Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարվեստն ու սպորտը կզուգորդվեն

Հուլիս 21,2011 00:00

\"\"Գլխավոր պրոդյուսեր Գագիկ Մանասյանը Համահայկական խաղերին նոր շունչ կտա

Ցանկացած մեծամասշտաբ միջոցառումից հետո, անկախ բովանդակությունից ու բնույթից, սկսվում են քննարկումները, հաճախ հնչում են բացասական որակումներ: Կուլիսային խոսակցությունները աշխուժանում են հատկապես այն ժամանակ, երբ միջոցառումներն ունեն մշակութային ուղղվածություն կամ էլ պարունակում են վերջինի տարրեր: Օրինակ, օգոստոսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում կբացվեն 5-րդ Համահայկական խաղերը: Այս միջոցառման գեղարվեստական մասը վստահված է ՀՀ պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանին, ով Համահայկական խաղերի տոնահանդեսային մասերի գլխավոր պրոդյուսերն է:
Հայտնի է, որ Նավասարդյան խաղերը եղել են թատերահանդեսներ: Հավանաբար Գ. Մանասյանը այս միջոցառումով փորձ է անում դրանք վերականգնելու: Մեր զրուցակիցը, խախտելով հին կաղապարները, ստեղծել է թատերականացված մի նախագիծ, որում սպորտն ու գեղարվեստը զուգորդվել են: Նա հայտնեց, որ տոնահանդեսի սցենարի հեղինակն է Լեւոն Գալստյանը, ռեժիսորներն են Սուրեն Ռշտունին եւ Ռուբեն Հովհաննիսյանը, նկարիչ-դիզայներն է Բագրատ Դիվանյանը, երաժշտական ձեւավորումը վստահվել է Արա Գեւորգյանին եւ «Արմենոիդսի» ղեկավար Էդգար Ռոստոմյանին, բալետմայստերն է Կարեն Գեւորգյանը:
Քանի որ առաջին անգամ է, որ Համահայկական խաղերը բացվում են թատերային սկզբունքով, խնդրեցինք ընդհանուր ներկայացնել սցենարը: Գ. Մանասյանը նախ տեղեկացրեց, որ մասնակցում են պարային, սպորտային, մշակութային խմբեր (շուրջ 1200 հոգի), շեշտելով, որ մասնակիցների թիվը նախորդ տարիներին չի գերազանցել 500-ը: Ասաց նաեւ, որ, ի տարբերություն նախորդ տարիների, երբ կրակը բերվել է Գառնու հեթանոսական տաճարից, այս տարի այն կբերվի Խոր Վիրապից՝ Գրիգոր Լուսավորչի կանթեղից. «Ի դեպ, ջահը վառելու արարողությունը իսկապես չտեսնված է լինելու»: Ինչ վերաբերում է սցենարին, պարոն Մանասյանը համառոտ ներկայացնելով, ասաց. «Մարզադաշտում կհայտնվի Հայկը ու կպատմի, որ ինքը որոշել էր պապի հետ շրջել աշխարհով մեկ՝ հայերին տեսնելու, բայց պապը հուշել է, որ չարչարվել հարկավոր չէ, պարզապես պետք է գնալ մարզադաշտ, որտեղ միանգամից կտեսնի բոլորին՝ աշխարհի տարբեր երկրներից…»:
Հարցին, թե ինչպե՞ս է ներկայանալու Սփյուռքը, քանի որ խաղերի գաղափարաբանության մեջ առաջնայինը Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդումն է, մեր զրուցակիցը դարձյալ համառոտ ներկայացրեց. Հայկի կողքին լինելու է Պետրոսը՝ տարագիր հայերի հավաքական կերպարը: Գ. Մանասյանը փորձեց արեւմտահայերեն վերարտադրել Պետրոսի խոսքերը. «Ես Սփյուռքեն եկած եմ: Մեծ հայրիկս 95 տարեկան է, նա Եղեռնից մազապուրծ փրկված տարագիրներեն է: Իր երազանքն էր տեսնել հայրենիքը, բայց, ավաղ, քիչ մը տկար էր եւ ինձ հրաժեշտ տալու ատեն ըսավ՝ երանի քո աչքերուն, որ Հայաստանը պիտի տեսնես…»:
Դիտարկմանը՝ մեծամասշտաբ միջոցառումներին, մանավանդ, երբ դրանք կայանում են բաց տարածքում, անհրաժեշտ է հզոր տեխնիկա. հայտնի է, որ առիթի դեպքում դրանք հաճախ բերվում են դրսից, Գ. Մանասյանը հավաստիացրեց, որ մարզադաշտում օգտագործվելու են մեր ունեցած էկրանները, լուսային-ձայնային, գունային տարբեր էֆեկտներ:
Հարցին, թե բացի տեղացի արտիստներից, կտեսնե՞նք հրավիրյալ արվեստագետների, գլխավոր պրոդյուսերը առանց անուններ հայտնելու ասաց, որ միջոցառմանը մասնակցությանը իրենց համաձայնությունն են տվել ռուսական էստրադայի հանրահայտ դեմքեր, առաջին անգամ հայ հանդիսատեսը ունկնդիրը կլինի ավստրալահայ ճանաչված ռեփերի, Թուրքիայից «Մարալ» երգի-պարի անսամբլի… Իսկ նախկինում որոշ պասիվ երկրներ (Ֆրանսիա, Բելգիա, Գերմանիա, Հոլանդիա) այս տարի ժամանելու են մեծ պատվիրակությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել