Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆ»՝ ԸՍՏ ՀՌԱՀ-Ի

Հուլիս 21,2011 00:00

Փորձագետների դիտարկումներ ու աղոտ օրենսդրություն

«Արտիկլ 19»-ը եզրակացնում է, որ Հայաստանի աղոտ օրենսդրությունը, որը չի՛ համապատասխանում միջազգային չափանիշներին եւ չի ներառում ցուցումներ կամ նախապայմաններ, որոնք պետք է ապահովվեն՝ բազմակարծություն երաշխավորելու նպատակով: Դա հանգեցրել է մի իրավիճակի, երբ ընթացակարգը կիրառվում է ո՛չ պարզ եւ ո՛չ թափանցիկ ձեւով»: Սա նշված է «Արտիկլ 19»-ի մեկնաբանության մեջ, որը վերաբերում է Հայաստանում հեռարձակման լիցենզավորման մրցույթների արդյունքներին: «Արտիկլ 19»-ի այս եզրակացությունը հենված է Հեռարձակման լիցենզավորման մրցույթների փորձագիտական դիտարկման ծրագրի շրջանակներում կատարված հետազոտությունների վրա: «Հիմնվելով այս տեղեկատվության վրա՝ ՀՌԱՀ որոշումները՝ ուսումնասիրված փաթեթների վերաբերյալ, որեւէ ձեւով չեն մատնացուցում ներդաշնակ եւ հստակ գնահատականներ եւ ցույց են տալիս կամայականության հնարավորությունը, որն ի վերջո ազդում է Հայաստանի քաղաքացիների ազատ արտահայտման իրավունքի վրա»,- նշված է զեկույցում:
Երեկ ԵՄԱ փորձագիտական խումբը ներկայացրեց իր զեկույցը: Ծրագիրը իրականացվել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ: Փորձագետները ուսումնասիրել են լիցենզավորման մրցույթների կազմակերպման եւ անցկացման իրավական հիմքերը, պրակտիկան, հեռուստաընկերությունների բիզնես-ծրագրի հիմնավորվածությունը եւ դիմողի ֆինանսական հնարավորությունները, բազմակարծությունները խթանելու կարողությունը, տեխնիկական հնարավորությունները, աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը:
«Այն, ինչ ՀՌԱՀ-ը անցկացրեց, դժվար է անվանել մրցույթ,- ասաց ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը,- այդ մրցութային գործընթացն այս տարի 10-րդ հոբելյանն է նշելու, բայց դեռեւս ունի բազմաթիվ թերություններ: Բազմաթիվ միջազգային կազմակերպությունների զեկույցներում նշված է, որ այս տարվա մրցույթների գործընթացը անարդար է, ոչ թափանցիկ, իսկ ՀՌԱՀ-ը՝ որպես կարգավորող մարմին, անկախ չէ: Նա որեւէ քայլ չի էլ ձեռնարկում, որպեսզի այդ իրավիճակը շտկվի»: «Արտիկլ 19»-ի դատին են հանձնվել փորձագիտական հետազոտությունները, որի աչքից ԵՄԱ փորձագետների դիտարկումները չեն վրիպել: «Գնահատումը, թե արդյոք դիմորդն ունի՞ իրատեսական բիզնես պլան եւ ֆինանսական միջոցներ, որոնք իրեն կօգնեն հեռարձակման ծառայությունը դարձնել այնպիսին, ինչպիսին պահանջվում է, եւ առանց ընդհատումների, նույնպես համակարգված չէ եւ անորոշ է: Այս առումով ներկայացված հիմնավորումները սահմանափակվում են հայտարարություններով, որոնք չունեն հիմնավորումներ, օժանդակող փաստաթղթեր կամ տեղեկատվության տարբերակի այլ աղբյուրներ: Միեւնույն ժամանակ, որոշ ընկերություններ ներկայացրել են մասնատված եւ հպանցիկ տեղեկատվություն»,- նշված է «Արտիկլ 19»-ի զեկույցում: Միջազգային կազմակերպությունը հասկացել է՝ չկա նաեւ գնահատական, թե ինչպես են համապատասխան ընկերությունները պլանավորում հասնելու իրենց եկամուտի հայտարարված աղբյուրներին՝ Հայաստանի շուկայի իրավիճակի լույսի ներքո: Օրինակ՝ ընկերություններից մեկը նշել է, որ եկամտի հիմնական աղբյուրներից մեկը լինելու է իր արտադրած հեռուստահաղորդումների վաճառքը՝ միջազգային շուկայում, առանց որեւէ հաշվարկի: Ներկայացրած հիմքերից կարելի է նույնիսկ եզրակացնել, որ ոչ մի ընկերություն չի ներկայացրել ֆինանսական պատշաճ հաշվարկներ եւ իրենց ֆինանսական իրավիճակի իրատեսական կանխատեսումներ՝ ասվում է զեկույցում: Իսկ այն հիմնված է գնումների գծով փորձագետ Սամվել Սաղաթելյանի ուսումնասիրության վրա, ով միանգամից նկատել էր, ՀՌԱՀ-ը ի սկզբանե չի սահմանել մրցույթի կոնկրետ չափանիշներ եւ չափորոշիչներ, որոնցով պայմանավորված կլիներ ներկայացվող պարտադիր ու կամընտիր փաստաթղթերի ու կետերի ցանկը: «Ֆինանսական փաստաթղթերը հաճախ կազմված են անփութորեն, պարունակում են թվաբանական եւ փաստական սխալներ, ինչպես «Երեւան» հեռուստաընկերության դեպքում է: Իսկ, օրինակ՝ «Արմնյուզի» եւ այլ հեռուստաալիքների դեպքում՝ պայմանագիրը միակողմանի է ստորագրված»,- ասում է Ս. Սաղաթելյանը: Փորձագետները նկատել են՝ ՀՌԱՀ-ի գնահատող անձնակազմը բաղկացած է այնպիսի անդամներից, որոնք այնքան էլ ոլորտից տեղյակ չէին: Իսկ ԵՄԱ-ի կողմից իրենց օգնության առաջարկությանը պատասխանել էին. «Եթե պետք լինի, մենք կհրավիրենք»: «Բանից պարզվում է՝ պետք չենք եղել»,- ասում է Բորիս Նավասարդյանը: Իսկ վերջինիս հրավերները ՀՌԱՀ-ին՝ քննարկելու առկա թերությունները ու բացթողումները, համարյա միշտ մերժվել են: Ամենուր թերությունների են հանդիպել: «Թեպետ բազմիցս ասել էինք, որ մրցույթների հայտերը բացվելուց հետո կարող էին դրվել հանրային քննարկման եւ հետագայում որոշումներ ընդունելիս հաշվի առնել նաեւ հանրային կարծիքը օրենքի նախագծում, ապա օրենքում, այդպես էլ այդ դրույթը տարիների փորձից հետո չներառվեց»,- փաստում է ուսումնասիրություն իրականացնողներից՝ ԶԼՄ-ների փորձագետ Մեսրոպ Հարությունյանը եւ կասկածում ՀՌԱՀ-ին կողմնապահության մեջ:
«Առավոտ» օրաթերթի մեկնաբան Աննա Իսրայելյանը լուսանկարել էր դիմող հեռուստաընկերությունների ներկայացրած փաստաթղթերը, ու երբ հրապարակել էր օրաթերթում, ՀՌԱՀ-ը որոշել էր այլեւս արգելել դրանց լուսանկարելը: «Ինչո՞ւ «Ա1+»-ի փաթեթից որոշ ֆինանսական փատաթղթեր, որոնցում թերություններ կան, կարող են հրապարակվել, իսկ այլ հեռուստաընկերությունների ֆինանսական տվյալները պետք է գաղտնիք համարվեն»,- ասում է Աննա Իսրայելյանը: Նրա խոսքով, տարիներ շարունակ մեր իշխանությունները միջազգային բազմաթիվ կառույցների առաջ պարտավորվում են բաց ու թափանցիկ մրցույթներ անցկացնել. «Մի՞թե գնահատական բարձրացնելն է համարվում թափանցիկ մրցույթ անցկացնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել