Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բռնությունները՝ եռամսյակի կտրվածքով

Հուլիս 20,2011 00:00

\"\"Ըստ Խոսքի պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի, դրանք շատացել են, կրոնական կազմակերպություններն էլ՝ ակտիվացել

2 ֆիզիկական բռնության դեպք լրագրողների նկատմամբ՝ այս տարվա երկրորդ եռամսյակում: Սա մտահոգել է Խոսքի պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանին, նախորդ եռամսյակում բռնության ոչ մի դեպք կոմիտեն չէր արձանագրել. «Ցավոք, պետք է արձանագրել, որ այդ բռնությունների հեղինակը ոչ թե քաղաքական գործիչները կամ ոստիկաններն էին, այլ հասարակության ներկայացուցիչները: Սա ցույց է տալիս, որ մեր հասարակության մեջ խոսքի, քննադատության նկատմամբ հանդուրժողականությունն առայժմ շատ ցածր մակարդակի վրա է»,- ասում է Աշոտ Մելիքյանը՝ թվարկելով բռնության դեպքերը. «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանի բռնությունը՝ ֆոտոլրագրող Աշոտ Մանուչարյանի նկատմամբ եւ «Զինվոր» հ/կ-ի համակարգող խորհրդի նախագահինը՝ «Հրապարակ» օրաթերթի խմբագրի նկատմամբ: Երեկ Խոսքի ազատության կոմիտեի նախագահը լրագրողների հանդիպմանը ներկայացնում էր այս տարվա երկրորդ եռամսյակում կոմիտեի արձանագրած լրագրողների խոսքի ազատության իրավունքի խոչընդոտմանը ուղղված դեպքերը: «Ինչ վերաբերում է քաղաքական միջավայրին, պետք է ասեմ, որ, իսկապես, լրատվամիջոցներն աշխատում են բարդ պայմաններում: Այդ մասին են խոսում բազմաթիվ դատական գործերն ընդդեմ լրատվամիջոցների,- ասում է պարոն Մելիքյանը,- այստեղ հայցվորները քաղաքական գործիչներն են եւ, որպես կանոն, լրատվամիջոցները դատվում են»: Նա նշում է միայն մեկ դեպք, որի ժամանակ քաղաքական գործչի հայցը ընդդեմ լրատվամիջոցի մերժվել է եւ մեկն էլ, որ մասնակի է բավարարվել: «Ուղղակի լավ կլիներ, որ սա օրինաչափություն լիներ»,- ասում է նա: Ուշադրության կենտրոնում են հեռուստառադիոոլորտում կատարվելիք փոփոխությունները: «Ավելի մտահոգիչ էր այն, որ ՄԻՊ-ը դեռ հում վիճակում օրինագիծ է ուղարկել ԱԺ: Այն լրագրողական կազմակերպությունները, որ աշխատել էին այդ օրինագծի վրա, հանդես եկան առաջարկությամբ եւ ասացին, որ այդ վիճակում չի կարելի այն ուղարկել եւ քննարկել ԱԺ-ում: Բայց առայժմ այն անտեսվել է»,-ասում է նա՝ ասելով, որ այդպես մենք ոչնչի չենք կարող հասնել: Նախորդ եռամսյակի համեմատությամբ այս եռամսյակում քչացել են ճնշումները լրագրողների նկատմամբ եւ լրագրողի տեղեկատվություն ստանալու եւ տարածելու իրավունքը խոչընդոտող քայլերը: Նաեւ նկատելի է կրոնական կազմակերպությունների «ակտիվությունը» ԶԼՄ-ներին «խրատելու» գործում: Ա. Մելիքյանը հիշում է՝ նրանց կողմից դատական հայցեր կան Հանրային եւ «Շանթ» հեռուստաընկերությունների դեմ եւ շեշտում դրանց գործերի ելքի կարեւորությունը: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրել էր Հայաստանի սրտաբանական եւ առիթմոլոգիական կենտրոնի բողոքը «Առավոտ» օրաթերթի եւ news.am-ի հրապարակումների վերաբերյալ, նաեւ տեղեկատվություն ստանալուն խոչընդոտող որոշ դեպքեր:
«Առավոտը» պարոն Մելիքյանի հետ զրույցում ներկայացրեց «Արտիկլ 19-ի» ավագ իրավախորհրդատու Բոյկո Բոյեւի այն տեսակետը, որ լավ է՝ զրպարտանքի եւ վիրավորանքի մասին օրենքը ապաքրեականացվել է: «Նա միակը չէ, շատ ավելի հեղինակավոր միջազգային կազմակերպություններ դրական են համարում դա եւ կոչ անում այլ երկրների էլ գնան այդ քայլին: Մեծ հաշվով առաջընթաց է, բայց վատն այն է, որ Հայաստանում նույնիսկ օրենսդրական բարեփոխումները հայտնի չէ, թե իրենց հետ ինչ հետեւանքներ են բերում: Միայն օրենսդրական բարեփոխումով հնարավոր չէ իրավիճակը փոխել: Դրա հետ պետք է լինի նաեւ արդար դատական համակարգ: Բացի այդ, մեր քաղաքական դաշտը, հասարակությունը պետք է զարգանան այնպես, որ հանդուրժող լինեն քննադատության հանդեպ: Այդ ամենը չկա»,- ասում է պարոն Մելիքյանը: Նա մեկնաբանում է, թե հատկապես ինչու դատական գործերն ընդդեմ լրատվամիջոցների շատացան. «Գործընթացը շատ հեշտացավ, քրեական պատասխանատվության ժամանակ անընդհատ քաշքշուկների մեջ էին ընկնում, իսկ հիմա գործը միանգամից ուղարկում են դատարան: Նաեւ՝ տուգանքի վերին շեմը այնքան բարձր է, որ գայթակղություն է առաջանում քաղաքական գործչի մոտ՝ լրատվամիջոցին վնաս հասցնելու՝ չնայած այդ գումարները մեր օլիգարխների համար երեւելի չեն»: Ըստ պարոն Մելիքյանի, լրագրողներին «փրկելու» համար պետք է լուրջ քայլեր ձեռնարկվեն. «Լրագրողական կազմակերպությունները առաջարկություններին ձեւակերպումներ տան, ներկայացնեն խորհրդարան եւ տեսնեն, թե որ պատգամավորի կամ ֆրանկցիայի միջոցով կարելի է դա առաջ տանել: Մեր կազմակերպությունն ուզում է այս աշնանը լուրջ քայլեր ձեռնարկել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել