Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՀՈՅԵՔ ԼԻԱԹՈՔ ԿԱՄ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԲՈՒՏԱՖՈ՞ՐԻԱ

Հուլիս 21,2011 00:00

«Անտիմամուլ» շարքից

Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել («Առավոտ», 11.03.2011թ.՝ «Կառավարություն առանց մամուլի», 21.04.2011թ.՝ «Անտիմամուլ» եւ այլն) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19 եւ 1087.1 հոդվածների (այսուհետ՝ Անտիմամուլ) անհաջող նորամուծության մասին, ինչի արդյունքում մամուլում հայտնված ցանկացած կարծիք, գնահատողական դատողություն կարող է որակվել որպես վիրավորանք կամ զրպարտություն, վիրավորանքի համար սահմանելով 1 միլիոն, իսկ զրպարտության համար՝ 2 միլիոն դրամի պատասխանատվություն, ինչից լիարժեքորեն օգտվում են օլիգարխ-պատգամավորները եւ այլ VIP պերսոններ, ինչի արդյունքում որոշ թերթեր արդեն փակման վտանգի մեջ են:
Նույն այդ նորամուծության արդյունքում թույլատրվել է անձի արժանապատվությունը նվաստացնել, վիրավորել ոչ հրապարակային ցանկացած ձեւով, այդ թվում՝ հայհոյանքով, կներեք, բայց նաեւ անձի վրա թքելով ու այլ ձեւով թրջելով, էնքան որ դա չարվի հրապարակայնորեն, քանի որ սահմանված չէ որեւէ պատասխանատվություն ոչ հրապարակային վիրավորանքի համար, այն դեպքում, երբ մինչ նորամուծությունը դա պատասխանատվություն էր առաջացնում: Բնականաբար, այս հնարավորությունից էլ են լիարժեքորեն օգտվում VIP պերսոնները եւ հայտնի է դեպք, երբ ԱԺ պատգամավորը լրագրողին հայհոյախառը վիրավորում է, դա անգամ ձայնագրվում է, սակայն որեւէ պատասխանատվություն չի կրում. օրենքով դա արգելված չէ:
Այժմ պարզ է, չէ՞, թե լրատվամիջոցով կարծիք հայտնելն արգելող, սակայն անձին հայհոյել թույլ տվող օրենսդրական նորամուծությունն իրականում ում համար է ընդունվել:
Նորամուծության սահմանադրականության, դրանով ազատ խոսքին ու մամուլին հասցվող հարվածի մասին հրապարակումներով հանդես գալուն զուգահեռ, գրավոր հիմնավորումներով առաջարկություն ներկայացվեց նորամուծության հեղինակ Մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի նա դիմի Սահմանադրական դատարան՝ նշված նորամուծության սահմանադրականության հարցով:
ՄԻՊ-ին ներկայացված առաջարկում, բացի այն, որ գրավոր հիմնավորվել էր նորամուծության հակասությունը Սահմանադրության 1-ին հոդվածով երաշխավորված իրավական որոշակիության սկզբունքին ու 27 հոդվածով երաշխավորված կարծիք հայտնելու իրավունքին, հիմնավորվել էր նաեւ, որ դա հակասում է անձի արժանապատվությունը երաշխավորող՝ Սահմանադրության նորմերին:
ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի համաձայն՝ մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում եւ պաշտպանվում է պետության կողմից, իսկ 3-րդ հոդվածի համաձայն՝ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են:
Հղում կատարելով վերը նշված դրույթներին, ՄԻՊ-ին ուղղված առաջարկում հիմնավորվել էր, որ նորամուծությամբ անձինք զրկվել են Սահմանադրությամբ երաշխավորված իրենց պատիվն ու արժանապատվությունը ոչ հրապարակային վիրավորելու դեպքում իրավական ու դատական պաշտպանության հնարավորությունից, քանի որ քաղօրի 19 եւ 1087.1 հոդվածները անձի պատիվն ու արժանապատվությունը ոչ հրապարակային արատավորելու համար պատասխանատվության որեւէ ձեւ, այդ թվում ոչ նյութական, չեն սահմանում, ինչն ուղղակիորեն հակասում է Սահմանադրությանը, քանի որ առկա է սահմանադրական իրավունք, սակայն բացակայում է այդ իրավունքի խախտման դեպքում դրա պաշտպանության միջոցը: Բանն այն է, որ տեսության մեջ իրավունքի, իրավական նորմերի տարբերությունը բարոյական նորմերից կայանում է նրանում, որ իրավական նորմերը սահմանվում են պետության կողմից կամ տրված են ի վերուստ (բնական իրավունք), օժտված են համապարտադիրությամբ, ինչի համար դրանց խախտման դեպքում գործում է պետության կողմից սահմանված սանկցիան (պատասխանատվություն), այն դեպքում, երբ բարոյական նորմերը համապարտադիր բնույթ չեն կրում եւ դրանց խախտման դեպքում սանկցիա չի գործում: Ամեն ինչ շատ պարզ է. եթե Հայաստանը իրավական եւ սահմանադրական պետություն է, իսկ Սահմանադրությունն էլ բուտաֆորիա չէ, ապա մենք ունենք արժանապատվության իրավունք, ավելին, արժանապատվությունը բնական իրավունք է, մեր իրավունքների եւ ազատությունների անքակտելի հիմքն է ու բարձրագույն արժեք, հետեւաբար մեր արժանապատվությունը ոտնահարելու բոլոր դեպքերում, այդ թվում՝ ոչ հրապարակային, պետք է ունենանք մեր այդ սահմանադրական խախտված իրավունքի պաշտպանության հնարավորություն, որը պետք է արտահայտվի սահմանադրական այդ իրավունքը խախտողի նկատմամբ պատասխանատվության որոշակի միջոցի կիրառմամբ, ինչից զրկվել ենք օրենսդրական նորամուծությամբ: Նման նորամուծությունը հակասահմանադրական է, քանի որ դրանով սահմանադրական նորմը վերածվում է զուտ բարոյական նորմի: Բանն այն է, որ, օրինակ, Սահմանադրությամբ երաշխավորված է սեփականության իրավունքը, որի խախտման դեպքում, ելնելով խախտման բնույթից, օրինակ՝ հափշտակություն կամ պարտքը չվերադարձնելը, ի հայտ են գալիս քրօրով կամ քաղօրով սահմանված սանկցիաները: Կամ անձը ունի կյանքի կամ առողջության իրավունք, որոնց խախտման դեպքում եւս, ելնելով խախտման բնույթից, առաջ են գալիս քրօրով եւ/կամ քաղօրով սահմանված պատասխանատվության միջոցները:
Բայց ահա բոլոր իրավունքների անքակտելի հիմք արժանապատվության իրավունքի ոչ հրապարակային խախտման համար սահմանված սանկցիաները նորամուծությամբ հանվել են, սահմանադրական այդ իրավունքը վերածելով բարոյական նորմի, իսկ Սահմանադրությունը, որպես իրավական փաստաթուղթ՝ բուտաֆորիայի: Ահա նաեւ այս վիճակը շտկելու համար էր ՄԻՊ-ին ներկայացվել ՍԴ դիմելու առաջարկը:
Օրերս ստացվել է ՄԻՊ-ի 12. 07. 2011թ. գրությունը, որում նշված է, որ քաղօրի 19-րդ եւ 1087.1-րդ հոդվածների հնարավոր հակասահմանադրականության հարցի վերաբերյալ դիմումում ներկայացված հիմքերն ուսումնասիրվել են, գտնում ենք, որ վերոգրյալ հարցով ՍԴ դիմելու հիմքերը բավարար չեն: Նշված պատասխանից պարզ է դառնում, որ VIP-երի կողմից ընտրված ՄԻՊ-ը չի ցանկանում, որպեսզի VIP-երը զրկվեն իրենց դուր չեկողների արժանապատվությունը հայհոյախառն վիրավորելու չգրված իրավունքից (հավանաբար դա նրանց բնական իրավունքն է), ինչպես նաեւ մամուլով հայտնած իրենց ոչ հաճո կարծիքի համար մեծ գումարներ ստանալու հնարավորությունից:

Հ. Գ. Ճիշտ են ասում, որ ագռավի համար ամենագեղեցիկն իր ձագն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել