Միացյալ Նահանգների պաշտոնական անձինք հանդիպել են Լիբիայի առաջնորդ, գնդապետ Մուամմար Քադդաֆիի ներկայացուցիչների հետ: Այդ փաստը հաստատել է ԱՄՆ Պետդեպարտամենտը: «Դեմ առ դեմ» հանդիպումը տեղի է ունեցել անցած շաբաթ օրը, Թունիսում: Վաշինգտոնը, սակայն, պնդում է, թե դա բանակցություն որակել չի կարելի: Հանդիպման լիբիական ռեժիմի բանագնացներին ուղիղ ասվել է, որ Քադդաֆին պետք է հեռանա: Մինչդեռ Լիբիայի կառավարության մամուլի խոսնակը հայտարարել է, թե Տրիպոլին ԱՄՆ-ի հետ երկխոսության կողմնակից է, բայց միայն այն պայմանով, որ այդ երկխոսությունը վարվի առանց նախապայմանների:
ԱՄՆ Պետդեպի հայտարարության մեջ ասված է, թե ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Մերձավոր Արեւելքի գործերով օգնական Ջեֆրի Ֆելտմանն (նկարում) ու Լիբիայում ԱՄՆ դեսպան Ջին Կրետցը մասնակցել են այդ հանդիպմանն ու Քադդաֆիին «պարզ ու կոշտ ուղերձ» են փոխանցել: «Պարզ ու միանշանակ է՝ Քադդաֆին պետք է հրաժարվի իշխանությունից, որպեսզի նոր քաղաքական գործընթաց սկսվի, ինչը կարտացոլի լիբիացի ժողովրդի կամքն ու իղձերը»,- ասված է ԱՄՆ Պետդեպի տարածած հայտարարության մեջ: Թե լիբիական կողմից հանդիպմանն ով է մասնակցել՝ չի հաղորդվում:
Ընդսմին, Լիբիայի արտաքին կապերի գծով ժողովրդական կոմիտեի գլխավոր քարտուղար Աբդել ալ-Օբեյդին չորեքշաբթի օրը մեկնելու է Մոսկվա, որտեղ հանդիպելու է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, հանդիպումը տեղի է ունենալու Տրիպոլիի խնդրանքով:
Բայց մինչ այդ Լիբիայի շուրջ օղակը սեղմվում է: Նույն աղբյուրի մատուցմամբ, Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդում ընդունված որոշմամբ ԵՄ-ն հաստատել է, թե ճանաչում է Լիբիայի ապստամբների ձեւավորած Ազգային անցումային խորհուրդը՝ որպես ԵՄ օրինական քաղաքական գործընկեր:
Բրյուսելում տեղի ունեցած նիստում ԵՄ անդամ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները շեշտել են լիբիական ընդդիմության ղեկավար մարմնի պատասխանատվությունն ու դերը լիբիացի ժողովրդի իղձերի արտացոլման համատեքստում, այդ թվում՝ անցումային շրջանում: ԵՄ խորհուրդն ի գիտություն է ընդունել լիբիական ընդդիմությանը անհապաղ ֆինանսական օգնություն ցուցաբերելու հարցն ու հայտարարել է, որ կշարունակի ուսումնասիրել լիբիական ընդդիմությանը օգնելու բոլոր հնարավորությունները՝ ներառյալ ռեժիմի ղեկավար Քադդաֆիի սառեցված ակտիվների հաշվին: