Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ ՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ

Հուլիս 21,2011 00:00

Ըստ այդմ՝ Կապանում ռուսալեզու գիմնազիա չի՞ բացվի

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատասխանել է «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանի հուլիսի 1-ի պատգամավորական հարցմանը Կապանում ռուսերեն ուսուցմամբ հանրակրթական գիմնազիա ստեղծելու մասին, որի առնչությամբ «համագործակցության վերաբերյալ նկատառումների արձանագրություն» էր ստորագրվել Հայաստանում ՌԴ դեսպանի ու Սյունիքի մարզպետարանի միջեւ: Անահիտ Բախշյանը հիշեցրել էր, որ «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ նման ուսումնական հաստատություն կարող է ստեղծվել բացառապես կառավարության որոշմամբ, կամ «օտար լեզվով կրթական ծրագրեր կարող են իրականացվել միայն ոչ պետական ուսումնական հաստատություններում, ինչպես նաեւ՝ միջպետական, միջկառավարական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատություններում»: Նախարարի պատասխանում ասված է, որ «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ միջազգային պայմանագիրը կարող է կնքվել ՀՀ նախարարության, ՀՀ Կենտրոնական բանկի, գլխավոր դատախազության, ինչպես նաեւ կառավարությանը ենթակա պետական կառավարման այլ մարմնի անունից, որին օրենքով միջգերատեսչական կնքելու իրավասություն է տրված. «ՀՀ օրենքներով մարզպետարանին նման պայմանագիր կնքելու լիազորություն վերապահված չէ: Նշված պայմանագիրը որեւէ պարագայում չի կարող հանդիսանալ միջազգային պայմանագիր եւ Հայաստանի Հանրապետության համար չի կարող առաջացնել միջազգային պարտավորություններ, քանի որ մարզպետարանը ՀՀ միջազգային պայմանագրի սուբյեկտ չէ: Միաժամանակ, պայմանագրի առարկան դուրս է մարզպետարանի իրավասության շրջանակից»: Նամակում նաեւ ասված է. «Կապանի թիվ 13 դպրոցի մասնաշենքերից մեկում ռուսերեն լեզվով ուսուցմամբ հանրակրթական գիմնազիա ստեղծելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծ չի ներկայացվել ու չի քննարկվել։ Հիմք ընդունելով վերը նշվածը՝ ստորագրված փաստաթուղթը «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» օրենքի համաձայն չի հանդիսանում միջազգային պայմանագիր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել