Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ պարտվելն է ձեռնտու

Հուլիս 21,2011 00:00

Այս օրերին համաշխարհային լրատվամիջոցները ողողված են սպորտային սկանդալներով: Մի շարք երկրներում դատավարություններ են սկսվել՝ կապված պայմանագրային խաղերի հետ, իսկ ավելի կոնկրետ՝ մի շարք ֆուտբոլային ակումբներ մեղադրվում են բուքմեյքերների հետ համագործակցության մեջ:

Առաջին հայացքից կարելի է միայն դրական արձագանքել այդ դատավարություններին, սակայն ավելի խորը նայելով, ամբողջովին պատկերացնում ես, որ դրանք ընդամենը քողարկում են եւ հեռացնում հիմնական խնդրից, որն այսօր գրեթե անհնար է լուծել: Իսկ խնդիրն այն է, որ համաշխարհային սպորտն ամբողջությամբ գտնվում է բուքմեյքերների ձեռքերում եւ բոլոր լուրջ մարզական իրադարձություններն անցկացվում են նախապես մշակված սցենարով: Ոչ մի ակումբ կամ մարզիկ դուրս չէ նրանց ազդեցության ոլորտից: Օրինակ, մեծ թենիսում ոչ մի հանդիպում չի անցկացվում սպորտային մրցակցության սկզբունքով: Դրանում համոզվելու համար ընդամենը բավական էր տեսնել, թե թենիսի «Australian open» հեղինակավոր մրցաշարում ինչպես հանդես եկան երկու հիմնական ֆավորիտները՝ Ռաֆայել Նադալը եւ Ռոջեր Ֆեդերերը: Քառորդ եզրափակչում Նադալը 0:3 հաշվով պարտվեց Դավիթ Ֆերերին եւ պարտվեց բուքմեյքերներին ամենաձեռնտու տարբերակով՝ ոչ մի սեթ չվերցնելով: Թե ինչ ահռելի եկամուտներ ստացվեց այդ խաղից, կարելի է միայն պատկերացնել: Անմիջապես հաջորդ օրը պարտվեց նաեւ մյուս ֆավորիտը՝ Ռոջեր Ֆեդերերը ու կրկին 0:3 հաշվով: Փաստորեն, երկու հսկաներն էլ դուրս մնացին մրցաշարից եւ, հնարավոր է, այդ կերպ ավելի շատ գումար վաստակեցին, քան մրցանակային ֆոնդն էր: Սա ամենահայտնի եւ ամենաճանաչված երկու թենիսիստներին առնչվող դրվագի մասին իմ ենթադրությունն է միայն: Իսկ թե ինչ է կատարվում սակավ կարեւորություն ունեցող խաղերում, յուրաքանչյուր ոք կարող է ենթադրել:     Այնուամենայնիվ, ամենամեծ մեքենայությունները կատարվում են ֆուտբոլում, քանի որ ամենաշատ խաղադրույքները կատարվում են հենց ֆուտբոլի, ավելի ճիշտ՝ էլիտար առաջնությունների հանդիպումների վրա: Վերցնենք, օրինակ, հենց Իսպանիայի եւ Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն «Բարսելոնը»: «Բարսան» Իսպանիայի առաջնության սկզբում սեփական հարկի տակ պարտություն կրեց նորեկ «Հերկուլեսից»՝ 0:2 հաշվով, այնուհետեւ, 32 տուրում՝ ոչ մի պարտություն: Զարմանալի չէ՞, որ սեփական հարկի տակ անպարտելի համարվող «Բարսան»՝ բոլոր ժամանակների լավագույն ակումբներց մեկը, զիջում է «Հերկուլեսին»: Իսկ ինչո՞ւ հենց այդ թիմին եւ ո՞ւմ է դա ձեռնտու: «Հերկուլեսին», որովհետեւ վերջինս նորեկ էր եւ այդ թիմի «հնարավորությունները» մեզ բեմադրեցին հենց առաջնության սկզբում, իբրեւ զորեղ թիմի՝ «Բարսելոնին» հաղթողի: Այդ խաղից դատելով, շատերը լուրջ ապագա կանխատեսեցին այդ թիմին, իսկ վերջինս այնքան վատ անցկացրեց մրցաշրջանը, որ դուրս մնաց բարձրագույն խմբից՝ ամենավատ ցուցանիշներով վերադառնալով երկրորդ դիվիզիոն: Բարդ չէ հասկանալ, թե ինչ ահռելի եկամուտներ բերեց «Բարսային» հաղթող, այնուհետեւ միայն պարտություններով ու անկազմակերպ խաղով աչքի ընկնող «Հերկուլեսը»: Այսօր առանց այդ մեքենայությունների՝ բնավ հնարավոր չէ գոյատեւել սպորտում: Դե, իհարկե, դժվար չէ հասկանալ, թե ինչու ոչ մի եվրոպական ակումբ չի սնանկանում, երբ շուրջ 10-15 տարի ոչ մի մարզական հաջողություն չունենալով, դեռ ավելին՝ հավասար պայքարի մեջ են մտնում «գրանդների» հետ եւ մի քանի տասնյակ միլիոն եվրո արժողությամբ խաղացողներ գնում: Չեմ կարծում, թե շապիկներ վաճառելով կամ հեռարձակումներից առաջացած գումարներով են այդ ակումբները գոյատեւում: Եվ դատելով այդ ամենից, կարելի է միայն արձանագրել, որ հաճախ ակումբի եկամուտը պարտվելիս ավելի մեծ է լինում, քան հաղթելիս: Այդ իսկ պատճառով «Նապոլին» կամ «Մալագան»՝ «Բարսելոնի» եւ «Մանչեսթերի» հետ ճակատամարտ են տալիս՝ այս կամ այն թանկարժեք ֆուտբոլիստին գնելու համար: Ամենացավալին այն է, որ բոլորին էլ հարմար ու ձեռնտու է նման իրավիճակը. բոլորին՝ բացի մարզասերից, ով տոմս է գնում մարզական խաղ դիտելու համար, իսկ ականատես է լինում թատերական խաղի՝ լավ կամ երբեմն՝ անտաղանդ բեմադրված:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել