Լրահոս
Օրվա լրահոսը

ՑՈՐԵՆԸ ՈՐՈՄԻՑ ԶԱՏԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Հուլիս 21,2011 00:00

Օրեր առաջ, երբ երաժշտական աշխարհի ամենահեղինակավոր՝ Չայկովսկու անվան միջազգային մրցույթում թավջութակահարների անվանակարգում Հայաստանը ներկայացնող Նարեկ Հախնազարյանը նվաճեց գլխավոր մրցանակը, չկարողացա զսպել անկեղծ ուրախությունս ու Ֆեյսբուքի իմ էջին «Շնորհավորենք միմյանց ու հպարտանանք» բովանդակությամբ երկտող տեղադրեցի:

\"\"

Մեծ եղավ զարմանքս, երբ բազմաթիվ արձագանքողների մեջ գտնվեցին մարդիկ, ովքեր ոչ միայն հպարտանալու առիթ չտեսան, այլեւ «փուչ հպարտության ու ազգային սնապարծության» շարքը դասեցին զգացումս: Ես չվիրավորվեցի, ոչ էլ փոշմանեցի՝ դարձյալ շարունակեցի ուրախ լինել Նարեկի համար ու հպարտանալ՝ բայց արդեն անկեղծ ու դառն զարմանքով ինքս ինձ հարց տալով՝ եթե հաղթանակներն ու ձեռքբերումները մեզ չեն միավորում ու չեն սնում մեր ազգային արժանապատվությունը, ապա էլ ի՞նչը:
Տարօրինակ, հակասությունների ու ծայրահեղությունների ժողովուրդ ենք՝ չեմ դադարում մտածել ես ու ուղեղումս տրոփում են հավերժական, բոլոր ժամանակներում հատկապես հայերիս համար կենսունակ «Ո՞վ է մեղավոր» եւ «Ի՞նչ անել» հարցերը: Մեր ցորենն ու որոմը ովքե՞ր եւ ե՞րբ ենք զատելու: Ինչու ենք այսքան անհավատ: Ու լրահոսում հայտնվում է երկրիս մասին միջազգային կառույցներից մեկի հերթական պատկեր-վիճակագրությունը՝ Հայաստանում ճգնաժամային գործոններից ամենավտանգավորն ու կենսունակը մեր անհավատությունն ու անվստահությունն են: Չեմ կարող չհամաձայնել ու կրկին ինքս ինձ հարց չտալ՝ ինչո՞ւ այսքան ցինիկ, անկարեկից, ինքնակենտրոն ու անսեր դարձանք:
Քայլում եմ տաքությունից գրեթե անէացած Սայաթ-Նովայի փողոցում ու աչքիս է զարնում ազդագիրը՝ հուլիսի քսանչորսին Նարեկ Հախնազարյանը ելույթ կունենա Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Ի՜նչ ճիշտ է ու ազնիվ՝ հրճվում է հոգիս. իհարկե հայրենիքում, իհարկե սեփական հողի վրա պիտի կիսել հաղթանակը: Հողը հաղթանակ է սիրում:
 Շարունակում եմ քայլել Սայաթ-Նովայի, Աբովյան փողոցներով ու նկատում, որ երեւանցիների գրեթե համատարած մռայլ, անժպիտ, անտարբեր ու հոգսաշատ պատկերներն ընդմիջվում են պայծառ, տրամադրության բոլորովին այլ գույն ունեցող դեմքերով: Երկրորդ վայրկյանին գլխի եմ ընկնում՝ այո, «Ոսկե ծիրանի» հյուրերն են՝ վայելում են արեւի ու պարզապես այս աշխարհում ապրելու ջերմությունն ու հաճելիորեն աշխուժացնում մայրաքաղաքի կենտրոնը՝ բոհեմի, ազատության ու հայացքի այլ երանգ ավելացնելով մեր ամենօրյա, հոգնած ու արդեն սովորական դարձած անհույս մոխրագույնին:
Իսկապես, տարօրինակ, ծայրահեղությունների ժողովուրդ ենք՝ չեմ դադարում զարմանալ ու մտածել՝ առանց աչք թարթելու մեկ օրվա մեջ փոշիացրինք «Հայֆիլմը», կաթվածահար հայ կինոն ապրում է անորոշ ներկայով ու նույնքան մշուշոտ ապագայով, եւ ունենալով ընդամենը մեկ կինոթատրոն, արդեն ութերորդ «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնն ենք հաջողում ու դեռ կարողությունն ու համոզումն ունենում Հայաստան բերելու Զանուզի, Տավիանի, Քիառուստամ, Գուեռա կամ Արդան եւ ուրիշներ:
Իսկապես տարօրինակ, ծայրահեղությունների ժողովուրդ ենք: Փառատոնին մասնակից մեկ ֆիլմ եմ հատկապես ուզում դիտել՝ թուրք Նուրի Բիլգե Ջելյանի «Մի անգամ Անատոլիայում» ֆիլմը: Շոգն ու բազմաթիվ կիսատ գործեր դահլիճից այն կողմ եմ թողել: Մտքիս մեջ քստմնելի արձանագրություններն են, Կարսի Հայ-թուրքական բարեկամության հուշարձանի քանդումը, տատիս Էրգրից բերած Ավետարանը, իսկ պաստառին թուրքական մաշկազերծ իրականությունն է: Գրեթե երկու ժամ աղջամուղջի միջով մեքենան դեպի Դիարբեքիր է սլանում: Մերկ բլրակներ, սարալանջին կքված միայնակ ընկուզենի, կիրճից պոկված աշնան քամու սուլոց, քարը ճեղքած աղբյուր՝ այս ամենն ինձ հարազատ լինելու չափ ծանոթ է, այնքան ծանոթ, որ թվում է, թե մի անգամ եղել եմ այնտեղ: Հերոսների դեմքին հայկական հետք եմ փնտրում, իսկ դեռատի աղջկա հայացքն ու աչքերն այնքան անպաշտպան են ու զուլալ, որ մտածում եմ՝ ինքը մեղավոր չէ, անտեղյակ է դավին: Դահլիճից դուրս եմ գալիս ու մտքիս մեջ իսկույն փշալարի պատկերով կարմիր սահմանն է կանգնում:
Իսկ «Մոսկվա» կինոթատրոնի բացօթյա հարթակում ջազբենդն է նվագում ու ռեգթայմի հրաշալի հնչյունները սահում են անտարբեր ու անհաղորդ երեւանցիների ականջի տակով ու ծորում իր դեմքը կորցրած Աբովյան փողոցով:
Տեսնես եվրոպացիները գլխի կընկնե՞ն, որ Երեւանը բետոնից ու ապակուց կազմված էս նյարդային ու անդեմ կենտրոնը չէ ու հենց այդ պահին Տերյան 11 հասցեում հին Երեւանի վերջին պատառիկը՝ Աֆրիկյանների տունն է ջնջվում քաղաքի երեսից: Տարօրինակ, հակասությունների ժողովուրդ ենք՝ չեմ դադարում մտածել ես ու ուղեղումս տրոփում են արդեն չորրորդ տարին չմարող ու պատասխան չունեցող հարցերը՝ ովքե՞ր են մեր քաղաքի տերերը ու ինչո՞ւ են այսքան օտար նրան, այս ի՞նչ աներեւույթ ձեռք է համառորեն ջնջում ու սպանում քաղաքիս կենսագրությունը ու նույնքան երեսպաշտորեն, նյարդերս սղոցելու չափ ցինիկորեն խոսում մշակութային ժառանգության պահպանությունից: Ու միտքս թռչում է Էդինբուրգ՝ Եվրոպայի մշակութային մայրաքաղաքներից մեկը, ուր պանդոկներն ու փաբերը միջնադարյան հանդերձանք ունեն, եւ ոչ թե այն պատճառով, որ «էլիտար եվրանորոգումը» չի հասել Շոտլանդիա կամ էլ անճարակ ու հետամնաց շոտլանդացիները փողի ու հողի գինը չգիտեն, այլ այն պարզ պատճառով, որ այդտեղից Ռոբերթ Բըրնզն ու Վալտեր Սքոթն են անցել:
Հուլիսյան անխիղճ արեւն ավելի ամայի, մերկ ու ցինիկ է դարձնում Հյուսիսային պողոտան ու նույնիսկ արեւի տակ գրեթե դեղձի պես շողացող պողոտայի շենքերը խորթ ու սառն են, չեն գրավում ինձ, որովհետեւ իմ պարզ մարդկային համակրանքն ու կարեկցանքը ոտքի վրա մեռնող հին Երեւանի վերջին, անտեր ու անպաշտպան սեւ շենքի կողմն է:
Անցորդներից մեկը հին բարեկամի պես բարեւում է ինձ ու դժվարությամբ հիշում եմ մեր լավագույն թարգմանիչներից մեկին՝ տարիներ առաջ հայ ընթերցողը նրա թարգմանությամբ Վիլյամ Ֆոլկներ ու Էդգար Պո կարդաց: Պարզվեց՝ Հայաստանից չէր հեռացել, ու ապրելու համար դեղատոմսեր ու միջազգային պայմանագրեր է թարգմանում: Պայմանագրեր, ուր անպայման առատորեն հանդիպում են ժողովրդավարություն, կայունություն եւ զարգացում բառերը, բայց, հաստատ, այդպես էլ ոչ իր կյանքն է փոխվում, ոչ էլ Հայաստանի իրականությունը բարեփոխվում: Ուր որ է կարթնանա դատավորս: Ինչո՞ւ եմ ամեն չկայացած ճակատագրի համար մեղավոր զգում ու փորձում արդարանալ: «Ե՞րբ է գալու մեր ժամանակը». այս չհնչած ու անպատասխան հարցն ունենք մեր մտքում ու մեր աչքերի մեջ, բայց գրեթե բարեկիրթ -շինծու լավատեսությամբ շտապում ենք բաժանվել իրարից՝ ձեւի համար, հին օրերի հանգույն մեկ-երկու գրքի ու ֆիլմի անուն տալով:
 Իսկապես տարօրինակ, ծայրահեղությունների ժողովուրդ ենք՝ դարձյալ մտածում եմ ես ու հիշում, որ անգրախանութ Երեւանը, ուր գրքերը լավագույն դեպքում հինգհարյուր օրինակով են լույս տեսնում ու ինքնարժեքից էլ պակաս վաճառվում զուգարանաբույր ստորգետնյա անցումներում կամ մոլորվում-մնում տպարաններում, 2012 թվականին հայտարարվել է գրքի մայրաքաղաք ու ազգովին, նաեւ դրսից եկած հյուրերի հետ հայ գրատպության հինգհարյուրամյակն ենք նշելու: Կարծեմ՝ նաեւ հայ գրատպության հինգհարյուրամյակը արժանավայել նշելու «մտահոգությամբ» աշխատանքից ազատեցին Ազգային գրադարանի տնօրենին: Գուցեեւ ազնիվ մտահոգություն, բայց ո՞ւր էր, ինչո՞ւ էր լռում այդ մտահոգ աչքը, Հայաստանը տարածաշրջանի մշակութային կենտրոն դարձնող այս նույն կառավարությունը, երբ Ուսանողական զբոսայգում, համալսարանների ու Ազգային գրադարանի քթի տակ հերթական էլիտար քյաբաբանոցն էին կառուցում՝ «պատրոնդաշի» ու խավարի դատապարտելով գիտական ընթերցասրահը: Միտքս թռչում է՝ այս անգամ Բոստոն, ուր Ազգային գրադարանն իսկապես ազգային արժեք է՝ գրեթե մայր տաճարի ակնածանքով: Բայց մի՞թե այս համոզումն ու գիտակցումն ունենալու համար պիտի Բոստոն գնալ: Մի՞թե այդ մենք չենք, որ փուչ բաժակաճառի ենք վերածել մշակութային ժառանգության պահպանությունն ու սիրում ենք պոռոտախոսել, թե այլք ծառերին էին, երբ մենք գիր ու գրականություն ունեինք:
Տարօրինակ, ծայրահեղությունների ժամանակներում ենք ապրում: Փառատոները մեկը մյուսին են հաջորդում, շնորհանդեսներ, պրեմիերաներ, «աննախադեպ ու բացառիկ» համերգներ ավետող ազդերից ու ազդագրերից Օպերան երիզող ճաղավանդակը ճկվում է, բայց մշակույթն այդպես էլ մեր կյանքում ներկայություն ու ընդհանրական արժեք չէ:
Ու մեզ շարունակում են սնել ու մեր դեգրադացված, արժեզուրկ իրականությունը որպես օրինաչափություն ներկայացնել հեռուստաընկերությունները, որոնց թվում է, թե մենք յուրահատուկ հիմար ազգ ենք եւ օրը երեք անգամ նույն անհայրենիք սերիալը պիտի դիտենք:
Շտապում եմ գրասենյակ, ուր ինձ է սպասում կամերային երգչախմբի մենակատար ընկերս: Սեպտեմբերին նրա աղջիկն առաջին անգամ դպրոց պիտի գնա ու հաստատ 42000 դրամ աշխատավարձով կոշիկ ու պայուսակ չի գնի:
Ես ինձ դարձյալ մեղավոր եմ զգում, չեմ կարող ու չեմ փորձում արդարանալ՝ գրպանն եմ խցկում քսանհազարանոցը: Մեր մտքում ու մեր աչքերի մեջ չհնչած ու անպատասխան հարցն ունենք՝ «Ե՞րբ է գալու մեր ժամանակը»:
Իսկապես տարօրինակ, ծայրահեղությունների ժողովուրդ ենք: Ազգիս մի մասը մաշվում է, հյուծվում բացասական սպասումների մեջ, աչքը սահմանին երկրից փախչելու հնարներ փնտրում, մի մասն էլ իր ժամանակին է սպասում՝ մեր ժողովրդի իմաստուն ու որակյալ հատվածի ժամանակին, երբ ցորենն ու որոմը միմյանցից զատելու ուժ ու կարողություն կունենանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել