Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ ԵՎ ՀԱՄԱՑԱՆՑԸ՝ ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆ

Հուլիս 21,2011 00:00

\"\"Հանրապետության հրապարակից երեկ մեկնարկել է՝ ՀՀ ԿԳ նախարարության պատվերով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կողմից իրականացվող «Դասարան անիվների վրա» նախագիծը, որի պաշտոնական արարողությանը մասնակցել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը նշել է, որ հանրակրթության որակի բարձրացման համար անհրաժեշտ պայման է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը: «Չկա որակյալ կրթություն՝ առանց համակարգիչների եւ համացանցի»,- ընդգծել է Ա. Աշոտյանը եւ հավելել, որ վերջին 2 տարում Հայաստանի ուսումնական հաստատություններում բեկումային զարգացում է ապրել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը. «Եթե 2009 թվականին 36 աշակերտի բաժին էր ընկնում մեկ համակարգիչ, ապա այժմ այդ թիվը հասել է 22-ի, որը համապատասխանում է Եվրամիության անդամ երկրների միջինացված ցուցանիշին: Այս ցուցանիշին հնարավոր է եղել հասնել ՀՀ նախագահի կողմից հովանավորվող «Համակարգիչ դպրոցների համար» ծրագրի շնորհիվ, որի շրջանակում 2300 գերժամանակակից համակարգիչ է տրամադրվել Հայաստանի եւ 100-ը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դպրոցներին»: Անդրադառնալով հանրակրթական դպրոցների ինտերնետային հասանելիության խնդրին՝ նախարարը նշել է, որ առկա 65 տոկոսի ծածկույթը մինչեւ տարեվերջ հասնելու է 95-ի:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Ա. Բլեյանը նշել է, որ նախագծի նպատակն է անմիջական հանդիպում-ներկայացումների միջոցով Հայաստանում եւ Արցախում առաջացնել մեդիահանրակրթության դասարանների ստեղծման պահանջ, իսկ վերջինիս ստեղծմամբ՝ Հայաստանի եւ Արցախի ուսուցիչներն ու աշակերտները կկարողանան միմյանց հետ շփվել, փորձի փոխանակում իրականացնել, որը չափազանց կարեւոր է հանրակրթության զարգացման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել