Օգոստոսի 1-ից եւ երկու տարի շարունակ Երեւանի կրկեսը չի գործի: Պարզվում է, որ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանի հետ մոտ երեք ամսվա բանակցություններից հետո, այնուամենայնիվ, կիրականացնի $10 միլիոնի ներդրումը: «Հաջորդ ամսվա սկզբից կսկսվեն կրկեսի վերանորոգման աշխատանքները: Հիմնովին նորոգվելու է: Այդ ընթացքում պայմանավորվածություններ ենք ձեռք բերել մարզերում շրջիկ ներկայացումներ ցուցադրելու»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Պետրոսյանը: Թե ինչի՞ դիմաց է գործարարը պատրաստվում մեծ գումարներ ներդնել Ս. Պետրոսյանի մասնավոր սեփականության մեջ, պարոն Պետրոսյանը խուսափեց պատասխանել: «Դա ինձ չի հետաքրքրում, կարեւորը, որ մարդիկ հանձն են առել ներդրումներ անել, շատերը ներդրումային ծրագրեր ունեին, բայց շատ արագ հրաժարվեցին, իսկ Սամվել Կարապետյանը միակ մարդն է, ով կպած ներդրում է անում: Ներդրումը գործարարի բարի կամքի դրսեւորում է, ինչ է՝ չգիտեմ, իրենից հարցրեք»,- խորհուրդ տվեց պարոն Պետրոսյանը՝ մի քանի անգամ կրկնելով, որ ինքը կրկեսի տնօրենը չէ, այլ գեղարվեստական ղեկավարը. «Գեղարվեստական մասով ինչ հարց ուզում եք ինձ տվեք, սիրով կպատասխանեմ»:
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը ամիսներ առաջ պայմանագիր է կնքել «Տաշիր գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի հետ: Գործարարը, բացի կրկեսում ներդրումներ անելուց, քաղաքի կենտրոնական հատվածներում կընդլայնի իր բիզնեսները: