Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԻՆԱԿԱՆ ՕԲՅԵԿՏԸ ՔԱՆԴԵԼ ԵՆ

Հուլիս 20,2011 00:00

\"\"Փոխհատուցում էլ չեն տվել

Մոտ մեկ շաբաթ առաջ Երեւանի քաղաքապետարանի պատասխանատուները մեծ շուքով ապամոնտաժեցին եւ հողին հավասարեցրին Կոմիտասի 26 հասցեում իրականացվող շինարարությունը: Կառուցապատման դեմ բողոքել էին նույն շենքի մի խումբ բնակիչներ: Սակայն, եթե որպես կանոն՝ կառույցը լինում է անօրինական եւ քաղաքացիները դրա դեմ են բողոքում, ապա այս դեպքում, մինչ կառուցվելը, այս օբյեկտի նախագիծը անցել է մի շարք հիմնարկներով եւ ստացել օրինական կառուցելու բոլոր փաստաթղթերը:
Այսինքն՝ Երեւանի քաղաքապետարանը ամիսներ շարունակ ուսումնասիրել է եւ քաղաքապետի համաձայնությամբ տրվել է շինթույլտվություն: Օբյեկտի շինարարությունը գրեթե ավարտին էր հասցվել, որի համար պահանջվել էր մի քանի միլիոն դրամ, սակայն ինչ-ինչ պատճառներով քաղաքապետ Կարեն Կարապետյանը մտափոխվել է եւ շինթույլտվության որոշումը չեղյալ համարել:
«Առավոտն» իր 13.07.2011թ. «Քաղաքապետը փոշմանել է» հրապարակմամբ արդեն անդրադարձել է, թե ինչպես են քաղաքապետարանի աշխատակիցները հողին հավասարեցնում օբյեկտը: «Առավոտի» հետ զրույցում տարածքի բնակիչները հայտնել էին, որ օբյեկտի սեփականատեր Լեւոն Կիրակոսյանը շինարարությունը հիմնականում գիշերն է իրականացնում: Սրան ի պատասխան, թերթի խմբագրություն եկած պարոն Կիրակոսյանը հայտնեց, որ բացի իրենից, այդ հասցեում կան եւս 5 կառուցապատող եւ բացի այդ, իրենք երբեւէ գիշերը շինարարություն չեն կատարել: Իսկ ինչ վերաբերում է ապամոնտաժմանը, Լ. Կիրակոսյանն ասաց, որ այն կատարել են հենց բնակիչների բողոքներից հետո: Ինչը, նրա կարծիքով, անօրինական է: Հատկապես որ՝ որեւէ փոխհատուցում չեն տվել օրինական կառույցը քանդելու համար: Ընդ որում, երբ կառուցապատողները փորձել են իրենց իրավունքները պաշտպանել եւ պարզաբանում են պահանջել քաղաքապետարանից, նրանց ուղարկվել է քաղաքապետի որոշումը, որտեղ նշված է՝ «Վարչական վարույթի նյութերի ուսումնասիրությունից պարզվել է, որ կառուցապատողներին Կոմիտասի 26 շենքի առաջին հարկի ոչ բնակելի տարածքների վերակառուցման, ընդլայնման, կցակառույցի իրականացման քաղաքաշինական փաստաթղթերը տրամադրվել են համապատասխան հողհատկացման ակտի եւ Կոմիտասի 26 շենքի բնակիչների համաձայնության բացակայությամբ»:
Նշենք, որ կառուցապատողների կողմից մեզ ներկայացված շինթույլտվության փաստաթղթերում առկա է Կարեն Կարապետյանի ստորագրությունը. ստացվում է՝ քաղաքապետն իր ստորագրությունն է դրել իրեն ներկայացված փաստաթղթերի վրա՝ առանց այն ուսումնասիրելո՞ւ:
Հողհատկացումը, ինչպես կարգն է պահանջում, տրվում է քաղաքապետարանի Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության կողմից՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքի հետ մեկտեղ: Վարչությունը փաստորեն առաջադրանքը տվել է դեռեւս նախորդ տարի, առանց հողհատկացման ակտի, իսկ մի քանի ամիս հետո էլ տրվել է շինթույլտվությունը: Լ. Կիրակոսյանի խոսքերով՝ «Մենք ոչ մի մեղք չունենք, որ այդ վարչությունն ու նախկին գլխավոր ճարտարապետը անփութություն են թույլ տվել եւ նախագծային առաջադրանք են տվել առանց հողհատկացման: Երբ ես իրենց դիմեցի, միակ պատասխանը, որ լսեցի, այն էր՝ ոնց որ հացը տան՝ առանց պանրի: Այսինքն՝ այդ 2 գործողությունը պետք է միասին կատարվեր, ինչը քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաները չեն արել»:
Ինչ վերաբերում է բնակիչների համաձայնությունը ստանալուն, ապա քաղաքապետարանը մինչեւ շինթույլտվություն տալը, կառուցապատողից մեկ առ մեկ պահանջում է կոնկրետ փաստաթղթեր: Լ. Կիրակոսյանի խոսքերով՝ «Մեզ երբեւէ չի ասվել, որ պետք է փաստաթուղթ ներկայացնենք, որով բնակիչները հաստատում են, որ դեմ չեն շինարարությանը: Եթե իրենք մեզ չեն զգուշացրել, ապա մենք որտեղի՞ց պետք է իմանայինք, որ նման փաստաթուղթ էլ է պետք»:
Բնակիչների բողոքներից հետո, Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետը գրավոր դիմել է կառուցապատողներին, որպեսզի ժամանակավոր դադարեցնեն շինաշխատանքները, մինչեւ հարցի վերջնական լուծումը: Սակայն հարցի վերջնական լուծումը, ինչպես կառուցապատողներն են ասում, եղավ օբյեկտի՝ հողին հավասարեցնելը. «Ոնց որ թշնամու տուն քանդեին: Մենք մեր աշխատած ու կուտակած խնայողությունների հաշվին ենք շինարարություն սկսել: Իրենց առաջադրանք-պահանջներից 1 միլիմետր անգամ չենք շեղվել: Քաղաքապետարանի մասնագետները պարբերաբար վերահսկել են աշխատանքները, ինչո՞ւ շինաշխատանքների վերջում հասկացան, որ հողհատկացում չկա կամ բնակիչների համաձայնությունը բացակայում է: Մոտ $200 հազարի ծախս ենք արել, իսկ իրենք եկան ու միանգամից ամբողջը քանդեցին, այն էլ իրենց թույլ տված սխալի պատճառով: Քանդելուց լավ են, բայց փոխհատուցման մասին չեն էլ մտածում»: Լեւոն Կիրակոսյանի վստահեցմամբ՝ իրենք դիմել են դատարան՝ քաղաքապետի վերջին որոշումը չեղյալ համարելու եւ փոխհատուցման պահանջով: Այս առնչությամբ Երեւանի քաղաքապետարանից «Առավոտին» հայտնեցին, որ որոշումը դատարանինն է, ինչպես որոշի՝ իրենք այդպես էլ կվարվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել