Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավորի ցուցմունքը

Հուլիս 21,2011 00:00

«Անտոնյանն ասաց՝ հանեն շորերս, անարգանքի ենթարկեն ինձ»

Երեկ տեղեկացրել էինք, որ ոստիկանության Երեւան քաղաքի քրեականի պետին՝ Եգոր Անտոնյանին պաշտոնանկ են արել: Ասում էին, որ այն կապված է իր ենթականերից մեկի կողմից 500 դոլար կաշառք ստանալու եւ բռնվելու գործի հետ: Այն կարող է կապված լինել նաեւ Ստեփան Հովակիմյանի գործի հետ:
Ստեփան Հովակիմյանը, որը կասկածվում է «Մոսկվա» կինոթատրոնում կատարված գողության համար, դատարանում տված իր ցուցմունքում մանրամասնորեն պատմել էր, թե ինչպես են իրեն խոշտանգել ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության քրեական հետախուզության աշխատակիցները՝ Ե. Անտոնյանի անմիջական ցուցմունքներով: Նա մասնավորապես ասել է. «Որոշ ժամանակ անց, տեսնելով, որ ինձ չեն կարողանում համոզել, տարել են քրեական հետախուզության պետ Եգոր Անտոնյանի մոտ, որին հայտնել են, որ ես իբր ճիշտ ցուցմունք չեմ տալիս: Պետն ասաց, որպեսզի իմ նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելով ստիպեն, որ ես ճիշտ ցուցմունք տամ, ասելով, թե ծեծից հետո ես ամեն ինչ իբր կհասկանամ»:
 Ստեփանը նաեւ հայտնել է. «Որոշ ժամանակ ծեծելուց հետո, տեսնելով, որ ես նորից իրենց ուզած ցուցմունքը չեմ տալիս, ոստիկաններն ինձ նորից տարան իրենց պետի՝ Անտոնյանի մոտ: Վերջինս ասաց, որ լավ չեն ծեծում ինձ, շարունակեն ավելի ուժեղ ու նաեւ բերման ենթարկեն Գոհարին, ասելով. «նա էլ հո էսքան չի դիմանա»: Միաժամանակ, Անտոնյանն ասաց, որ հանեն հագիս շորերն ու անարգանքի ենթարկեն ինձ: Ոստիկաններն ինձ նորից տարան սենյակ ու սկսեցին շորերս քաշքշել, որպեսզի հանեն ու միաժամանակ երկու հոգի գնացին Գոհարի հետեւից (կինոթատրոնի աշխատակցուհին-խմբ): Տեսնելով, որ նրանց արածն անցնում է ամեն մի սահման եւ ինքնասիրությունս ու արժանապատվությունս պահելու համար ես նրանց խնդրեցի չստորացնեն ինձ, որին պատասխանեցին, որ ուրեմն իրենց ասածով պետք է անեմ, քանի որ այլ տարբերակ չունեմ: Ստիպված ես համաձայնեցի ասել այն, ինչ իրենք էին ցանկանում»: Ի դեպ, նույնատիպ տեղեկություններ կան նաեւ ՀՔԾ ուղարկված հաղորդման մեջ՝ «Ինձ վերադարձրեցին նույն սենյակ ու որոշ ժամանակ անց, տեսնելով, որ ինձ չեն կարողանում համոզել, ոստիկաններից Մոսը տարավ քրեական հետախուզության պետ Եգոր Անտոնյանի մոտ, որի սենյակը գտնվում էր միջանցքի սկզբնամասում՝ նույնպես ձախ կողմում: Մոսը նրան հայտնեց, որ ես իբր ճիշտ ցուցմունք չեմ տալիս, պետն ասաց, որպեսզի իմ նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելով՝ ծեծելով ստիպեն, որ ես ճիշտ ցուցմունք տամ, ասելով, որ ծեծից հետո ես ամեն ինչ իբր կհասկանամ»: Ստեփանը ցուցմունքի մեկ այլ հատվածում պնդել էր. «Իսկ իմ կողմից նշված 3 ոստիկանները, պահարանից հանելով «մուչակին», շորերս էին քաշքշում, որ հանեն, ասելով, թե այդ մահակով են ինձ անարգելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել