Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ-ոքի՝ ֆավորիտի հետ

Հուլիս 20,2011 00:00

\"\"Նինբոյում երեկ կայացավ շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնության երրորդ մրցափուլը, որում կենտրոնականը՝ 1-ին տեղում ընթացող Ռուսաստանի եւ մրցաշարային աղյուսակում նրան հաջորդող Հայաստանի հավաքականների դիմակայությունն էր:
Միանգամից ասենք, որ պայքարն ընթացավ լարված եւ ավարտվեց թիմային խաղաղությամբ՝ 2,0:2,0: Համեմատաբար կարճ տեւեցին Ալեքսանդր Գրիշչուկ- Սերգեյ Մովսիսյան (2-րդ խաղատախտակ) եւ Վլադիմիր Հակոբյան-Յան Նեպոմնյաշչի (3-րդ) պարտիաները, որոնցում մրցակիցները բաժանեցին միավորը: Չորրորդ խաղատախտակի առջեւ սեւերով հանդես եկող Գաբրիել Սարգսյանը բավականին ջանքեր գործադրեց Պյոտր Սվիդլերի ճնշմանը դիմակայելու համար, բայց, ի վերջո, 50-րդ քայլում հարկադրված կանգնեցրեց ժամացույցը:
Անչափ հետաքրքիր ընթացավ երկու հավաքականների առաջատարների՝ Լեւոն Արոնյանի եւ Սերգեյ Կարյակինի պայքարը: Վերջերս Ռուսաստանի քաղաքացիություն ստացած նախկին ուկրաինացին որքան էլ ճգնեց պահպանել արդեն ավարտված երեք պարտիաների արդյունքում հաշվի մեջ իր թիմի ձեռք բերած մեկ միավորի առավելությունը, սակայն նրան այդ առաքելությունն իրագործել տրված չէր: Մեր թիմի առաջատարը հետեւողականորեն մեծացնելով իր տարածքային եւ դիրքային առավելությունը՝ 74-րդ քայլում մրցակցին պարտադրեց ընդունել պարտությունը:
Այսպիսով, շախմատի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը Նինբոյում անցկացրած իր երեք հանդիպումներում տարել է խոշոր հաշվով թիմային մեկ հաղթանակ եւ երկուսն ավարտել ոչ-ոքի: Իսկ թե չորրորդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակում հավաքականներն ի՞նչ հերթականությամբ դասավորվեցին, պարզվելու էր տուրի ավարտից հետո միայն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031