Իսկական կայսերական մայրաքաղաք՝ ահա առաջին միտքը, որ եկավ գլուխս, երբ «չափչփում էի» Վիեննայի փողոցները: Հուլիսի 16-17-ին «Ավստրիական ավիաուղիների» հրավերով հայաստանցի մի խումբ լրագրողներ երկօրյա այցով Ավստրիայի մայրաքաղաքում էինք՝ ավիաընկերությանը եւ Վիեննային ծանոթանալու նպատակով:
Ի տարբերություն եվրոպական այլ մայրաքաղաքների՝ Ստոկհոլմի, Վարշավայի, Պրահայի, Կոպենհագենի, էլ չեմ խոսում՝ Բեռնի, Դուբրովնիկի եւ Վալլետայի մասին, Վիեննայում անմիջապես «քթիս խփեց» կայսերական, ինչ-որ յուրահատուկ մեծապաշտական, մոնումենտալիզմի հոտը: Շքեղ եւ լայնածավալ շենքերը ոչ թե հատուկենտ են, որ յուրահատուկ ուշադրություն գրավեն, այլ ճիշտ հակառակը՝ դրանք գերիշխող են Վիեննայում, եւ այդ պատճառով այս քաղաքում հենց փոքրիկ շինությունները կարող են աչք ծակել՝ եթե, իհարկե, հանդիպես նման բան: Քաղաքի կենտրոնական մասում ամենուր հին շինություններ են, որոնցից ամենաերիտասարդը 19-րդ դարի վերջին է պատկանում: Եվ այդ բոլոր շենքերը պահպանվում եւ նորոգվում են ամենայն խնամքով եւ անընդհատ: Որովհետեւ Վիեննան Վիեննա է հենց այդ հին շենքերի շնորհիվ: Այստեղ, ինչպես, ի դեպ, եվրոպական գրեթե բոլոր քաղաքներում, ամեն ինչ արվում է սեփական պատմությունը գնահատելու, նույնիսկ կասեի՝ փայփայելու գնով: Եվ այդ միջավայրում ծնված ու ապրող մարդիկ իրենց մեջ կրում են իրենց պատմության դասերը: Եվ նույնիսկ այլազգիները, որոնք հազարներով բնակություն են հաստատել Վիեննայում, սկսում են դառնալ այդ մշակույթի կրողը:
Քաղաքի այն հատվածներում, որտեղ ասֆալտբետոնը ինչ-ինչ պատճառներով թույլ չի տվել ծառ տնկել՝ հսկա ծաղկամաններ են դրված, որոնց մեջ ամենասովորական թխկիներ են:
Հուլիսի սկզբից մինչեւ սեպտեմբերի սկիզբը Վիեննայում կայանում է երաժշտական ֆիլմերի բաց փառատոնը, որի ժամանակ բացօթյա միջավայրում՝ Վիեննայի քաղաքապետարանի՝ Rathaus-ի շենքի վրա փակցված հսկայական էկրանին ամեն երեկո ցուցադրվում են երաժշտական ֆիլմեր՝ օպերետներ, համերգային տեսագրություններ, օպերաներ… Իսկ Rathaus-ի դիմացի հրապարակում տեղակայվում են բազմատեսակ ազգային խոհանոցներ ներկայացնող ռեստորանների բացօթյա մասնաճյուղերը, որոնցից տարածվող զգլխիչ բույրերը անտարբեր չեն թողնում ինչպես վիեննացիներին, այնպես էլ քաղաքի անթիվ հյուրերին: Մարդիկ մոտենում են իրենց նախընտրած երկրի խոհանոցին՝ մեքսիկական, իսպանական, չինական, ճապոնական, հունական, ավստրիական եւ այլն, ուտելիք եւ խմիչք գնում, համտեսելուց հետո նստում էկրանի առջեւ տեղադրված նստարաններին եւ վայելում հիասքանչ համերգը՝ աստղերի լույսի ներքո… Չափազանց ռոմանտիկ է:
Կարդացեք նաև
Կարելի է նաեւ՝ պառկել… Վիեննայի կենտրոնում բազմաթիվ վայրերում նստարանների փոխարեն տեղադրված են այսպիսի «պառկարաններ», որտեղ մարդիկ ազատ եւ անբռնազբոս պառկում են՝ կարդում, նայում երկնքին, երազում եւ երաժշտություն լսում…
Պատմությունն ու ներկան քայլում են համընթաց ողջ Վիեննայում, տվյալ դեպքում՝ բառացիորեն՝ կառքն ու ավտոբուսը:
Տրամվայները, որոնցից այնքան անխղճորեն ազատվեցին Երեւանում, եվրոպական քաղաքների անբաժան մասն են կազմում: Այս կարմիր տրամվայը ինձ հիշեցրեց մանկությունս, երբ ամեն
առավոտ 5 համարի տրամվայով դպրոց էի գնում:
Այստեղ էլ են հատվում անցյալն ու ներկան՝ հանձին 18-19-րդ դարի շենքերի եւ 21-րդ դարի արձանների:
Քաղաքի հպարտությունը եւ խորհրդանիշը հանդիսացող «Ստեֆանսդոմը»՝ Սուրբ Ստեֆանի տաճարը վերանորոգվում էր: Սակայն տաճարը, չէր փակվել այցելուների առջեւ եւ չէր ծածկվել կապույտ ցելոֆանով կամ պարսպով: Նորոգվող հատվածը ծածկված էր անջրանցիկ կտորով, որի վրա պատկերված էր եկեղեցու հենց այն հատվածը, որը նորոգվում էր: Այդպիսով՝ այցելուն կարող է գոնե այդպես ծանոթանալ տաճարի տեսքին:
Հուլիսի 5-ին Գերմանիայում մահացել էր Ավստրոհունգարիայի վերջին թագաժառանգը՝ 98-ամյա Օտտո ֆոն Հաբսբուրգը՝ Հաբսբուրգների դինաստիայի վերջին կայսեր որդին: Հուլիսի 17-ին նրա թաղումն էր Վիեննայում: Թաղումն այնքան շքեղ էր, որ նույնիսկ Վիեննայի մետրոյի որոշ կայարաններ այդ օրը փակ էին, քանի որ մարդկանց հոսքը թաղման թափորի ուղղությամբ չափազանց մեծ էր: Զբոսաշրջիկները լուսանկարում էին, զվարճանում, ծիծաղում, իսկ իրենք՝ ավստրիացիները, լուռ խոնարհվում էին եւ զայրացկոտ հայացքով սաստում ծիծաղող զբոսաշրջիկներին: