Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՈՉԻՆՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈ՞ՒՄ Է

Հուլիս 21,2011 00:00

Նախկին մարզպետի հնարավոր վերադարձը լոռեցիներին ստիպել է հիշել նրա օրոք արձանագրված ապօրինությունները:

\"\" \"\"

ԻՐ դիմումի համաձայն պաշտոնից ազատված Լոռու մարզպետ Արամ Քոչարյանին, ըստ շրջանառվող լուրերի, հնարավոր է, որ փոխարինի նրա նախորդը՝ 63-ամյա նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը, որը ժամանակին պաշտոնաթող եղավ՝ թույլ տված բազմաթիվ աղմկահարույց ապօրինությունների պատճառով եւ ներկայումս «Հայավտոճան» ՊՌԱԿ-ի տնօրենն է:
Մարզում դեռ քննարկվում է Արամ Քոչարյանի՝ մարզպետի պաշտոնից ազատվելու անակնկալ դիմումը, եւ քչերն են հետեւություն անում, որ Քոչարյանը հեռացել է իր կամոք: Մարզում շրջանառվող լուրերը հիմք են հավատալու, որ Արամ Քոչարյանի պաշտոնանկությունը պալատական ինտրիգների արդյունք է, իսկ այդ ինտրիգների հեղինակը նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանն է:
Ըստ «Առավոտի» աղբյուրի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Արամ Քոչարյանի հարաբերությունները սրվել են վաղուց: Հանրապետական կուսակցությունում, առհասարակ, նորաթուխ ՀՀԿ-ական վարչապետի հարաբերությունները հարթ չեն կուսակցության շատ հնաբնակների հետ: Կոնկրետ Արամ Քոչարյանի հետ հարաբերությունների սրմանը, ըստ «Առավոտի» աղբյուրի, մեծապես նպաստել է 2006 թվականի դեկտեմբերին պաշտոնից հեռացված մարզպետ Քոչինյանը, որը մինչ օրս չի հաշտվում այն մտքի հետ, որ Լոռին այլեւս «իրենը» չէ: Հիշեցնենք, որ Հենրիկ Քոչինյանը հրապարակավ, հեռուստաեթերից հայտարարեց, որ իրեն աշխատանքից ազատել են առանց նախապես տեղեկացնելու իր ազատման մասին, տեղեկացել է, երբ ազատման հրամանը ստորագրված է եղել:
Տիգրան Սարգսյան-Արամ Քոչարյան հարաբերությունները հասել են լարվածության գագաթնակետին, երբ հունիսի 25-ին վարչապետը այցելել էր Վանաձոր: Այդ ժամանակ մարզպետ Քոչարյանը վարչապետի թույլտվությամբ բացակայում էր հանրապետությունից եւ հետեւաբար չէր կարող դիմավորել նրան: Փոխարենը վարչապետին դիմավորողների մեջ է եղել նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը, ով էլ, ըստ մեր աղբյուրների, կառավարության ղեկավարին ասել է, որ Արամ Քոչարյանը ոչ թե Սանկտ Պետերբուրգում է՝ առողջական խնդիրները լուծելու համար, ինչպես տեղեկացրել է վարչապետին, այլ Վրաստանում հանգստանում է եւ դա դիտմամբ է արել, պատրվակ է հորինել՝ վարչապետին չդիմավորելու համար: Վարչապետը հավատացել է նախկին մարզպետին ու նախագահի առաջ պայման դրել՝ «կամ ես, կամ Քոչարյանը»: Նախագահը նախապատվությունը տվել է վարչապետին: Հիշեցնենք, որ, ի տարբերություն վարչապետի, Արամ Քոչարյանը ՀՀԿ-ական հնաբնակներից է, ՀՀԿ Լոռու մարզային կառույցի ղեկավարը եւ նրա շնորհիվ ՀՀԿ-ն մարզում զգալիորեն իր դիրքերն ուժեղացրել է («Առավոտ», 12.02.2010՝ «Լոռիում ՀՀԿ ծառերը ծա՜ղկում են»):
Արամ Քոչարյանը այն եզակի պաշտոնյաներից է, ում անունը պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում չի կապվել որեւէ կրիմինալ պատմության, աղմուկի հետ:
Հենրիկ Քոչինյանի անունը նման պատմություններից անպակաս էր ու նրա անվան կողքին հայտվում էին նաեւ եղբայրների անունները, որոնցից Հովհաննեսը եղբոր մարզպետության տարիներին «Ջիլիզայի անտառտնտեսություն» ընկերության տնօրենն էր, մյուսը՝ Հայկազը, հայրենի Շնող գյուղի գյուղապետը: Հովհաննեսի դեմ քրեական գործ կար մոտ 15 միլիոն դրամ յուրացնելու մեղադրանքով («Առավոտ», 28.04.2009՝ «Մեղադրվում է Քոչինյանը»): Քոչինյանները վերադարձրին յուրացրած գումարները:
Լոռեցիները չեն մոռացել, որ պաշտոնավարման ինը տարիների ընթացքում մարզպետ Քոչինյանը հասցրեց դառնալ մարզի թիվ 1 կալվածատերը: Նրան են պատկանում Վանաձորի քաղաքային շուկան, որին վանաձորցիները մինչ օրս «մարզպետի շուկա» են ասում: Հենրիկ Քոչինյանը հողատարածքներ ունի Լերմոնտովո գյուղում, մի քանի հանքահորերի ու փոքր ՀԷԿ-երի, «Գրին» հյուրանոցի համասեփականատեր է: Քոչինյանի օրոք տարածված կատակ կար. ով մի զուգարան է կառուցում՝ Քոչինյանն անպայման ուզում է «փայ մտնի»: Հենրիկ Քոչինյանի «քավորությամբ» ապամոնտաժվել եւ վաճառվել են Վանաձորի կայարանից մինչեւ երրորդ մաս տանող կամրջի սարքավորումները, «Էլեկտրոն» գործարան գնացող երկաթգծի 7 կմ-անոց հատվածը («Առավոտ», 11.03.2007): Հենրիկ Քոչինյանը մանկապղծության մեղադրանքով կալանավորված Սերոբ Տեր-Պողոսյանի  քավորն է: Դեռ էլի կարելի է շարունակել, Քոչինյանի անվան հետ կապվող աղմկոտ պատմությունների մասին գրել է ոչ միայն «Առավոտը»:
Լոռեցիները, մեղմ ասած, հիասթափված են: Մի կողմից, որ նման կենսագրություն ունեցող մարդն ուզում է նորից մարզպետ դառնալ, մյուս կողմից լսել են, որ Հենրիկ Քոչինյանը վայելում է լոռեցի մարզպետի համակրանքը:
«Ով ուզում է գա, միայն՝ ոչ Քոչինյանը, ուտելը կիսատ է թողել, գալիս է շարունակի: Դե, եթե մեր իշխանությունը ժողովրդի կարծիքը հաշվի չի առնում ու էլի Քոչինյանին է մեր ջանին կապելու, թող էլ ընտրությունների ժամանակ չգան ձեռ ու ոտ ընկնեն, ասեն մեզ ձայն տվեք: Կընտրենք ում ասես, բայց ոչ հանրապետականին»,- «Առավոտի» հետ իր զայրույթը կիսեց վանաձորցի տաքսու վարորդներից մեկը:

Հ. Գ. Հիշեցնենք, որ Լոռու մարզպետի աթոռին նստելու ցանկություն ունի նաեւ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել