Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԱՌԱՆՑԱՆՔ ԵՎ ԱՆԿՈՌԵԿՏՈՒԹՅՈՒՆ

Հուլիս 21,2011 00:00

Երեկ ՀՀ մշակույթի նախարարությունում կայացավ «Կինոյի մասին» օրենքի հայեցակարգի վերաբերյալ առաջին խորհրդակցությունը, որը հրավիրել էր նախարար Հասմիկ Պողոսյանը: Տեսնելով «Առավոտի» թղթակցին, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կոպտորեն դուրս հրավիրեց, հայտարարելով, թե իբր լրագրողներիս պատճառով անջրպետ է առաջանում մշակույթի նախարարության եւ հասարակության միջեւ:
Խորհրդակցությանը հրավիրված էին կինոգործիչներ, դերասաններ, պրոդյուսերներ: «Կինոյի մասին» օրենքի նախագիծը մշակույթի նախարարությանը ներկայացրել էր «Ոսկե ծիրան» հիմնադրամը, բայց իրենց առաջարկած նախագիծը քննարկվեց առանց «Ոսկե ծիրանի» ներկայացուցիչների. նրանցից ոչ ոք չէր ներկայացել:
Ցանկանում էինք կարծիքներ լսել ներկաներից՝ հայեցակարգի վերաբերյալ, սակայն նախարարը խոչընդոտեց մեր մասնագիտական գործունեությունն իրականացնել՝ պատճառաբանելով. «Սա ընդամենը աշխատանքային խորհրդակցություն է: Ո՞վ է ձեզ թույլ տվել լուսաբանել, թե ինչ կատարվում է այստեղ: Ինտրի՞գ եք ման գալիս»: Նաեւ հավելեց. «Սա ուղղակի անկոռեկտություն է, երբ ես խորհրդասենյակ եմ մտնում եւ դեռ չգիտեմ ինչ եմ քննարկելու, ինչի մասին ենք խոսելու, լրագրողն արդեն հարցախեղդ է անում մասնակիցներին»: Ի դեպ, Հ. Պողոսյանը խորհրդակցության ներկաներին հայտարարեց, թե «բաց» է քննարկումը:
Հասցրինք միայն Կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցից հետաքրքրվել կինոյի մասին «Ոսկե ծիրանի» առաջարկած նախագծից: Նա մեկ բառով բնութագրեց՝ «Զառանցանք է… Ոչ մի կետը չի բռնում մեր իրականության հետ: Կապ չունի ով է առաջարկել՝ «Ոսկե ծիրա՞նը», թե՞ մեկ այլ հիմնադրամ»:
Հ. Պողոսյանը, սակայն, նույն կարծիքը չունի հայեցակարգում նշված կետերի, պայմանների մասին. «Այսքան տարիների ընթացքում միակ շարադրանքն է մեր կինոյի մասին, որ փաստացի, գրավոր կա: Ոչ ոք այսքան ժամանակ չի նախաձեռնել շարադրել «Կինոյի մասին» օրենքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել