Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻԱՍԹԱՓՎԵՑ. ԿԳՆԱ ՂԱՐԱԲԱՂ

Հուլիս 20,2011 00:00

Որովհետեւ հայ գիտնականի գյուտերը ՀՀ  կառավարությունը չգնահատեց

\"\"

Հայ գիտնականները դժգոհում են, որ կառավարությունն անտարբեր է ու այլընտրանքային էներգիայի աղբյուրների զարգացմանն ուղղված ոչ մի քայլ չի նախաձեռնում:
Գիտնական Վահան Համազասպյանի համոզմամբ, Հայաստանն ունի հնարավորություն գյուղական համայնքներում էներգիայի պահանջը մինչեւ 60% բավարարել արեւից ստացվող էներգիայով: «Այլընտրանքային աղբյուրների միջոցով շատ խնդիրներ կարող ենք լուծել, բայց կառավարությունն էլ պետք է միջամտի»,- մեզ հետ զրույցում ասաց գիտնականը: Նրա խոսքով, աշխարհի գրեթե բոլոր երկրներում այլընտրանքային էներգիայի թե՛ օգտագործողների, թե՛ արտադրողների համար արտոնություններ են սահմանվում, բայց Հայաստանում գիտնականները չեն խրախուսվում. «Հասկանում ենք, որ պետությունը գումար չունի արտոնություններ սահմանելու համար, բայց մտահոգված ենք, որ չի էլ ունենա, քանի դեռ այս ոճով ու որակով կշարունակի աշխատել»: Պարոն Համազասպյանը չի կարողանում հասկանալ, թե ինչու կառավարությունը չի ցանկանում նույնիսկ ծանոթանալ գիտնականների մշակած ծրագրերին. «Բացարձակ հետաքրքրված չեն: Բայց սա շատ կարեւոր ոլորտ է, օրինակ՝ վառվող գազի ծավալները երկու անգամ կարող ենք քչացնել այլընտրանքային էներգիայի աղբյուրների շնորհիվ: Գազը, նույնիսկ այսօրվա գներով, թանկ հաճույք է»: Հիասթափված գիտնականը մեզ հետ զրույցում ասաց, որ ի տարբերություն Հայաստանի կառավարության, այլընտրանքային էներգիայի հարցերով հետաքրքրված է Ղարաբաղի կառավարությունը. «Ես էլ որոշել եմ գյուտերս ներկայացնել այնտեղ ու համագործակցել Ղարաբաղի կառավարության հետ: Մեր կառավարության շարքային աշխատակցի հետ էլ հեռախոսով նույնիսկ չենք կարողանում խոսել, այնքան զբաղված են, այնքան հարցեր են լուծում, որ ժամանակ չունեն մեզ նման գիտնականներին լսելու»:
Գյուտարար Հենրիկ Մխիթարյանն էլ վրդովված է, որ իր հայտնագործությանը «բանի տեղ դնող չկա»: Նրա ստեղծած քամու էլեկտրակայանը, ինչպես ինքն է անվանել՝ հավերժական շարժիչը, հավերժական անտարբերության է մատնված. «Մի քանի տարվա քաշքշուկից հետո նոր միայն ինձ հանձնեցին գյուտի արտոնագիրը, բայց հիմա էլ ոչ ոք հետաքրքրված չէ: Մինչդեռ իտալացիները այժմ նույն էլեկտրակայանից են կառուցում $240 միլիոնով: Իտալացիների սարքածը քա՞ղցր է»: Գյուտարարի խոսքով՝ հավերժական շարժիչը կարող է ապահովել ե՛ւ էլեկտրաէներգիա, ե՛ւ տաք ջուր. «Յուրաքանչյուր մարդու հասնում է մոտ 100 լիտր ջուր, այս ծավալի ջուրը, որ աշխարհի 7 միլիարդ բնակչությունը տաքացնի, անհրաժեշտ կլինի 70 միլիոն կիլովատ էլեկտրաէներգիա. այլընտրանքային էներգիայի աղբյուրների շնորհիվ մեծ խնայողություններ կարվեն»:
Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն էլ կարծում է, որ կառավարությունը չպետք է ամբողջ ուշադրությունն ուղղի միայն միջուկային էներգետիկայի զարգացմանը: Նրա համոզմամբ, հենց այդ պատճառով է, որ այս կարգի հայտնագործություններին ճանապարհ չեն տալիս: Իսկ ամենից շատ Կանաչների միության նախագահին մտահոգում է Մեծամորի ատոմակայանը. «Ֆուկուսիման Տոկիոյից ուղիղ գծով հեռու է 216 կմ, իսկ Մեծամորի ատոմակայանը Երեւանից 18 կմ հեռավորության վրա է: Դա բավական չէ, նախատեսում են 1060 մեգավատ հզորությամբ նոր ատոմակայան կառուցել՝ հաշվի չառնելով, որ այդ տարածքով անցնում է 6 սեյսմասեկտոնիկ բեկվածք, որից ամեն մեկից նույնիսկ 400 կմ հեռավորության վրա էլ գտնվելն արդեն վտանգավոր է: Էլ չեմ խոսում ատոմակայանի շինհրապարակում հայտնաբերված 17 հրաբխային խառնարանների ու երկրաջերմային օբյեկտների մասին»: Բնապահպանը կառավարությանը հիշեցրեց, որ ԵՄ պահանջով մինչեւ 2015 թվականը այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործումը ընդհանուր էներգետիկ հզորության մեջ պետք է կազմի առնվազն 12%, հետո էլ հավելեց, որ եթե նույնիսկ տեսականորեն համաձայնենք, որ ատոմակայանում վթարներ չեն լինում, բավական է միայն մտաբերել, թե ատոմակայանի նորմատիվային արտանետումներն ինչքան են աղտոտում շրջակա միջավայրը, իսկ արտադրվող թափոնները հավերժական խնդիր են մարդկության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել