Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԽՈՍՔ ՀԻՇԱՏԱԿԻ

Հուլիս 20,2011 00:00

\"\"(Գարեգին Սեւունցի ծննդյան 100-ամյակի առթիվ)

Թվում է՝ դեռ երեկ էր, որ նրա մասին գրում էին, մեծարում, բարձր գնահատում հայ գրականության զարգացմանը բերած նրա նպաստը, կառավարական պարգեւներով ու պատվավոր կոչումներով արժեւորում նրա գրական, հասարակական գործունեությունը: Դեռ երեկ էր, ասես, ընդամենը կես դար առաջ, երբ մեծ հանդիսավորությամբ Երեւանում նշվեց նրա ծննդյան 50-ամյակը, որին ներկա էին ոչ միայն հայ, այլեւ մեծ երկրի տարբեր ծայրերից ժամանած հյուրեր՝ Սեւունցի գրող, մարտական ընկերները, նրա տաղանդի երկրպագուները: Հայաստանի գրողների միության վարչությունը գրողին հղած ողջույնի խոսքում հավաստում էր, որ «Ձեր անունը հայտնի է ոչ միայն Սովետական Միությունում, այլեւ նրա սահմաններից դուրս»: Դա, ինչ խոսք, Սեւունցի «սիրուն աչքերի» պատճառով չէր, թեեւ ովքեր հիշում են նրան, կվկայեն, որ նա հմայիչ, առինքնող արտաքինի տեր տղամարդ էր, այլ, առաջին հերթին՝ ստեղծած գրականության: Նրա «Թեհրան» երկհատոր վեպը կարճ ժամանակամիջոցում ունեցավ երկու հայերեն եւ չորս ռուսերեն հրատարակություն, այնուհետեւ թարգմանվեց ավելի քան երեք տասնյակ այլ լեզուներով. դա արտակարգ հաջողություն էր, քանզի նորություն էին թեման, միջավայրը, արկածային վեպին բնորոշ առանձնահատկություններով հագեցվածությունը, մատուցման թարմությունը:
Սեւունցի հաջորդ վեպերը նույնպես պակաս արժեքավոր չէին. «Գերիները», որը թեմայի արծարծման առումով նորություն էր պատերազմին նվիրված ծով գործերի մեջ. «Պետական գաղտնիքը», ուր հեղինակը համարձակություն ունեցավ սթափ հայացքով գնահատել պետական պաշտոնյաների ապիկարությունն ու ընկավ հարվածի տակ… Գումարենք նաեւ արտասահմանյան ուղեւորությունների մասին նոթերը, որոնք մեծ հետաքրքրություն էին ներկայացնում «երկաթե վարագույրի» այս կողմում անտեղյակ ընթերցողների համար: Քաղաքացիական կրքով գրած հրապարակախոսական հոդվածները: Եվ նոր մտահղացումները, որոնք ուժերի ծաղկման շրջանում գտնվող գրողի գրչի տակ ստանալու էին նոր որակ ու հնչեղություն:
Սակայն, ինչպես ասվում է՝ մարդը որոշում է, Աստված՝ տնօրինում: Գարեգին Սեւունցը մահացավ 58 տարեկան հասակում, սրտի կաթվածից: Նրա, ինչպես եւ ցանկացած մեկի համար, անչափ դժվար էր կուլ տալ մարդկային սեւ նախանձով ու չարությամբ ներծծված թույնը: «Գարեգին Սեւունցը մնայուն արժեք է թողել սովետահայ արձակի պատմության մեջ: Տաղանդավոր գրողի, հրապարակախոսի, հասարակական գործչի հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում…»: Մահախոսականում հավաստագրեցին ժամանակի պետական ու գրական-մշակութային այրերը (դեռ թամբին գտնվող), բայց արի տես, որ այդ «հավերժը» փուչ խոսք դարձավ. գրողի հիշատակը որեւէ կերպ չհիշվեց եւ, ցավոք, դա եզակի դեպք չէ, այնքա՜ն երախտավորներ հանիրավի մոռացության են մատնվել ապերախտ հետնորդների անտարբերության հետեւանքով: Հետո էլ ասում ենք՝ անցյալը մոռացողը ապագա չի ունենա…
Ինչեւէ: Յուրաքանչյուր արվեստագետի ստեղծագործության արժեքը գնահատելիս կարեւոր դեր է խաղում նրա մարդկային կերպարի գործոնը: Սեւունցի պարագայում այն առավել քան շահեկան է: Նա բարի, բարյացակամ, կարիքավորին ձեռք մեկնող մարդ էր: Գրողների միությունում աշխատածս տարիներին հաճախ եմ ականատես եղել, թե ինչպես է օգնել մեկին աշխատանքի տեղավորվելու, մյուսին՝ գիրքը տպագրելու, երրորդին՝ բնակարան ստանալու: Մեծ հեղինակության տեր էր, եւ նրա խնդրանքը մերժող չկար: Ինքն էլ օգտվում էր դրանից եւ ձեռքից եկածն անում էր կարիքավորին սատարելու համար: Մեծ երկրի տարբեր ծայրերում ուներ բազմաթիվ ընկեր-բարեկամներ եւ հարկ եղած դեպքում նրանց եւս ներգրավում էր որեւէ կարեւոր հարց լուծելու գործում: Օգնում էր երիտասարդ շնորհալի գրողների ստեղծագործությունները ռուսերեն հրատարակելուն, խրախուսում էր նրանց, խորհուրդներ տալիս, իր հետ հանդիպումների տանում հանրապետության շրջաններ: Ինքը շատ էր սիրում շրջագայել, հանդիպել, զրուցել աշխատավոր մարդկանց հետ, գնում էր Ուկրաինա, Բելառուս, Հեռավոր Արեւելք, Միջին Ասիա, մերձբալթյան, արտասահմանյան երկրներ: Հնդկաստան կատարած ուղեւորության ժամանակ նա հատուկ, ծրագրից դուրս մեկնել էր Մադրաս եւ ունեցած սուղ միջոցներով ձեռք բերել հայ մամուլի առաջնեկ «Ազդարար» պարբերականի լրիվ հավաքածուն (ընդամենը 18 համար) ու վերադարձին նվիրել Գրականության եւ արվեստի թանգարանին: Մեկ այլ առիթով Փարիզում գտնվելու ժամանակ փնտրել, գտել ու գնել է մեծատաղանդ դերասանուհի Սիրանույշի բեմական զգեստները, որոնք այժմ էլ խնամքով պահվում են վերոհիշյալ թանգարանում: Ինքը տանել չէր կարողանում կռվազանությունը, որ բնորոշ էր գրողներից ոմանց եւ միշտ հաշտարարի դեր էր կատարում: Այդ դերը հմտությամբ գործադրում էր Խաղաղության պահպանման խորհրդային կոմիտեի նախագահի պաշտոնում աշխատելիս, ինչի համար արժանացել էր Ժոլիո Կյուրիի անվան մեդալի:
Անխոնջ, աշխատասեր, գեղեցիկը սիրող, նաեւ ռոմանտիկ, նաեւ ժուժկալ մարդ էր Գարեգին Սեւունցը, հոգին լիքն էր պայծառ երազներով, ամենաբաղձալի երազանքը աշխարհի խաղաղությունն էր ու իր պաշտելի Հայաստանի պատմական տարածքների վերադարձը: «Երանի նրանց, ովքեր կտեսնեն Սովետական Հայաստանը ընդարձակված: Ինչքա՜ն հրաշալի հեռանկարներ կունենա երկիրն այդ: Կավելանա ժողովրդի քանակը, կավելանան թատրոնները, կրթական հիմնարկները, գրքերի, թերթերի տիրաժները: Երկիրը, երկիրը կլինի լա՜յն, ընդարձա՜կ…»: Սա 1945 թվականի օրագրային գրառումներից է…
Գարեգին Սեւունց գրողի, մարդու կերպարը, հիրավի, արժանի է հավերժ հիշատակի: Թող մոռացության փոշին երբեք չնստի նրա անվան, թողած ժառանգության վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել