Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական խորհրդանշական դատը

Հուլիս 21,2011 00:00

Պարույր Հայրիկյանը պատենտավորել է ժողովրդավարության չափանիշի բանաձեւը եւ պատրաստ է վաճառել

\"\"

«Առավոտը» հունիսի 7-ին «Պահանջում են արագացնել սահմանազատումը» եւ այլ հրապարակումներով անդրադարձել է «Մարդու իրավունքների հարավկովկասյան դատարանին»: Նախաձեռնության հեղինակը խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի տնօրեն Գեորգի Վանյանն է, դատարանը քննարկում է Հարավային Կովկասին հուզող խնդիրներ: Այս անգամ դատը Վրաստանի Մառնեուլի շրջանի ադրբեջանաբնակ Թեքալի գյուղում էր: Գյուղը հարավկովկասյան երեք հանրապետությունների սահմանին է: «Դատավորը» վրացի Միխեիլ Միրզեիշվիլին էր, հայցվորը՝ հայ, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, պատասխանողը՝ Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար, լրագրող Զարդուշտ Ալիզադեն: Պարույր Հայրիկյանը դեմ էր ժողովրդավարական գործող համակարգերին եւ երկրների ժողովրդավարական համակարգերի հիմքը համարեց պառլամենտարիզմը: Ըստ հայցվորի, մարդկությունը պետական կառավարման ոլորտում ժողովրդավարությունից ավելի լավ համակարգ չի ստեղծել, սակայն այն ճգնաժամ է ապրում: «Քաղաքացիները իրավահավասար են միայն ընտրությունների օրը, ընտրությունների արդյունքների ամփոփումից եւ խորհրդարանի ձեւավորումից սկսվում է խտրականությունը»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
Նա կարծում է, որ նույնիսկ ժողովրդավարության պատվար համարվող Անգլիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում չի ապահովվում քաղաքացիների իրավահավասարությունը, ընտրություններով ձեւավորվում է ոչ թե բոլոր քաղաքացիների, այլ միայն հաղթող քաղաքացիների ներկայացուցչական մարմին, իսկ մեծամասնական ընտրակարգով ընտրություններով չընտրված թեկնածուներին տրված ձայները կորչում են: Ըստ նրա, այդ ձայները պետք է այդ թեկնածուների կողմից փոխանցվեն այն ընտրված պատգամավորներին, որոնք գաղափարապես մոտ են տվյալ՝ չընտրված թեկնածուին: Այդ կերպ ընտրության մասնակից քաղաքացու քվեն դուրս չի մնա երկրի կառավարման գործընթացից: Ընտրված պատգամավորն էլ խորհրդարանում քվեարկելու ժամանակ հաշվի կառնի ոչ միայն իրեն ընտրած, այլեւ իրեն փոխանցված քվեների տեր քաղաքացիների տեսակետը: Հայրիկյանի կարծիքով՝ ընտրական շեմի առկայությունը խտրականություն է փոքրամասնության նկատմամբ եւ մարդու իրավունքների կոպիտ խախտում:
Դատի ժամանակ Պարույր Հայրիկյանը ներկայացրեց երկրների ժողովրդավարության չափանիշի իր բանաձեւը, որի բաղադրիչներն են ընտրություններին մասնակցած քաղաքացիների եւ ընտրությունների արդյունքում ներկայացուցչական մարմնում ներկայացված քաղաքացիների թիվը, ընտրությունների անցկացման հաճախականությունը, դատական իշխանության ընտրված լինելը եւ այլն: Հայրիկյանն ասաց, որ երկրների ժողովրդավարության իր բանաձեւը պատենտավորել է Հայաստանում եւ ԱՄՆ-ում, որ պատրաստ է դրա նկատմամբ իր հեղինակային իրավունքները գնից 100 անգամ էժան վաճառել մեր չորս հարեւաններին, նաեւ Ուկրաինային, Իսրայելին եւ Հունաստանին, որովհետեւ ձեռնտու է ժողովրդավար հարեւաններ ունենալ: Հայրիկյանի բանաձեւը կիրառության համար չեն ընդունել Սերժ Սարգսյանը եւ Միխայիլ Սահակաշվիլին:
Դատի ժամանակ բանաձեւը չընդունեց նաեւ պատասխանող Զարդուշտ Ալիզադեն: Ըստ նրա, Հայրիկյանի առաջարկած ժողովրդավարական մեխանիզմները ներկայումս գործնականում կիրառելի չեն, քանի որ առանց ժողովրդավար քաղաքացու հնարավոր չէ կառուցել ժողովրդավարական հասարակություն, եթե ընտրողը անկիրթ է ու աղքատ՝ ժողովրդավարական լիարժեք համակարգը չի գործի:
Այս խորհրդանշական դատերի ավարտի կազմակերպված քվեարկության արդյունքում Հայրիկյանի տեսակետին կողմ քվեարկեց 26, Ալիզադեի տեսակետին՝ 17 հոգի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել