Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՂԲԱՆՈՑԻՑ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱԶԱՏՎԵԼ

Հուլիս 21,2011 00:00

Շենգավիթ վարչական շրջանը պարբերաբար մաքրում է եւ զգուշացումներ անում, սակայն Նորագավիթում աղբը ավելանում ու ավելանում է:

\"\" \"\"

Նորագավիթ թաղամասի գերեզմանատան հարեւանությամբ գտնվող անխնամ եւ անտերության մատնված հողատարածքը արդեն մի քանի տարի աղբանոցի է վերածվել: Այստեղ աղբ են թափում ոչ միայն տարածքի հարեւանությամբ ապրողները, այլեւ մոտակա գյուղի բնակիչները: Շուտով Նուբարաշենի աղբանոցից բացի, մեկն էլ է ավելանալու: Մարդիկ աղբը թափում են հատկապես երեկոյան կամ գիշերային ժամերին. պատճառն այն է, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարությունն արգելում է այդտեղ աղբ թափել: Կլոր տարին այստեղ աղբ կա, մասնավորապես՝ շինարարական աղբ, քանի որ աղբի այդ տեսակը թափելու համար ավելի մեծ գումարներ պետք է վճարեն: Տարածքում ապրող բնակիչները որքան էլ ափսոսում են, որ տարածքը վերածվել է աղբանոցի, քանի որ, նրանց ներկայացմամբ, այդ հատվածի հողերը բերրի են եւ կարելի է մշակել, այդուհանդերձ՝ նրանք էլ իրենց լուման ունեն աղբանոցի «կայացման» գործում: Բնակիչների ներկայացմամբ, աղբահավաք մեքենան միայն վերցնում է կենցաղային աղբը, ուստի շինաղբը մարդիկ ստիպված են լինում այդտեղ թափել, քանի որ չեն ուզում դրա համար էլ վճարել: Գերեզմանոցի հարեւանությամբ գտնվող աղբանոցը այնպիսի վայրում է, որ ուշադրություն չի գրավում, հեռվից երեւում են միայն շինարարական թափոնները, իսկ հարեւանությամբ գտնվող ճահիճները աղբանոցի հոտն ամբողջությամբ չեզոքացնում են:
Երբ Նորագավիթի բնակիչներից հետաքրքրվում էինք՝ ինչպես հասնել աղբանոց, նրանք մատնացույց անելով տեղը՝ զգուշացնում էին. «Հանկարծ այնտեղ աղբ չթափեք, արգելված է»: Այդ մասին էր վկայում նաեւ ճանապարհին գտնվող ցուցանակը, որի վրա գրված էր. աղբ թափողները կտուգանվեն 200-400 հազար դրամ: Չնայած սրան, տարածքում որեւէ հսկիչ չկար, որ «բռնացներ» թափողներին եւ պատժամիջոցը կիրառեր:
Ո՞ւմ է պատկանում այդ տարածքը եւ եթե դրամական տուգանքները կիրառվեն, ո՞ւր են գնալու այդ գումարները` «Առավոտի» հարցերին Շենգավիթ վարչական շրջանի կոմունալ բաժնից պատասխանեցին, որ իրենք էլ չգիտեն, թե ում է պատկանում տարածքը, անգամ տեղյակ չէին մեր նշած ցուցանակի մասին, միայն ասացին, որ նախատեսված է եղել, որ այդտեղից որեւէ տարածք հանձնվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ մարզումներ անցկացնելու նպատակով, սակայն դա դեռ տեղի չի ունեցել: Կոմունալ բաժնից նաեւ հայտնեցին, որ պարբերաբար մաքրում են այդ աղբանոցը, որպեսզի այն իսկական աղբանոցի չվերածվի, սակայն խնդիր ունեն շինարարական աղբը մաքրելու հետ, քանի որ առանց համապատասխան տեխնիկայի՝ չեն կարողանում այն հանել տարածքից:
Ինչպես վստահեցնում էին նորագավիթցիները, տուգանքի մասին ցուցանակն իսկապես նպաստել է, որպեսզի այստեղի աղբը պակասի, սակայն դրա փոխարեն մարդիկ այլ ելք են գտել. Նորագավիթի գերեզմանոցներին չհասած՝ նոր աղբանոց են բացել, որտեղ կրկին շինարարական աղբ է, սա Արտաշատ քաղաք գնացող ճանապարհին է եւ ավելի մեծ ուշադրություն է գրավում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել