Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՈԼՈՐԻՆ ԹՎՈՒՄ Է՝ ՀԱՅԵՐԸ ԼԱՎՆ ԵՆ՝ ԻՆՉՊԵՍ ԵՍ»

Հուլիս 21,2011 00:00

\"\"Կամ Ռոման Բալայանը՝ ֆիլմում եւ իրականում

Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ռեժիսոր Սամվել Սարիբեկյանի (Սամո Սպիունու) «Ճախրող հրեշտակներ. Ռոման Բալայան» վավերագրական ֆիլմի պրեմիերան՝ նվիրված անվանի ռեժիսոր Ռոման Բալայանին: Մինչ հանդիսատեսը կսպասեր ֆիլմի ներկայացմանը, ներս մտավ այս օրերին Հայաստանում գտնվող Ռոման Բալայանը, ինչը անակնկալի բերեց դահլիճում նստածներին: Ֆիլմը պատմում է Ռ. Բալայանի ստեղծագործական ուղու մասին: «Ճախրող հրեշտակներ. Ռոման Բալայան» ֆիլմը սյուժե եւ գործողություններ չունի: Նկարում անվանի դերասանները, ռեժիսորները, Ռ. Բալայանին ուղղակի ճանաչողները պատմում են վերջինիս մասին: Ֆիլմում Ս. Սարիբեկյանը մասնավորապես կանգ է առել Ռ. Բալայանի «Թռիչքներ երազում եւ արթմնի» հայտնի նկարի վրա, քանի որ այս տարի լրանում է այդ ֆիլմի 30 տարին: Մանրամասն վերլուծելով «Թռիչքներ երազում եւ արթմնի» ֆիլմը, Ս. Սարիբեկյանը հանդիսատեսին բացահայտում է Ռ. Բալայանի հաջողության այցեքարտը:
Ռեժիսորի խոսքով, Ռոման Բալայանի մասին ֆիլմ նկարելն իր գերնպատակն է եղել. «Նա իմ ուսուցիչն է եղել, իմ վարպետը: Բալայանն ինձ ոգեշնչեց, դրա համար էլ 20 տարվա դադարից հետո սկսեցի նկարել: Վերջին աշխատանքս եղել է 20 տարի առաջ, դա Դեր- Զորի մասին պատմող ֆիլմ էր: Իսկ նկարելու ցանկությունն իմ մեջ առաջացրել է թոռնիկս: Մի անգամ Ֆրանսիայից Skype-ով ասաց՝ Սամո, դու կինո նկարե՞լ ես: Դա եղավ ազդակ»:
Ֆիլմի մասին Ռ. Բալայանի կարծիքը դրական էր: Նա ասաց, որ Հայաստանում իրեն լավ է զգում, մանավանդ որ՝ Սամվելի նման ընկեր-աշակերտներ ունի. «Միակ խնդիրն այն է, որ Հայաստանում գտնվելուս ընթացքում սկսել եմ ծխել: Հայաստանում եւ Ղարաբաղում շրջելիս, ում հանդիպում եմ, ծխախոտ է առաջարկում, ես էլ չեմ կարողանում մերժել»:
Ռ. Բալայանը այս անգամ հայերեն չխոսեց հանդիսատեսի եւ իր արվեստը սիրողների հետ: Նշեց, որ ռուսերեն է կարողանում ճիշտ արտահայտել մտքերը. «Շատ լավ խոսում եմ երեւանյան «սլենգով», ինչը բեմից տգեղ կհնչի»:
Դահլիճում ներկաներից մեկը Ռ. Բալայանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ հայկական ֆիլմ չի նկարում, մասնավորապես՝ ըստ Հրանտ Մաթեւոսյանի գործերից մեկի, չէ՞ որ նման բան մտածել էր. «Երբ երիտասարդ տարիներին ավարտեցի Կիեւի համալսարանն ու վերադարձա Հայաստան, փորձեցի այստեղ հաստատվել: Քանիցս դիմեցի «Երեւան» ստուդիա՝ Երեւանում կարիերաս սկսելու նպատակով: Ընդ որում, կնոջս, երեխայիս թողել էի Կիեւում եւ եկել էի՝ ինձ նվիրելու «Երեւան» ստուդիային: Այստեղ ինձ չընդունեցին, մերժեցին մի քանի անգամ. գրպանումս էլ ոչ մի կոպեկ չունենալով՝ վերադարձա Կիեւ: Արդեն չեմ հիշում՝ ինչպես սկսեցի իմ գործունեությունը Կիեւում: Որոշեցի Հրանտ Մաթեւոսյանի գործերից մեկը նկարել: Սցենարը գրեցի, առաջարկեցի «Երեւան» ստուդիային, բայց դա էլ մերժեցին: Երբ 1982-ին նկարեցի «Թռիչքներ երազում եւ արթմնին», քիչ թե շատ անունս շրջանառվեց, ինձ սկսեցին ճանաչել: Մի օր էլ «Երեւան» ստուդիայից հրավեր ստացա, բայց այս անգամ էլ ե՛ս իրենց մերժեցի, ասացի՝ ես այստեղ ուրիշ կյանք եմ սկսել: Ու իմ մասին սկսեցին լավ բաներ չխոսել Հայաստանում, իբր՝ կանչում ենք, չի գալիս… Մի անգամ էլ հայաստանյան մի լրագրողի հարցազրույց էի տալիս, եթերից դուրս հարցրեց՝ ինչո՞ւ Հայաստանում կինո չեք նկարում: Ես պատասխանեցի՝ այսքան երիտասարդ ռեժիսորներ կան, թող նկարեն: Ինքը հավելեց՝ ախր դուք քիչ թե շատ հայտնի ռեժիսոր եք, որ նկարեք, հայկական կինոյի մասին Մոսկվայում կսկսեն խոսել, Ռուսաստանով մեկ վարձույթ կիրականցնեն: Այդպես դուք Հայաստանի համար մի բարի գործ կանեք: Ես ասացի՝ ես Հայաստանի համար շատ բան եմ անում: Ես այնպես եմ ինձ պահում Հայաստանից դուրս, որ բոլորին թվում է, թե բոլոր հայերը լավն են՝ ինչպես Ռոման Բալայանը»:
«Ճախրող հրեշտակներ. Ռոման Բալայան» ֆիլմի պրեմիերայի ժամանակ կայացավ նաեւ ադրբեջանուհի լրագրող Զառա Աբդուլաեւայի հեղինակած՝ Ռոման Բալայանի 70-ամյակին նվիրված «Լիարյուն խառնվածք» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը, որն իրականացվել է Սամվել Սարիբեկյանի եւ Գայանե Առուստամյանի նախաձեռնությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել