Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՈՒՅՍՈՎ, ՈՐ ԲԱՑԱՍԱԿԱՆԸ ԿՇՏԿՎԻ»

Հուլիս 21,2011 00:00

\"\"Բաց նամակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին

Դիմում եմ Ձեզ բաց նամակի միջոցով՝ չթաքցնելով ոչ ով լինելս, ոչ նամակիս բովանդակությունը, քանի որ հիասթափությունս կատարվածի հանդեպ սահման չունի, եւ պետության գլխում կանգնած պաշտոնյա անձանց շարքում, ես, որպես ՀՀ քաղաքացի, հարկ համարեցի դիմելու Ձեզ՝ ակնկալելով Ձեր փոխըմբռնումն ու իրավիճակը շտկելու աջակցությունը:
2000 թվականին ավարտել եմ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի երաժշտական ռեժիսուրայի բաժինը՝ ստանալով երաժշտական ռեժիսորի որակավորում: Սակայն մեր կուրսը կազմող 5 հոգուց ներկայումս 3-ը ԱՄՆ-ում են բնակվում, 1-ը՝ ՌԴ-ում, եւ միայն ես եմ, ով արդեն հոգնել է թակել Օպերային թատրոնի դռները՝ չստանալով թատրոնի ղեկավարությունից հնարավորություն՝ գործելու մասնագիտական բնագավառում (չնայած նրան, որ երաժշտական ռեժիսորների կարիքը ակնհայտ է, եւ ահռելի պետական գումարներ են ծախսվում արտասահմանից մասնագետներ հրավիրելու համար), քանի որ թատրոնում աշխատանքի են ընդունվում միայն ղեկավարության բարեկամներն ու բարեխոսված անձինք, որոնք ոչ մի կապ չունեն օպերային արվեստի հետ:
Այսպիսով կարող եմ եզրակացնել, որ մեր կուրսի ուսուցման համար պետ. բյուջեից հատկացված գումարները անօգուտ եղան պետության համար, այն ժամանակ, երբ պետությանը ծառայելու պատրաստակամությունը մեծ է, բայց չի ռեալիզացվում մի շարք անձանց պատճառով:
Աշխատելով տարբեր բնագավառներում՝ այս տարիների ընթացքում, միեւնույն է, պահպանել եմ կապը ինձ հարազատ արվեստի հետ՝ իրականացրել եմ տարբեր մեծ ու փոքր բեմադրություններ, ընկերական համախոհների միասնությամբ նկարահանել եմ փոքրիկ ֆիլմեր, մասնակցել փառատոների ու գնահատվել, ստեղծագործել գրականության եւ երաժշտության բնագավառում:
Հանձնել եմ համապատասխան քննություններ եւ դարձել ՀՀ քաղաքացիական ծառայող՝ հավատալով համակարգի կայունությանը, ընդունվել ՀՀ մշակույթի նախարարություն՝ հուսալով իմ ներդրումն ու ծառայությունը արվեստին մատուցել պետական մարմնի միջոցով: Հույս ունեի, որ կգնահատվեմ որպես մասնագետ այն պետական մարմնում, որտեղ նրա անվանմանը համապատասխան դիպլոմավորված աշխատակիցների քանակը փոքրամասնություն է կազմում կրկին բարեկամների շարքի համեմատությամբ:
Ծանոթությունն ու բարեխոսությունը մեր պետության համար, ցավոք սրտի, դարձել են հիմնական միջոց, բայց այնքան են անցել սահմանները, որ մարդ իր էությամբ ընդհանրապես դադարել է գնահատվել:
Երեք տարի աշխատելով ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմում որպես առաջին կարգի մասնագետ՝ քաղ- ծառայության կարգին համապատասխան, երկու անգամ առաջատար մասնագետի քննություն հանձնեցի՝ հանձնաժողովի կողմից ստանալով բարձր գնահատականներ, բայց չնշանակվեցի ոչ առաջին, որ երկրորդ պաշտոնին՝ նորից նախապես պլանավորված անձանց ընդունելության պատճառով:
Այդ դեպքում էլ ես լռեցի, հարգելի պարոն Սարգսյան, մինչեւ անօրինականությունը չհասավ նրան, որ Ձեր որոշման համաձայն՝ կրճատումների ընթացքում, շրջանցելով կրճատումների դրված կարգը, ինձ նորից անօրեն ազատեցին զբաղեցրած պաշտոնից, քանի որ միայն ես, ուրիշների համեմատ, չունեի անհրաժեշտ ազդեցիկ բարեխոսը, իսկ կրճատումը որոշումն իրականացնելու համար անհրաժեշտ էր: Միայն իմ հաստիքը ողջ նախարարության աշխատակազմից կրճատեցին՝ խոստանալով մոտակա ժամանակում վերադարձնել աշխատանքի պայմանագրային հիմունքներով, սակայն այդ խոստումն էլ չիրականացվեց: Կես տարի հաշվառվելով քաղծառայության կարճաժամկետ ռեզերվում (որից շնորհակալ եմ, քանի որ այդ ժամանակահատվածում օրենքի շրջանակներում վարձատրվում էի), սպասելով նախարարության հետկանչին՝ ես եկա նրան, որ ռեզերվի ժամկետը լրացավ, եւ քաղծառայության օգնությամբ ես նշանակվեցի ժամանակավոր թափուր պաշտոնի՝ լրիվ ուրիշ բնագավառում: Սակայն զբաղեցրածս պաշտոնի ժամկետը լրանալուց հետո ես նորից կհայտնվեմ անորոշության մեջ՝ ինչպես աշխատանք հայթայթել եւ օգտակար լինել հարազատ պետությանը:
Դիմում եմ Ձեր աջակցությանը, հարգելի պարոն վարչապետ, հուսալով, որ Ձեր միջամտությամբ գործող կարգի բացասական կողմերը կշտկվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել