Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը պետք է համակերպվի

Հուլիս 21,2011 00:00

Հարցազրույց Վազգեն Մանուկյանի հետ

Սկիզբը՝ նախորդ համարում
– Ղարաբաղի հարցի շուրջ ժամանակ առ ժամանակ լարվածություն է մտնում, հետո կրքերը հանդարտվում են, հետո՝ նորից հայտարարություններ, հանդիպումներ եւ լարվածություն, ըստ Ձեզ՝ ի՞նչ փուլում ենք այժմ:
– Նախ, 88-ից սկսած՝ տարբեր քաղաքական ուժեր փորձել են դիվիդենդներ շահել այդ հարցը շահարկելով։ Օրինակ, Խորհրդային Միության խորհրդարանում մերձբալթյան երկրների պատգամավորների կողմից մի միություն էր ստեղծվել՝ դեմոկրատների միությունը, որոնք հայտարարեցին, թե Ղարաբաղի հարցը կարող են լուծել: Եթե իրենք կարողանային կոմպրոմիսային լուծում գտնել, որը երկու կողմին էլ կբավարարեր, ապա դա իրենց մեծ քաղաքական կշիռ կտար:
Հետո 90-ականների սկզբին Ելցին-Նազարբաեւ հանդիպում եղավ, ես էլ, որպես վարչապետ, մասնակցել եմ, այդ հանդիպման նպատակը եւս դիվիդենդներ շահելն է, եւ դա անընդհատ լինելու է: Իրականում Ղարաբաղի հարցում թաքնված մի մեխ կա, որը վերջին տարիների ընթացքում ոչ մի փոփոխության չի ենթարկվել՝ դա կարգավիճակի հարցն է: Վերջիվերջո, Ղարաբաղի հարցը Ղարաբաղի անկախության հարցն է, Ղարաբաղը Ադրբեջանից դուրս գտնվելու հարցն է: Ղարաբաղը 88-ից ի վեր անկախ է, այն սերունդը, որն այժմ ապրում է Ղարաբաղում, չի էլ հիշում հին կարգավիճակը, իրենք անկախ պետության մեջ են ապրում, եւ համաշխարհային պրակտիկայում չկա դեպք, որ ինչ-որ մեկի գրչի հարվածով, ստորագրությամբ անկախ պետությունը, պատերազմ հաղթած պետությունը մեկ էլ պատկանի ուրիշ պետության: Այդպիսի բան չի կարող լինել:
Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմի մեջ չի լինի: Կամ միայն մի ձեւ կա՝ պատերազմով փորձի վերցնել, որը նույնպես անհնարին է, եւ պատահական չէ, որ Ալիեւը ժամանակ առ ժամանակ դրա մասին խոսում է:
Ադրբեջանը պետք է համակերպվի այն մտքին եւ իրողությանը, որ Ղարաբաղը իր կազմի մեջ չի եւ չի կարող լինել: Հենց համակերպվեց, արդեն բոլոր մյուս հարցերը՝ տարածքների հարցը, փախստականների հարցը, մնացած բոլոր հարցերը 15 րոպեում լուծվելիք հարցեր են: Այդտեղ մենք կոմպրոմիսի տարբերակ չունենք, այդտեղ չկա կոմպրոմիս, եւ Ադրբեջանն էլ այդ մտքի հետ չի համակերպվում:
Այս տարիներին ես հանդիպումներ եմ ունենում տարբեր միջազգային կառույցների ղեկավարների, արտասահմանյան դիվանագետների հետ, եւ, անկախ նրանից, թե իրենք ինչ են ասում բեմերից եւ հայտարարություններում, շատ լավ գիտեն եւ հասկանում են, որ գրչի հարվածով, թուղթ ստորագրելով չի կարող Ղարաբաղը մտնել Ադրբեջանի կազմի մեջ, որովհետեւ փոխվել է բոլորի գիտակցությունը՝ որ այդպիսի բան չի կարող: Եվ լուծումները փնտրվում են ուրիշ դաշտում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել