Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կաթողիկոսը փայլուն աստվածաբան է»

Հուլիս 20,2011 00:00

Ընթերցողի արձագանքը «Առավոտի» հրապարակմանը (09.07.2011)

\"\"

Կաթողիկոսի նկատմամբ արժե լինել ավելի նրբանկատ, եթե ոչ՝ լրագրողական էթիկայից դրդված, ապա գոնե այն բանի համար, որ Գարեգին Բ կաթողիկոսը առաքելական դավանանքով հավատացյալների համար հովվապետ է եւ եկեղեցականների համար Վեհափառ հայրապետ: Առավել եւս կաթողիկոսին տգետ, անդաստիարակ, մաֆիոզ եւ այլ ֆլան-ֆստան բնութագրումների հիմք չկար այդպիսի դատափետող խոսքի առիթ դարձած տեսանյութի մեջ: Մի՞թե կա մարդ, որ կուզենար հայոց հայրապետին տեսնել ընկճված ու նվաստ. չեմ ասում, թե գռեհկությունն ու անտաշությունը անկաշկանդ ու անսեթեւեթ վարքագիծ է, այլ ասում եմ, որ, իմ խորին համոզմամբ, այդպիսի բան չկար:
Բայց կրկնում եմ՝ թերթը Ձերն է, Ձեր խմբագրական խոսքը՝ Ձեր՝ կարծիք ու գնահատական ունենալու իրավունքի դրսեւորումը, բայց այդ դեպքում Դուք էլ մի քննադատեք հեռուստաընկերություններին՝ իրենց տխմար սերիալների ու անհամ հումորների համար. չէ՞ որ իրենց հեռուստաընկերությունն է, իրենց ճաշակը, իրենց լսարանը…
Հիմա ամեն կաթից կտրվող՝ իր համար տեղյակ մարդու կերպար ստեղծելու համար կաթողիկոսի հասցեին վարկաբեկիչ խոսքեր է ուղղում, չէի ուզենա, որ «Առավոտը» լիցքեր հաղորդեր այդ միտումներին, որովհետեւ որքան շատ են հայհոյում վերեւներին, այնքան ջերմորեն են փարվում իրենց գաղջ ու հոտած ինքնությանը: Եվ ինչո՞ւ ոչ ոք չի գրում, թե ինչպիսին էր մթնոլորտը Մայր աթոռում Վազգեն Ա երջանկահիշատակ կաթողիկոսի ժամանակ եւ ինչո՞ւ չի համեմատում այսօրվա վիճակի հետ: Ինչո՞ւ չեն գրում, որ այսօրվա կաթողիկոսը փայլուն աստվածաբան է եւ մեր եկեղեցու դավանաբանության աչալուրջ ջատագով. ինչո՞ւ «տեղյակներից» ոչ ոք չի նշում, որ կաթողիկոսը վանականության վերականգնման ջանքներ է անում, ինչից շատ կաթողիկոսներ խուսափել են՝ վանքերը դիտելով կենտրոնախույս ուժեր: Եթե մի թեմակալ առաջնորդ իր թեմում չի ապրում եւ նկատողությունից չի ազդվում, եւ կաթողիկոսը կարգալույծ է անում, ինչո՞ւ են լրագրողները կաթողիկոսին մաֆիոզ անվանում: Նույն ոգով ու տրամաբանությամբ՝ ոմանք պարծենում են, թե աղանդավորին այսպես կամ այնպես «շշպռել» են, մինչդեռ իրենք չեն էլ գիտակցում, որ ունեն բազմաթիվ աղանդավորական ըմբռնումներ եւ խարխափում են սնահավատության մեջ:
Եթե դեռ շարունակում եք կարդալ նամակս, ապա կուզենայի դարձյալ անդրադառնալ Ձեր խմբագրականներին, որոնք հաճելի բացառություն են մեր այսօրվա մամուլում: Դուք Վ. Տերյանի «Հոգեւոր Հայաստան» հոդվածաշարից մի հատված էիք տպագրել մոտ մեկ տարի առաջ. երբ կարդում ենք մեր դասական գրողների հոդվածները, հաճախ թվում է, թե դրանք այսօր են գրվել, քանի որ կարծեք թե ոչ մի փոփոխություն չկա մեր կյանքի, մեր գիտակցության ու խնդիրների մեջ: Մեզ շատ է պակասում հրապարակախոսությունը, ինչը ժամանակին ցավով նշել է Շիրվանզադեն: Մեր դասականների հոդվածները հաճախ ծավալուն ուսումնասիրություններ են եւ օրաթերթի սյունակներում տեղավորել չի լինի, բայց եթե Ձեր խմբագրությունը հնարավորություն ունենար ու մեր դասականների հատկապես այժմեականություն ունեցող հոդվածների ժողովածուն տպագրեր, ապա, ո՞վ գիտե, գուցե եւ այսօրվա լրագրողների մի մասը կարդար ու մի քիչ խորություն ու ընդգրկունություն հաղորդեր իր հոդվածներին: Թե ժողովածուն կլինի ըստ թեմաների՞, ասենք թե՝ հայ կնոջ, հայ երիտասարդության մասին, թե՞ ժամանակագրական կարգով, լեզվական փոփոխություններ կմտցվե՞ն, թե՞ ոչ, դա ճաշակի ու տեսանկյան հարց է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել