Մոտ 1 ամիս է, ինչ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պարբերաբար ամբաստանյալի աթոռին է հայտնվում ոստիկանության մարզի քննչական բաժնի երիտասարդ քննիչներից մեկը՝ Հովհաննես Քաղցրիկյանը, որին մեղադրում են այս տարվա փետրվարին ոստիկանների՝ վրացական պետհամարանիշով մեքենաների վարորդների նկատմամբ կատարած ապօրինի գործողությունները կոծկելու, կիսատ-պռատ քննություն իրականացնելու ու քրեական գործ չհարուցելու համար:
Մեղադրողները Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ու Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբն են: Նրանք դատարանից պահանջում էին հարկադրել քննչականին քրեական գործ հարուցել այն ոստիկանների դեմ, ովքեր խախտելով Սահմանադրությունը, արգելել են վրացական պետհամարանիշով մեքենաների վարորդների ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հիշեցնենք, որ Մաքսային օրենսգրքում կատարված փոփոխություններից դժգոհ վարորդների բողոքը սկսվեց Գյումրիից, այնուհետեւ, տարածվեց Վանաձորում ու այդ ընթացքում ոստիկանները ջանք ու եռանդ չէին խնայում բունտը ճնշելու ու բողոքավորներին կառավարության շենք չթույլատրելու համար: Ոստիկանները մերթ շրջափակում էին Ջաջուռի լեռնանցքը, որպեսզի գյումրեցի վարորդները չգնան-միանան իրենց վանաձորյան գործընկերներին, մերթ սկանդալներ էին սարքում Գյումրու կենտրոնական՝ Սայաթ-Նովայի փողոցում, կամ էլ ահաբեկում-պատանդ էին պահում վարորդներին: Մի խոսքով, բողոքը խեղդող իրավապահների գործողությունների մասին ճիշտ ժամանակին հայտարարություն է տրվել ոստիկանությանը, սակայն գործը չլչլելուց հետո քննչականը հրաժարվել է քրեական գործ հարուցել իրենց գործընկերների դեմ: Չնայած իրավապաշտպան կառույցների ղեկավարներ Արթուր Սաքունցն ու Լեւոն Բարսեղյանը բազմաթիվ փաստեր մեջբերեցին՝ ապացուցելով, որ քննիչը, մեղմ ասած, մատը մատին չի խփել, գործ չի կատարել, այդուհանդերձ դատարանը երկու դեպքում էլ արդարացրեց «անգործ» քննիչին: Ի դեպ, նշենք, որ երկու կազմակերպություններն առանձին-առանձին են դատի տվել քննիչ Քաղցրիկյանին: Մոտ կես ամիս առաջ լսվեց ու մերժվեց Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի հայցը, իսկ երեկ դատավոր Հարություն Մովսիսյանը մերժեց «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի հայցը: Նախքան վճռի հրապարկումը, Լեւոն Բարսեղյանն իր խոսքում մի լավ խայտառակեց քննիչին՝ ապացուցելով, որ վերջինս շարժվել է քմահաճորեն, քննել է միայն 28 ոստիկանների՝ ոչ մի տուժողից բացատրություն չպահանջելով: Ավելին, Լեւոն Բարսեղյանը ոստիկանների հանցագործությունը հիմնավորող հսկայածավալ ապացույցներ է ներկայացրել քննիչին՝ լուսանկարներ, տեսանյութեր, թերթերի, հեռուստատեսությունների ու ռադիոկայանների կողմից պատրաստած նյութեր, որոնք, սակայն, Հովհաննես Քաղցրիկյանին ընդհանրապես չի հետաքրքրել: «Ասպարեզ» ակումբի նախագահն անկեղծորեն զարմացած էր, թե ի՞նչն էր խանգարում քննիչին լսել նաեւ վրացական պետհամարանիշով մի քանի վարորդների բացատրությունը: Քննիչը փորձում էր արդարանալ, որ ձեռքի տակ ոչ մի վարորդի անուն-ազգանուն չի եղել, մինչդեռ Լեւոն Բարսեղյանի ասելով, իր տրամադրած լուսանկարների մեջ հստակ երեւացել են վարորդները: Հետաքրքիրն այն է, որ Լեւոն Բարսեղյանի ելույթի ամեն մի տողը սկսվում էր «Քննիչը չի պարզել» նախադասությամբ: Ըստ Լ. Բարսեղյանի, քննիչը, խախտելով Քրեական դատավարության օրենսգրքի 180 հոդվածը, քրեական գործը 10-օրյա ժամկետում քննելու փոխարեն, ուսումնասիրել է 50 օրում ու որպես «հիմնավորում»՝ մեջբերել է այն, որ ինքը թույլտվություն է ունեցել դատախազից: «Պատկերացնենք, որ 20 ոստիկան իրենց անձնական մեքենաներով գնում են բողոքի ինչ-որ ցույցի մասնակցելու ու նրանց ճանապարհը փակում են լրագրողները, այդ մասին հաղորդումն ուսումնասիրելիս ո՞վ կարող էր պատկերացնել, որ ճանապարհը փակողներից բացատրություն կստանային, եւ այդ ոստիկաններից, որոնք փորձել էին գնալ հանրահավաքի մասնակցելու, բացատրություն չէին ստանա: Ոչ ոք սա չի կարող պատկերացնել, հնարավոր տուժողից բացատրություն չստանալը անկողմնակալ եւ հավասարակշիռ նախաքննություն չէ: Քննիչը չի փորձել տեղեկություններ ստանալ ՀՀ ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանից եւ Ստեփան Սաֆարյանից, այն դեպքում, երբ նրանք բազմիցս երեւում են տրամադրված նյութերի մեջ որպես իրադարձությունների մասնակից»,- քննիչի ցուցաբերած անգործությունը այսպես ներկայացրեց Լեւոն Բարսեղյանը: Նա նաեւ ասաց, որ քննիչն ավերապահորեն հավատացել է ոստիկանների բացատրություններին՝ ջանք չգործադրելով դրանք ստուգելու համար: Մինչդեռ քննիչ Քաղցրիկյանը գտնում էր, որ իր կատարած նախաքննությունը բազմակողմանի է ու օբյեկտիվ: Դատարանն ուշադիր լսելով «Ասպարեզ» ակումբի նախագահի՝ քննիչի անգործությունը մերկացնող դրվագները, այդուհանդերձ, գտավ, որ վերջինս ուսումնասիրությունները կատարել է բազմակողմանի, միայն թերացել է ժամկետի մեջ. գործը օրենքով սահմանված կարգով 10-օրյա ժամկետում ուսումնասիրելու փոխարեն քննել է 50 օրում: «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահն «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքը պատրաստվում է վճիռը բողոքարկել: