Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԱԼՈՒՍՏՈՒԿԱՎՈՐՆ» ՈՒՂԱՐԿԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ

Հուլիս 21,2011 00:00

Նախօրեին ղարաբաղյան պատերազմի մասնակից Սամվել Միքայելյանը ԱԺ շենքի մոտ անժամկետ հացադուլ էր հայտարարել, սակայն նրան հենց նույն օրը, ազատամարտիկի խոսքերով ասած՝ «գալուստուկով» ինչ-որ պաշտոնյա համոզել է՝ ԱԺ-ից ձեռ քաշի եւ բողոքի ակցիան նախագահի նստավայրի մոտ անցկացնի: Մինչ այդ մարդու մոտենալը՝ ազատամարտիկին փորձել են «ցրել»՝ ԱԺ-ի՝ Դեմիրճյան փողոցի մուտքի պահակակետի աշխատակիցները:
Երեկ, սակայն, Ս. Միքայելյանը ոչ ԱԺ-ի մոտ էր, ոչ էլ նախագահական նստավայրի: Թե ինչո՞ւ է դադարեցրել հացադուլը, մեզ հետ զրույցում Սամվել Միքայելյանը հայտնեց, որ վատառողջ է եւ ի վիճակի չէ երկար դրսում մնալ. «Բայց ես շարունակելու եմ բողոքս, ու մտածում եմ՝ թե որտեղ ավելի ճիշտ կլինի բողոքս կազմակերպել: Անկեղծ ասած, մի քիչ էլ ամաչում եմ, մեր ազգին սազական չի, էլի, Ղարաբաղում կռվես ու գաս մեկ էլ ցույց անես»: Սամվել Միքայելյանն անօթեւան է, եւ բնակարանի համար մոտ երկու տարի առաջ դիմել էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որն էլ վստահեցրել էր, որ բնակարանով կապահովեն եւ փաստաթուղթ է տրամադրել, որպեսզի նրա հարցն առաջնահերթ լուծվի: Ազատամարտիկի խոսքերով՝ խոստացել են, բայց այդպես էլ հարցը չեն լուծում. «Ես հաշմանդամ եմ, մի թոքս հեռացված է, հիմա ապրում եմ խնամակալիս մոտ: Բայց մինչեւ ստեղ գալը, 96 թվից հիվանդանոցների պահակների մոտ էի ապրում, տեղ չունեի գնալու: Վերջերս էլ նորից դիմել էինք նախարարություն, մեզ ասացին, որ փող չունեն, պետք է հերթ պահենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել