Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԳՈՐԱՆ ՀԱՋԻՉԸ. ՆՐԱՆ ՈՐՈՆՈՒՄ ԷՐ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆԸ

Հուլիս 21,2011 00:00

Հաագայի դատարանի կողմից որոնվող վերջին սերբ Գորան Հաջիչը (նկարում) կալանավորվել է: Reuters-ի փոխանցմամբ, այդ փաստը հաստատել են նաեւ սերբ պաշտոնյաները՝ ձեռնպահ մնալով մանրամասներ հաղորդելուց:
Խորվաթիայում 1991-95թթ. պատերազմի ժամանակ Հաջիչը ղեկավարել է Սերբական Կրաինայի Հանրապետությունը: Նախկին Հարավսլավիայի գործով Միջազգային դատարանը նրան մեղադրում է մարդկության դեմ հանցագործությունների մեջ: Հաջիչը մեղադրվում է այն բանում, որ նրա հրամանով սպանվել են հարյուրավոր եւ տեղահանվել՝ հազարավոր մարդիկ:
Հաագայի դատարանի կողմից մարդկության դեմ գործած հանցանքների մեջ մեղադրվող մեկ այլ սերբի՝ Ռադկո Մլադիչի կալանավորումից հետո Բելգրադն արժանացել էր Եվրամիության գովասանքին, սակայն Հաջիչի կալանավորումը շարունակում էր մնալ այն անփոփոխ նախապայմանը, որը Սերբիայի համար հարթելու էր Եվրամիություն մտնելու ճանապարհը:
Իսկ Հաջիչը, պարզվում է, մինչեւ 2004-ի հուլիսը շատ ազատորեն ապրել էր Սերբիայի հյուսիսում գտնվող Նովի-Սադ քաղաքում: Սա այն դեպքում, երբ այդ ժամանակ Հաագայի դատարանն արդեն Բելգրադին՝ Հաջիչին կալանավորելու հարցում էր ուղարկել: Հաջիչին հաջողվել էր ի հայտ բերել՝ երկրի անվտանգության ծառայությունների կապերի շնորհիվ:
Սերբիայում Հաջիչը հայտնի է քրեորեն հետապնդելի գործարքներում, այդ թվում՝ կաղնու փայտ, գինի եւ նավթ արտահանելու մեջ իր ներգրավվածությամբ: Նախկինում նրան հաճախ են տեսել բելգրադյան քրեական աշխարհի պարագլուխ եւ Սերբական կամավորական գվարդիայի հիմնադիր Ժելկո Ռաժանտովիչի՝ «Արկանի» հետ միասին: Վերջինս արդեն մահացել է:
Չորեքշաբթի օրը, Հաջիչի կալանավորման առիթով, շտապ տեղի է ունեցել Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի մամուլի ասուլիսը: ԵՄ-ն արդեն ողջունել է մարդկության դեմ հանցագործության մեջ մեղադրվող հերթական սերբի կալանավորման փաստը:
Հիշեցնենք, որ մայիսի վերջին կալանավորվել էր նաեւ բոսնիացի սերբերի զորքերի հրամանատար Ռադկո Մլադիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել