Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղեղատարի մեծ ծրագիր եւ գետնանցումների բարեկարգման մրցույթ

Հուլիս 21,2011 00:00

Երեկ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը շրջել է Կենտրոն վարչական շրջանում, ծանոթացել է Մաշտոցի պողոտա 2-4 եւ Լուսավորչի 17 շենքերի բակում կատարված աշխատանքներին: Ըստ քաղաքապետարանից ստացված հաղորդագրության՝ այս տարածքը բոլորովին վերջերս է համալրել Կենտրոն վարչական շրջանի օրինակելի բակերի շարքը: Բակի բարեկարգ տեսքը ամբողջացրել են վերջերս տեղադրված մանկական խաղերն ու մարզասարքերը: Բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել համատիրության աշխատանքներից, իսկ բարձրացված խնդիրներից առաջինը ոռոգման ջուրն էր, որի ուղղությամբ քաղաքապետը հանձնարարել է առաջիկայում լուծում գտնել: Հաջորդ խնդիրը հեղեղատարի հետ կապված թերությունն էր: Քաղաքապետը նշել է, որ այս մասով քաղաքում մեծ ծրագիր է իրականացվելու:
Երեւանի քաղաքապետը շրջել է նաեւ Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորիչ փողոցների գետնանցումի տարածքում: Քաղաքապետը նշել է, որ գետնանցումների բարեկարգման ծրագրով առաջիկայում կհայտարարվի մրցույթ, եւ հավանական ներդրողներին կներկայացվեն պայմանները, համաձայն որոնց՝ տարածքները կնորոգվեն ու կլուսավորվեն, կապահովվի սանիտարական պատշաճ վիճակը, նաեւ առեւտրային տաղավարներ կառաջարկվեն բիզնեսով զբաղվող քաղաքացիներին:
Յուրատեսակ հանգստի գոտու է վերածվել Հանրապետության 62 շենքի բակը, որը նաեւ տարիներ առաջ վարչական շրջանի լավագույն բակն է ճանաչվել: Այստեղ ոչ միայն լողավազան կա փոքրիկների համար, այլեւ՝ կարուսելներ: Վերջերս էլ քանդվել են բնակիչների կողմից նախկինում զբաղեցված բոստանային տարածքները, ուր տեղադրվել են նոր ու գեղեցիկ նստարաններ:
Կարեն Կարապետյանը գոհ է մնացել նաեւ Մաշտոցի 40 Ա շենքի բակում կատարված աշխատանքներից, ուր եւս բակի բնակիչների համար ստեղծվել են հանգստի բոլոր հնարավորությունները: Շրջայցից հետո վարչական շրջանի աշխատակազմի հետ աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետը ներկաների ուշադրությունն է հրավիրել ժամկետանց եւ ապօրինի կրպակների ապամոնտաժման գործընթացը արագացնելու խնդրին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել