«Առավոտի» տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրի (Խկի) պետ, գնդապետ Էդիկ Գալստյանը: Ոստիկանապետը հանձնարարել է ոստիկանության ներքին անվտանգության վարչությանը, որպեսզի ծառայողական քննություն անցկացնեն Էդիկ Գալստյանի նկատմամբ: ՀՀ ոստիկանապետի կարգադրությամբ ծառայողական քննություն է նշանակվել նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչների նկատմամբ: Պատճառը եղել է այն, որ քննչական բաժին բերման ենթարկված մի քանի մարմնավաճառների հետ քննիչները կազմակերպել են կերուխում: Այդ մասին տեղեկացվել է Շենգավիթի ոստիկանության պետ Վահան Մամիկոնյանին, որն էլ տեղի ունեցածի մասին զեկուցագիր է գրել ՀՀ ոստիկանապետին: Մեր տեղեկություններով, կերուխումի ժամանակ մարմնավաճառներից մեկը նույնիսկ սրտխառնոց է ունեցել: