Լրահոս
Օրվա լրահոսը

Շուկաներում «Ուժս կինո» կարելի է նկարել

Հուլիս 21,2011 00:00

Ով շուտ «փորը թափի»՝ գրազը կկրի

\"\"

Հայաստանում սարսափ ֆիլմեր նկարահանելու համար՝ ոչ բեմադրված կադրերով, այլ իրական «էֆեկտներով»՝ արդյունաբերական սպանդանոցների «արյունոտ» տեսարանների կադրեր կարելի է ստանալ հայկական շուկաներում՝ «Գումի», կայարանի եւ այլն: Ընդ որում, դերասանների փոխարեն կարող են հանգիստ նկարահանվել մսագործներից շատերը, որոնք իրենց իրական կերպարներով ֆիլմին մի բան էլ բնականություն կհաղորդեն՝ ականջ ծակող ձայնով ճչացող կենդանիներին լռեցնելու զանազան հնարքներով:
32-ամյա Սոնան, որը մասնագիտությամբ քիմիկոս է, պատմում է, որ շուկայում մարդկանց աչքի առաջ, կենդանուն մորթելու մի դեպքի ականատես լինելուց հետո դադարել է առհասարակ միս օգտագործել եւ դարձել է բուսակեր: Սոնայի պատմելով. «Շուկայում մսավաճառը իր ընկերոջ հետ սկսեց վիճել, որ իրենից արագ ոչ ոք շուկայում խոզի փոր չի թափում, նա իր գործընկերոջ հետ գրազ եկավ, թե ով ավելի շուտ եւ «սիրուն»  կմորթի կենդանուն: Դանակներն առած հանցագործի պես սկսեցին ամենադաժան ձեւով խոզին մորթել, խոզի ձայնից մարդիկ ստիպված փախչում էին. շատ սարսափելի էր»: Այստեղ հիշեցի Բեռնարդ Շոուի խոսքերը. «Երբ մարդն ուզում է վագրին սպանել, դա սպորտ է համարվում, իսկ երբ վագրն է ուզում մարդուն սպանել, դա դաժանություն է համարվում»: Մի առիթով էլ 58-ամյա տիկին Լենան պատմեց, թե ինչպես է տեսել անգլուխ գառին վազելիս: «Վերջերս մեր հարեւանը փորձանքից էր պրծել, գառ էր բերել, որ իրենց բակում մորթի, մատաղ անի, դե սեփական տներ են, մեկը մյուսի բակը տեսնում է, մեկ էլ որ չտեսա, թե էդ խեղճ գառին ոնց են մորթում, գլուխը կտրեցին ու էս անասունը տենց անգլուխ վազեց-վազեց ընկավ: Իմ լացը եկավ, մինչդեռ նրա 16 տարեկան տղան  ծիծաղում էր: Բա այն էլ մատաղի գառը, բա էդ մատաղը կընդունվի՞, բա սա մարդկությո՞ւն է»,- պատմեց տիկին Լենան:
Մինչ մեր նման հասարակությունների համար կենդանուն բոլորի աչքի առաջ դաժանաբար սպանելը զվարճալի է, Նիդերլանդների խորհրդարանը նույնիսկ օրենք է ընդունել, ըստ որի՝ արգելվում է կենդանիներին սպանել առանց նախնական անզգայացման: Սակայն Հայաստանում, ինչպես քաղաքապետարանից են հայտնում, հնարավոր չէ կիրառել «քնեցում»: Իսկ քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված տվյալների վերաբերյալ, ըստ որի՝ 5 տարվա ընթացքում մայրաքաղաքում վերացվել է 70 000, ստերջացվել՝ 30 000 շուն, մի տարրական հարց է առաջանում. իսկ որտե՞ղ են թաղվել այդ կենդանիները, որպեսզի վնաս չհասցնեն շրջակա միջավայրին:
Մեզ հետ զրույցում «Սպառողների իրավունքների պաշտպան» հ/կ նախագահ Լուսինե Յագուբյանն ասաց, որ 18 տարի է, ինչ մեր հանրապետությունում չեն գործում սպանդանոցներ եւ տարածված է բակային սպանդը, ինչը խիստ հակահիգիենիկ է եւ վտանգավոր: Այս տարվա մայիսի 31-ին Սննդի պետական տեսչության կողմից «Գումի» շուկայի մսի վաճառքով զբաղվող տաղավարների փակման հիմնական պատճառը հենց դա է եղել. ստուգումները ցույց էին տվել, որ վաճառվող մսի մեջ առկա են աղիքային ցուպիկի մանրէներ՝ մեզոֆիլ աէրոբներ, ինչը նպաստում է սիբիրախտի, տուլարեմիայի, խշխշան պալարի տարածմանը: Մինչ մեր երկրում էլ կպահպանվեն սննդի հետ կապված նորմերը. անցանկալի դեպքերից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս մսի թարմությունը որոշելու համար մատով սեղմել այն եւ եթե մսի վրա առաջացած փոսիկը շուտ վերականգնվի, ապա այն թարմ է, իսկ եթե չի վերականգնվում՝ հին է:

:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել