Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր երեկվա նիստում «Հայկական էլեկտրացանցեր» ընկերության նկատմամբ տուգանքներ կիրառելու 6 որոշում է ընդունել՝ նոր բաժանորդներին էլեկտրական ցանցին միացնելու պայմանները խախտելու պատճառաբանությամբ: Բոլոր որոշումներով էլ սահմանված է 5-ական մլն դրամի տուգանք, հետեւաբար՝ ընդհանուր տուգանքի չափը կազմել է 30 մլն դրամ: Այս մասին տեղեկանում ենք news.am-ից: Հատկանշական է, որ բողոքների մեծ մասն ստացվել է մարզերի բնակիչներից եւ միայն մեկը՝ Երեւանից (Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական եւ Բագրեւանդի փողոցների միջանկյալ տարածքի անհատական բնակելի տների սեփականատերերից): Նիստի ժամանակ Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարել է, որ քաղաքացիներից բողոքներ են ստացվում այն մասին, որ «Հայկական էլեկտրացանցերը» տարբեր պատճառաբանություններով անուշադրության է թողնում համակարգին միացնելու դիմումները: