Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԿԻՆ ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ ՊԱՐՏՎԵՑԻՆՔ

Հուլիս 21,2011 00:00

\"\"Եվրագավաթների խաղարկությունում Հայաստանի ֆուտբոլային ակումբների գահավիժումը շարունակվում է: Դրա հիմնավոր վերջին ապացույցը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ  փուլի՝ մրցակցի դաշտում կայացած պատասխան խաղում Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկի» կրած խոշոր հաշվով երկրորդ պարտությունն է Չեխիայի «Վիկտորիայից»: Մեր չեմպիոնն այս անգամ զիջեց 1:5 խոշոր հաշվով (երեւանյան հանդիպումում հյուրերը չորս անպատասխան գնդակ էին անցկացրել տանտերերի դարպասը՝ ըստ էության իրենց համար հաջորդ փուլի ուղեգիր ապահովելով): Երկու խաղերի ընդհանուր հաշիվը 9:1 է՝ հօգուտ չեխերի: Ճիշտ է, հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում մեր թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, շնորհավորելով մրցակցին, նաեւ հատուկ ընդգծել է, որ «Վիկտորիայի» ֆուտբոլիստները չեն հետեւել «արդար խաղի» սկզբունքներին, մասնավորապես, երկու գոլ խփելով այն ժամանակ, երբ մեր ֆուտբոլիստները խաղադաշտում ընկած վիճակում են եղել, սակայն դա այնքան էլ չի սփոփում հայ ֆուտբոլասերին:
Անդրադառնալով վերջին տարիներին Եվրագավաթների խաղարկությունում հայկական ֆուտբոլային ակումբների անհաջող մրցելույթներին՝ «Armsport.am»-ը տագնապում է, որ Հայաստանը կանգնել է ակումբային դասակարգման աղյուսակում Եվրոպայում ամենացածր վարկանիշ ունեցող հինգ երկրների ցանկում հայտնվելու վտանգի առջեւ: Իսկ դա կարող է բերել նրան, որ Չեմպիոնների լիգայի 2013/2014 թթ. խաղարկությունում Հայաստանի չեմպիոնը պայքարի մեջ ներգրավվի արդեն առաջին փուլից: Այս անցանկալի երեւույթից խուսափելու միակ հույսը «Միկան» է, որն այսօր Եվրոպայի լիգայի պատասխան խաղում հյուրընկալելու է Նորվեգիայի «Վոլերենգային»: Միայն հաջողության հասնելու դեպքում Հայաստանը կարող է հեռանալ այդ վտանգավոր գոտուց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել