Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դե կտրեք՝ գնամ»

Հուլիս 21,2011 00:00

\"\"Դիմորդներից ոմանք միանգամից հաշտվել են սեփական անգրագիտության հետ, ոմանք էլ համառել ժամերով

«Առավոտն» անդրադարձել է քննական «կուրիոզներին», մասնավորապես այս տարին է առատ դրանցով: Պատճառը դիմորդների անհամեմատ ցածր մակարդակն է, որոնց համար հեշտհաղթահարելի թեստեր են կազմվել, սակայն անգամ դա չի փրկել վիճակը:
Երեկ այս թեմայով զրուցեցինք հայոց լեզու եւ գրականություն առարկայի բանավոր քննության հանձնաժողովի անդամների հետ: Հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Թելյանը նշեց, որ համատարած անգրագիտության ֆոնի վրա հատուկենտ գրագետ պատասխաններ լսելիս՝ զարմանում են: Նա պատմեց, որ ջավախյան առոգանությամբ երեք աղջիկ աչքի են ընկել իրենց պատրաստվածությամբ ու բարձր միավորներ ստացել: Հետո, երբ հետաքրքրվել են, պարզվել է, որ նրանք Բարելեթ գյուղի դպրոցի շրջանավարտներ են ու նույն ուսուցչուհու՝ Սիլվա Մակարյանի սաները: «Երեխաներից իմացանք, որ արդեն մեկ տարի է՝ ուսուցչուհին մահացել է, եւ մեկ տարի նրանց ուրիշն է հայոց լեզու դասավանդել, բայց մինչ այդ երեխաների ստացած պաշարն այնքան մեծ է եղել, որ դրանով կարողացել են բարձր միավորներ ստանալ. 18, 15,14՝ համատարած 8-երի ֆոնին»,-պատմեց հանձնաժողովի անդամ Արշալույս Գալստյանը: Պարոն Թելյանը եւս անչափ հուզված էր, որ Ջավախքում, որտեղ մայրենի լեզուն վտանգված է, այսօր նման նվիրյալ ուսուցիչներ կան: Ս. Մակարյանի աշակերտները որոշել էին քննությունից հետո այցելել սիրելի ուսուցչուհու գերեզմանին:
Հանձնաժողովի անդամներին խնդրեցինք այս տարվա դիմորդների «որակի» մասին որոշ մանրամասներ հայտնել: Հանձնաժողովի անդամ, ԳԹԿ գլխավոր մասնագետ Միրցա Հալաջյանը թվեց մեկ-երկու «գլուխգործոց». «Մթնաձորը պատկերում է մթի մեջ ապրող մարդկանց», «մի նկարիչ նկարում է ալպիական մանուշակը եւ նվեր տալիս մի երեխայի», «միշտը» գոյական է», «վախենում եմ»-ը հարաբերական ածական է» եւ այլն:
Լ. Թելյանը խոսեց մի 40-ն անց դիմորդի մասին, ով պետք է Սայաթ-Նովա պատասխաներ: Այդ կինն ասել է, թե Սայաթ- Նովայի մասին չի կարելի խոսել, պետք է երգել: Երբ առաջարկել են ոչ թե երգել, այլ առանց մեղեդու արտասանել, դիմորդը նեղսրտել է՝ «Ինչպե՞ս արտասանեմ, եթե բառերը չգիտեմ»: Մեկ ուրիշ դիմորդի հանձնաժողովը հարցրել է, թե ի՞նչ հայ գրողների է կարդացել: Նա էլ հպարտությամբ հայտարարել է՝ Դյումայի վեպերը:
Տիկին Հալաջյանն ասաց, որ եթե անցած տարի բանասիրականի դիմորդների կարդացածության նվազագույն շեմը ստուգելու համար պայմանականորեն ընտրել էին Թումանյանի «Անուշը», ապա այս տարի՝ հեքիաթները. «Եթե մարդն ուզում է բանասեր դառնալ, գոնե հեքիաթները պետք է կարդացած լինի»:
Հանձնաժողովի անդամները փաստեցին, որ շատ է պատահել, երբ դիմորդն ասել է՝ դե կտրեք, գնամ: Երբ ասել են, որ իրենք չեն կտրում, այլ գնահատում են, մի դիմորդ հայտարարել է՝ «Ուրեմն ինձ մի գնահատեք՝ գնամ»:
Լ. Թելյանը նշեց, որ նրանց թվում կային մարդիկ, ովքեր պարապելու ժամանակ չեն ունեցել, ոմանց նա չի մեղադրում. «Մեղավոր չէին, ասում էին՝ հեռուստատեսությամբ լսել էինք, որ դիմորդ չկա, եկել ենք»: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ մի դիմորդ ուղիղ երկու ժամ «չարչարել» է իրենց, չի համակերպվել «կտրված» լինելու հետ ու անընդհատ խնդրել է, որ նոր հարցեր տան իրեն: Բանը հասել է նրան, որ երեխայի մայրը, ով քննությանը հետեւում էր դրսի մոնիտորից՝ ոստիկանին խնդրել է. «Ասեք՝ թող աղջիկս դուրս գա, հերիք է մեզ խայտառակի»: Մ. Հալաջյանը կարծում է, որ ամեն դեպքում չարժե բուհերը լցնել «անորակ» ուսանողներով. «վաղը չէ մյուս օրը նրանցից ոմանք, օրինակ՝ ուսուցիչ են դառնալու եւ չարիք՝ աշակերտության համար»:
Լ. Թելյանն էլ է նույն կարծիքին, ասում է՝ թող նախարարությունը շուտ մտածեր այդ մասին, նաեւ հավելում, որ հանձնաժողովը աշխատել է լինել բարյացակամ, բայց՝ օբյեկտիվ: Փաստորեն, ընտրություն է կատարվել՝ վատի եւ վատագույնի միջեւ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել