Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ջուրն իմն է, աղբյուրը իմն է»

Հուլիս 20,2011 00:00

Ոմն Արմեն որոշել է ջրի վրա բիզնես անել

Ձորաղբյուր գյուղի բնակիչները տարակուսանքի մեջ են։ Նրանք տարիներ շարունակ օգտվել են իրենց գյուղի Սարգսյան փողոցում գտնվող աղբյուրից, ոմանք նույնիսկ խողովակներով ջուրը բնակարան են հասցրած եղել, սակայն վերջերս գյուղում հայտնվել է Արմեն անունով մեկը եւ հայտարարել, որ այլեւս ինքն է վերահսկելու աղբյուրը։ Նա այժմ ձորաղբյուրցիներին թույլ չի տալիս նախկինի պես օգտվել աղբյուրից, ասում է. «Եթե ուզում եք՝ դույլերով, շշերով կամ այլ տարաներով եկեք, կրեք, բայց խողովակներով տներ հասցնել չի կարելի»։ Նա անգամ ասել է, որ դա էլ կարող է կազմակեպել, միայն թե ձորաղբյուրցիներից ամեն մեկը տարեկան իրեն 25 հազար դրամ պետք է վճարի, եւ հարցը կլուծվի։
Ձորաղբյուրցիները չգիտեն, թե Արմենն ում անունից ու ինչ հիմքով է նման հայտարարություններ անում, բայց նրանց տներում ջրամատակարարումն իսկապես քչացել է եւ իրենք ստիպված են լինում այս շոգին աղբյուրից ջուր կրել։ «Մենք պարտաճանաչ վճարում ենք ջրի վարձը, ինչո՞ւ հիմա էլ պիտի լրացուցիչ 25 հազար վճարենք։ Ինչ է, ջո՞ւրն է բերում այդ գումարը։ Հարստացնենք՝ չգիտես ում։ Մի բան էլ հարմարվե՞նք նրա պահանջներին, սկսենք ջուր կրել, այն դեպքում, երբ մենք մեր տներում կարող ենք ունենալ այդ նույն ջուրը եւ չվճարենք տարեկան 25 հազար դրամը, որը չգիտենք էլ ուր է գնալու։ Այդ Արմենն էլ հանդես է գալիս որպես միջնորդ, ոչ թե իր անունից է հայտարարություններ անում։ Ասում է՝ ես կարող եմ օգնել, բայց մեր ինչի՞ն է պետք նրա օգնությունը, եթե մենք կարող ենք առանց նրա էլ ջուր ունենալ։ Կարող է հավատայինք ու տայինք այդ գումարները, մանավանդ որ ջրի մատակարարումն իսկապես վատացել է։ Մեր տարեկան սպառած ջրի գումարն անգամ այդքան չի կազմում»,- «Առավոտի» հետ զրույցում դժգոհում էին գյուղի բնակիչները։
Նշենք, որ այս գյուղում ջուրը համայնքային սեփականություն է եւ ջրամատակարարումն իրականացնում է համայնքը՝ գյուղապետարանը, Ձորաղբյուրի բնակիչներն էլ իրենց ջրի վարձը պարտավոր են վճարել գյուղապետարանին, այլ ոչ թե մասնավոր կազմակերպության կամ անհատի։ Ստացվում է, որ գյուղացիների մատնանշած Արմենը՝ տիրանալով գյուղի ջրին, իսկապես անօրինական գործունեություն է ծավալում:
Հետաքրքիր է, որ գյուղացիներից ոչ մեկը չգիտեր, թե այդ Արմենը որտեղ է բնակվում կամ նրա հետ ինչպես կարելի է կապ հաստատել, եթե անգամ իրենք պետք է պայմանավորված գումարը հանձնեին ու պայմաններին համաձայնեին։
Տեղյա՞կ են, արդյոք, գյուղի իշխանությունները Արմենի ծավալած գործունեության մասին, գիտե՞ն նրա ով լինելու մասին եւ ի՞նչ են պատրաստվում անել՝ փորձեցինք ճշտել Ձորաղբյուրի գյուղապետ Արայիկ Մուքայելյանից։ «Առավոտի» հարցը պարոն Մուքաելյանին հունից հանեց. «Այդ ինչո՞ւ են գյուղացիները ձեզ դիմել, թող գային ինձ մոտ, տեսնեինք այդ ինչ խնդիր է։ Այդ մարդը, որ ձեզ է դիմել, ուղարկեք ինձ մոտ, որովհետեւ նման բան հնարավոր չէ։ Մեր ջուրն է, մեր համայնքինը, այդ աղբյուրները գտնվում են բնակելի տներից վերեւ, ո՞նց կարող է ինչ-որ մեկը այնտեղ գնալ եւ տիրանալ ջրին։ Մենք ենք աղբյուրի տերը, մենք ենք խողովակներով այդ ջուրը հասցնում բնակիչների տները»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել