Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահը խոսեց արտագաղթի մասին

Հուլիս 21,2011 00:00

«Հայաստանը դատարկվելու մասին անհեթեթ թեզն այնքան է ծեծվել մեր քաղաքական դաշտում, որ ակամա դարձել է նաեւ Ադրբեջանի իշխանությունների հիմնական «իդեաֆիքսը», եւ վերջիններն էլ անընդհատ հրապարակավ հայտարարում են, թե կսպասեն այդ օրվան, այսինքն՝ Հայաստանը դատարկվելու օրվան եւ իրենց խնդիրները մեզ հետ կլուծեն»,- երեկ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա երեկ հրավիրել էր խորհրդակցություն՝ նվիրված միգրացիոն քաղաքականությանը, որտեղ քննարկվել են միգրացիոն հոսքերի հետ կապված առկա միտումներն ու կառավարության քաղաքականությունն այդ բնագավառում: «Անշո՜ւշտ, իհարկե, հետաքրքիր թեզ է, մի քիչ ժպիտ առաջացնող, բայց, այնուհանդերձ, իրոք, հետաքրքիր: Ավելին, վերջին ամիսների աժիոտաժի ֆոնին ադրբեջանցիները նաեւ եզրակացության են եկել, թե իբր ես ներքին ընդդիմության հետ բանավեճի պատճառով է, որ ուշադրություն շեղելու համար զբաղվում եմ բանակի ուժեղացման խնդիրներով,- շարունակել է Սերժ Սարգսյանը,- Կարող եմ միայն ասել, որ ազատ արտահայտվող ու երկրի զարգացման խնդիրների շուրջ մտահոգություններ հնչեցնող եւ սուր քննադատող ընդդիմությունը մեր երկրի ու մեր ժողովրդավարության ձեռքբերումն է, որը բոլորին չէ, որ տրված է: Չնայած, չեմ սիրում խոսել ֆանտաստիկ երեւույթների մասին, բայց պիտի նշեմ, որ եթե երբեւէ Ադրբեջանում թույլ տան նորմալ ընդդիմության գոյություն կամ, գոնե, մարդկանց թույլատրեն ազատ արտահայտել իրենց կարծիքները, ապա միեւնույնն է՝ չեմ կարծում, թե մենք կկառուցեինք մեր ռազմավարությունը ադրբեջանական ընդդիմության թեզերով: Ընդդիմության հետ աշխատանքի փորձ ունեցող իշխանությունը միայն կհասկանա սա»:
Խորհրդակցության մասնակիցներին ուղղված իր խոսքում Սերժ Սարգսյանը նախ ուշադրություն է հրավիրել ոլորտի խնդիրների հանրային ներկայացման կարեւորության վրա. «Եթե մենք պատշաճ ուշադրություն չենք դարձնում թվերի ու միտումների պարբերական հրապարակային մեկնաբանությանը, ապա կիսատ-պռատ եզրակացությունների ու մակերեսային վերլուծությունների միջոցով բավականին ակտիվ շահարկումներն ուղղակի անխուսափելի են դառնում»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը՝ իբրեւ թարմ օրինակ նշելով, որ «հունվար-ապրիլ ամիսների ուղեւորափոխադրման ցուցանիշների հրապարակումից հետո «Հայաստանը չորս ամսում լքել է 45 հազար մարդ» արտահայտությունն ուղղակի դարձավ առանձին շրջանակների լոզունգը, որը սեւ գույներով լիուլի շահարկվեց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել