Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՄԵՋ Է, ՈՉ ԹԵ ԻՐԵՆՑ»

Հուլիս 21,2011 00:00

\"\"Տիգրան Խզմալյանը հյուրանոցային հանդիպումներին լուրջ չի վերաբերվում

«Գործընկերներիցս մեկը նկարագրելով այս իրավիճակը՝ օգտագործեց կարճ եւ շատ պատկերավոր խոսք՝ ցուցք: Դա տարածված շոու բառի հայերեն հոմանիշն է»,- արձագանքելով «Առավոտի» հարցին՝ Հայաստանում  հետագա քաղաքական զարգացումներն ի՞նչ ընթացք կստանան այն բանից հետո, երբ իշխանությունն ու ՀԱԿ-ը որոշեցին, այնուհանդերձ, նստել մեկ սեղանի շուրջ, թեկուզ դեռեւս առանց օրակարգի, ասաց «Սարդարապատ» նախաձեռնության անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: «Առավոտի» զրուցակիցը չի չարախնդում: «Ամենայն ցավով» արձանագրում է. «Դա (իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը- Ն. Գ.) ՀՀ-ի, Արցախի, Ջավախքի, ինչպես նաեւ Սփյուռքի հայության իրական կյանքին չի առնչվում: Մարդիկ գոյատեւում են իրենց հանապազօրյա հոգսերով, իրենք էլ երկխոսում են: Դա չի ներկայացնում ոչ հասարակությանը, ոչ ժողովրդին, ոչ էլ իրական ընդդիմությանը»: Տիգրան Խզմալյանը մեծ վերապահումներով է ՀԱԿ-ին ընդդիմություն համարում, քանի որ կարծում է, որ ժամանակի ընթացքում «ընդդիմություն» բառը Հայաստանում փոխել է իր իմաստը. «Ընդդիմությունը հիմա ժողովուրդն է, քանակական առումով՝ Հայաստանի բնակչության մոտ 98 տոկոսը: Հավաքարարներից մինչեւ ուսուցիչներ, ոստիկաններ, անգամ որոշ պաշտոնյաներ՝ բոլորը հասկանում են, որ մենք ապրում ենք մի խայտառակ եւ սարսափելի իրողության մեջ, եւ այն ելքերը, որ փորձում են առաջարկել իշխանություն կամ ընդդիմություն կոչվածները, որեւէ հույս, հավատ չեն ներշնչում, որովհետեւ դրանք մեր իրական կյանքը եւ մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերները չեն արտացոլում: Այնպես որ, ես ոչ հետաքրքրվում եմ, ոչ էլ սպասելիքներ ունեմ այն ամենից, ինչ կատարվում է հյուրանոցներում: Մանավանդ, որ հյուրանոցներում լուրջ բաներ չեն կարող կատարվել. միայն հյուրեր են ընդունում կամ անհավատարիմ ամուսիններն են սիրուհիներին տեսակցություն նշանակում»: «Առավոտի» դիտարկմանը՝ տվյալ պարագայում սիրուհու դերակատարությունը ՀԱԿ-ի՞ն եք վերագրում, Խզմալյանն արձագանքեց. «Չեմ ուզում յուղ ավելացնել սոցիալական ցանցերում ծավալվող քննարկումներին՝ «հարսանիք», «մի բարձի ծերանաք», «կարմիր խնձոր» եւ այլն: Ուրախանալու բան այս ամենում չկա, ծիծաղելի բան էլ չկա, եւ ինչպես բանաստեղծն է ասել՝ «Ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ»:
Եթե իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը դիտարկենք բացառապես այն տեսանկյունից, որ երկու ուժերն էլ սեփական շահից ելնելով են քայլեր անում, այդ դեպքում ինչո՞ւ չեն ձեւավորվում կամ ակտիվանում այն ուժերը, որոնք կոչված են լրացնելու հասարակության հետ խորացող վակուումը: Տիգրան Խզմալյանը հակադարձեց՝ բերելով արաբական երկրների օրինակը, թե ինչպես էին գարնան սկզբից տեղի ունեցող հեղափոխություններում «ժայթքում զանգվածներ», ինչպես էր ժողովրդական ցասումը դուրս թափվում հրապարակներ եւ փողոցներ եւ ոչ թե մտնում էր հյուրանոցներ: Այս օրինակներից ելնելով՝ մեր զրուցակիցը նկատում է. «Պետք չէ փնտրել ուժեր, կուսակցություններ, առաջնորդներ. ոչ Եգիպտոսում, ոչ Թունիսում, ոչ Լիբիայում չկային «ուժեր», «առաջնորդներ», «լիդերներ», ոչ էլ կուսակցություններ: Անգամ աննշան թվացող առիթով մարդիկ ուղղակի դուրս էին գալիս փողոց եւ հայտարարում, որ այլեւս այդպես չեն ցանկանում ապրել եւ այլեւս չեն հանդուրժում այն խայտառակությունը, որը ստիպված են եղել հանդուրժել տասնամյակներով: Ուժերը մենք ենք, բոլորս: Դա քաղաքացիական հասարակությունն է: Դա այն խոսակցությունն է, որը մենք վարում ենք: Ոչ ոք այսօր լուրջ չի վերաբերվում այդ երկխոսություն կոչվածին, որովհետեւ դա վաղուց է խեղկատակության վերածվել, եւ իրեն շատ թե քիչ բանական համարող մարդը դրա հետ լուրջ հույսեր չի կապում: Մարդիկ այսօր չեն հարցնում՝ ի՞նչ է լինելու: Հարցնում են՝ ի՞նչ ենք անելու: Եթե մենք շարունակում ենք սպասել ու երազել՝ թե երբ է գալու սպիտակ ձիով արքայազնը, նմանվում ենք 15-ամյա կույս օրիորդին, ով միայն հեքիաթներ է կարդացել: Արքայազնը չի գալու: Արքայազնը մեր մեջ է, դա մեր բնազդն է, արժանապատվությունն է: Եթե դա բացակայում է մեր մեջ, ապա որպես ազգ մենք կվերանանք վերջին տասնամյակների ընթացքում կատարված դեգրադացիայի, դեգեներացիայի, ապապետականացման արդյունքում»: Բայց քանի որ մեր զրուցակիցը համոզված է, որ մեզանում դեռ կան բավականաչափ արժանապատվություն ունեցող անձինք, ովքեր չեն ուզում, որ հայ ազգն անհետանա, նա հարցն այսպես է դնում. «Ե՞րբ են այդ ուժերը հանդես գալու, եւ ինչո՞ւ առ այսօր չի հասունացել պահը»: Իր հարցի պատասխանն էլ հետեւյալն է. «Դիմադրության շարժումը ամեն օր, ամեն պահ՝ սոցիալական ցանցերում, փողոցում, հրապարակներում, խոհանոցներում, բլթբլթում է: Ես գիտակցաբար եւ սկզբունքորեն ժամկետներ չեմ նշի, բայց բավական է մեր վերջին տասնամյակների պատմությունը վերլուծել՝ անգամ ժամկետները հասկանալի կլինեն: Երկխոսությունը մեր մեջ է, ոչ թե իրենց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել