Լրահոս
Օրվա լրահոսը

Նոտարական համակարգը բարեփոխվո՞ւմ է

Հուլիս 20,2011 00:00

Մոտ 2 ամիս առաջ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանն անդրադարձավ նոտարական համակարգում տիրող բարձիթողի վիճակին: Իրավիճակը կարճ ժամանակում շտկելու վերաբերյալ հանձնարարականն ուղղված էր արդարադատության նախարարին:
«Համատարած կաշառակերություն է գործառույթների կիրառման առումով, ընդ որում՝ քաղաքացիներին տեղյակ չեն պահում, թե իրականում ինչ վճարներ պետք է նրանք իրականացնեն: Միանգամից գումարը վերցնում են, եւ պարզվում է, որ այդ գումարը 2-3 անգամ գերազանցում է սահմանված սակագները։ Փակ համակարգ ենք ստեղծել եւ կախվածության մեջ ընկել նոտարներից։ Հիմա քայլ առ քայլ պետք է շտկենք իրավիճակը»,- ասել էր գործադիրի ղեկավարը։
Արդարադատության նախարարության կազմում գտնվող նոտարիատի բաժինն արդեն լուծարվել եւ վերակազմավորվել է օրինականության վերահսկողության տեսչությանը: Դրանից մեկ ամիս անց վարչապետի հանձնարարականի արդյունքներն արդեն տեսանելի են: «Կենտրոն» նոտարական գրասենյակում նախկինում չկար, իսկ այսօր տեսանելի վայրում՝ բոլոր երեք նոտարների աշխատասենյակների մոտ, փակցված է սակագների ցուցակը: Նոտարներից յուրաքանչյուրը հստակեցրել է, թե կոնկրետ որ ծառայության դիմաց որքան պետք է վճարել, իսկ մատուցվող ծառայությունների արժեքը տատանվում է 500-ից մինչեւ 30 հազար դրամի սահմաններում:
Վարչապետի հաջորդ հանձնարարականը վերաբերում էր նոտարների թափանցիկ աշխատանքի անհրաժեշտությանը: Այս խնդրի լուծման համար առաջին քայլը նրանց եկամուտներն օրինական հարկային դաշտ բերելն էր: Այսօրվանից նոտարները կիրառում են հաշվիչ-դրամարկղային մեքենաներ: Օրենքով նախատեսված պետտուրքը քաղաքացիները կվճարեն բանկերում, իսկ ծառայությունների համար պահանջվող գումարը՝ նոտարների մոտ: Տեսչության պետ Նորայր Փանոսյանը մտավախություն ունի, որ նոտարները կփորձեն ՀԴՄ կտրոնի վրա ավելի քիչ գումար արտացոլել, եւ այստեղ պետությանն աջակցելու հերթը քաղաքացունն է. նա պետք է պահանջի, որպեսզի կտրոնի վրա արտացոլվի իր վճարած գումարն ամբողջությամբ: Վարչապետի հանձնարարականներից մեկն էլ նոտար դառնալու կարգի մասին էր: Ներկայում մշակվում է նոտար դառնալու համար անցկացվող որակավորման քննությունների նոր կարգը: Նպատակն է, որ լինի օբյեկտիվ քննություն, նոտարների թիվը կավելանա, մասնագետներն էլ ավելի մրցունակ կլինեն:
Միամիտ կլինի արձանագրելը, թե 2 ամսում այս համակարգի խնդիրներն իսպառ վերացել են, դեռեւս կան դժգոհ քաղաքացիներ, բայց դրական տեղաշարժն արդեն ակնհայտ է, մնում է ապահովել դրա շարունակականությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել