Լրահոս
Օրվա լրահոսը

«ՓԱՅԼՈՒՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ԿԱՏԱՐԵԼ»

Հուլիս 21,2011 00:00

ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Աքսել Ֆիշերը դրական զարգացումներ է արձանագրել «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների, իշխանության եւ ՀԱԿ-ի միջեւ ծավալված երկխոսության ու համաներման գործընթացներում:

\"\"

Թեեւ ԵԽԽՎ համազեկուցողները պատրաստվում են հոկտեմբերին լիագումար նիստում զեկույց ներկայացնել Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի մասին՝ այս անգամ Երեւան փաստահավաք այցի օրակարգում ընդգրկված չէին հանդիպումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ իրավապաշտպանների ու լրագրողական կազմակերպությունների հետ: Այցի վերաբերյալ ԵԽ մամուլի ծառայության նախապես տարածած հաղորդագրության համաձայն՝ նրանց խնդիրը քաղաքական միջավայրի բարելավմանն ուղղված վերջին զարգացումները, ինչպես նաեւ իշխանությունների նախաձեռնած բարեփոխումների ընթացքը, մասնավորապես ընտրական բարեփոխումները քննարկելն էր: Եվ գուցե կարելի էր ենթադրել, թե այս թեմաներով էր պայմանավորված զրուցակիցների ընտրությունը: Սակայն երեկ ԵԽԽՎ պատվիրակությունը վերոնշյալ թեմաների շրջանակից դուրս հանդիպում ունեցավ Հատուկ քննչական ծառայության պետի եւ «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավարի հետ, սակայն արդեն նախապես մերժել էին հանդիպել մյուս կողմի՝ 2008-ի մարտի 1-ին զոհվածների հարազատների հետ՝ զբաղվածության պատճառաբանությամբ:
Բայց մեկօրյա այցի ընթացքում հանդիպել էին նաեւ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ: «Սիվիլիթաս» հիմնադրամից «Առավոտին» փոխանցեցին, որ խոսել են ներկա քաղաքական իրավիճակի, հնարավոր զարգացումների եւ առաջիկա ընտրությունների մասին:
Նշենք, որ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը չկարողացավ գալ Հայաստան, քանի որ, ինչպես կոալիցիայի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել էր մյուս համազեկուցողը՝ Աքսել Ֆիշերը, այն գնացքը, որը պետք է պրն Պրեսկոտին հասցներ օդանավակայան՝ տեխնիկական խնդիրներ էր ունեցել, ինչի պատճառով համազեկուցողն ուշացել էր իր չվերթից։
Կոալիցիայի հետ հանդիպմանը մասնակցած ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը մեր խնդրանքով փոխանցելով Աքսել Ֆիշերի արձագանքները՝ պատմեց, որ երբ Դավիթ Հարությունյանը ներկայացրել է «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունները՝ «Պարզվեց, որ ինքն էլ մոտավորապես գիտեր, տեղյակ էր եւ բառացի ասաց, թե փայլուն աշխատանք է կատարված, որն իրենք ողջունում են»: Այս մասին հիշատակում կա նաեւ ԱԺ հաղորդագրության մեջ. «Պրն Ֆիշերը բանախոսին շնորհակալություն հայտնեց «Ընտրական օրենսգրքի» վրա կատարված գերազանց աշխատանքի համար եւ հույս հայտնեց, որ առաջիկա ընտրություններում կպահպանվի նոր օրենսգրքի թե՛ տառը եւ թե՛ ոգին»:
Մկրտիչ Մինասյանը պատմեց նաեւ, որ հանդիպման ընթացքում անդրադարձել են կոալիցիայի եւ ՀԱԿ-ի միջեւ սկսված երկխոսությանը. «Համազեկուցողը գնահատեց, որ դա հայոց քաղաքական կյանքում իսկապես նորություն է եւ ողջունելի նորություն է»:
ՀՅԴ խմբակցության անդամներ Արտյուշ Շահբազյանի եւ Հրայր Կարապետյանը հանդիպման ընթացքում նույնպես ողջունելի են համարել այդ երկխոսությունը՝ որպես ներքաղաքական լարվածությունը թուլացնելու միջոց: Սակայն, ըստ ԱԺ հաղորդագրության, նաեւ նշել են, թե իրենց համար պարզ չէ երկխոսության թեման. «Արմատական ընդդիմության կողմից առաջ քաշվող արտահերթ ընտրությունները, ըստ պատգամավորների, իրենց հետ անկայունություն կբերեն»: «Առավոտի» հարցին, թե ինչպե՞ս է իրենց արծարծած հարցերին արձագանքել Աքսել Ֆիշերը՝ Հրայր Կարապետյանը պատասխանեց. «Ինքը միայն տեսակետներն էր լսում ու գրանցում: Շատ կարճ էր հանդիպումը»:
«Ժառանգության» հետ կես ժամից քիչ ավելի տեւած հանդիպման ժամանակ էլ ԵԽԽՎ համազեկուցողը միայն լսողի դերում է եղել: Խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը մեզ փոխանցեց. «Ուշադիր լսելով մեր բոլոր հարցադրումները՝ պրն Ֆիշերն, իմ կարծիքով, ուղղակի բարեհամբույր պատասխան տվեց: Մենք պնդում էինք, որ մեր բոլոր արծարծած հարցերը չեն կրում ուղղակի հռետորական բնույթ եւ պահանջում են լուծումներ ու պատասխաններ: Եվ նա ուղղակի շնորհակալություն հայտնեց, որ մենք տրամադրեցինք ժամանակ ու հայտնեցինք մեր անհանգստությունները: Ես կարծում եմ՝ զուտ բարեհամբույր լինելու համար ասաց, թե մենք անշուշտ դրանց կանդրադառնանք: Որեւէ այլ արձագանք, ըստ էության, չի եղել»:
Մինչդեռ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ, դատելով պաշտոնական հաղորդագրությունից, նա ընդամենը շնորհակալություն չէ, որ հայտնել է. «Աքսել Ֆիշերը գոհունակությամբ փաստեց Հայաստանում ընթացող դրական բարեփոխումները, կարեւորեց նոր «Ընտրական օրենսգրքի» ընդունումը, որը համապատասխանում է եվրոպական չափանիշներին, եւ անհրաժեշտ համարեց ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը, քաղաքական ուժերի եւ թեկնածուների համար հավասար պայմանների ապահովումը: Նա բարձր գնահատեց Հայաստանի Ազգային ժողովի դերը երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացում եւ երկրում քաղաքական մթնոլորտի առողջացման գործում: Նա գոհունակությամբ փաստեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության լավ եւ արդյունավետ աշխատանքը»:
Ընդհանրապես՝ բավական հետաքրքիր զուգահեռներ կարելի է տանել՝ համեմատելով Ֆիշերի հանդիպումների վերաբերյալ հաղորդագրությունները: Ասենք, ՀՀ հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն, երբ քննարկել են 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցածի կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքներին վերաբերող հարցեր. «Հյուրերը դրական են գնահատել քննության թափանցիկությունը՝ կարեւորելով քննության արդյունքների նկատմամբ վստահության մթնոլորտի ձեւավորումը, ինչին մեծապես կնպաստի հատկապես 10 անձանց մահվան դեպքերի բացահայտումը»: ՀԱԿ-ի գործիչների հետ հանդիպման վերաբերյալ Կոնգրեսի տարածած հաղորդագրության համաձայն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել համազեկուցողներին «Մարտի 1-ի ոճրագործության բացահայտմանն ուղղված նրանց ջանքերի համար եւ կարեւորեց միջազգային հանրության հետեւողական ուշադրությունը՝ սպանությունների բացահայտման հարցում»: Համազեկուցողների արդյունավետ ներգրավվածությունից հանդիպման ընթացքում գոհունակություն է հայտնել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Մինչդեռ հիշեցնենք, որ ե՛ւ իշխանական, ե՛ւ ՀԱԿ-ին համակիր մամուլը տարբեր առիթներով բացասական որակումներ չեն խնայել ԵԽԽՎ-ի եւ Հայաստանի մասին նրանց գնահատականների կապակցությամբ:
Իսկ այս զրույցի ընթացքում Կոնգրեսի ներկայացուցիչները, ըստ ՀԱԿ-ի հաղորդագրության. «Բարձրացրեցին նաեւ միջազգային դիտորդական առաքելության՝ ընտրությունների դիտարկման ներկա ձեւերի անարդյունավետությունը եւ 2000 հոգանոց առաքելության ուղարկման, ինչպես նաեւ մոնիթորինգի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը: Կարեւորվեց նաեւ Հայաստանում հեռուստաեթերի նկատմամբ իշխանության տոտալ վերահսկողության բացառման եւ հեռուստատեսության անկախության ապահովման անհրաժեշտությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել