքն, երբ չեմ վազվզում այստեղ-այնտեղ: Սիրում եմ նաեւ հայաստանյան հանգիստը՝ Դիլիջանը, Ծաղկաձորը, Ջերմուկը»:
Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը կամ, ինչպես ընկերներն են ասում՝ Լուլուն էլ Էդգարի պես հայաստանյան հանգիստ է նախընտրում՝ մասնավորապես՝ գյուղական: Այս տարի արդեն հասցրել է մեկ շաբաթով լինել Կապանում: Մի քանի օր էլ ծրագրել է ընտանիքով հանգստանալ Շամշադինում:
Դերասան Հրանտ Թոխատյանն էլ ամեն տարի իր ընտանիքի հանգիստը կազմակերպում է երկու տարբերակով՝ Հայաստանում եւ Հայաստանից դուրս: Ինչ վերաբերում է այս ամռանը, նա եւս մյուսների պես չի հասցնելու հանգստանալ. «Պասիվ հանգիստ եմ սիրում, որովհետեւ միայն այդպես եմ կատարյալ հանգստանում, որովհետեւ այնքան խիտ եւ ակտիվ է իմ տարին անցնում, որ հանգստանալիս նախընտրում եմ ընտանիքիս հետ վայելել»:
Երգչուհի Լուսինայի հանգստի մասին լուրեր էին պտտվում, որ նա իր հանգիստը ծրագրել է անցկացնել Մոնակոյում: Սակայն նրա մենեջերից ճշտեցինք, որ իրականում երգչուհին այս ամռանը չի հանգստանալու, քանի որ խիստ աշխատանքային գրաֆիկ ունի եւ մինչեւ ամռան վերջ մնալու է Երեւանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել