Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սենյակ թիվ 607

Հուլիս 20,2011 00:00

Հուլիսի 18-ի խորհուրդը

Հայ ազգային կոնգրեսի եւ իշխող կոալիցիայի ներկայացուցիչների հուլիսի 18-ի հանդիպումը կարելի է նաեւ պատմական համարել, քանի որ առաջին անգամ իշխանությունն ու ընդդիմությունը միասին, նույն սենյակում ոչ միայն զրուցեցին, այլեւ կատակներ փոխանակեցին, ժպտացին միմյանց, եւ չհնչեցին մոնղոլ-թաթարներին բնորոշ որակումներ եւ վիրավորանքներ: Թե ինչ կլինի առաջին հանդիպումից հետո՝ շատ շուտով պարզ կդառնա լայն հասարակությանը եւս: Ակնհայտ է, որ հանդիպումները կլինեն շարունակական: Կողմերը հանդիպումից հետո չժխտեցին սա:
ՀԱԿ-կոալիցիա հանդիպումը կայացավ «Էրեբունի» հյուրանոցի թիվ 607 սենյակում: Ինչպես Վանո Սիրադեղյանը կասեր՝ սա եւս մանրամասն քննարկելու թիվ է: Մենք այդ բանը փորձեցինք անել աստղագուշակների եւ ֆեն-շուի օգնությամբ, եւ ահա թե ինչ ստացվեց:
6 թվանշանը հայտնի է իր շուրջ սատանայական որոշ մեկնաբանություններով, բայց մենք դրան հակված չենք հավատալ, քանի որ վեցը նաեւ այն նախավերջին օրն է, երբ Աստված ավարտեց աշխարհաստեղծ իր բոլոր գործերը եւ հորդորեց մարդկությանը հաջորդ՝ յոթերորդ օրը հանգստանալ:
Դե, իսկ 0-ն, ըստ ֆեն-շուի, բավականին հետաքրքիր նշան է, սրանում են ամփոփված եւ սուր անկյունները կլորացնելու, եւ խնդիրները ամբողջության մեջ դիտարկելու, եւ հակասություններից ու առճակատումներից զուրկ իրավիճակների հաստատման մասին վկայությունները: Եվ եթե հայելին դիտարկենք որպես օրինակ, ապա ըստ արեւելյան փիլիսոփայության՝ սենյակներում հարկ է, որ հայելին լինի հատկապես 0-ի տեսքի եւ ոչ թե անկյուններով. ասում են՝ դա նրա համար է, որպեսզի չար ուժերն անկյուն չգտնեն տնավորվելու:
Դե, իսկ շատերի կողմից սիրված 7 թիվը, ըստ ավանդույթի, աստվածային է: Աշխարհի արարման օրերի քանակը ճիշտ այդքան է, ինչպես պնդում են արդեն միլիոն տարի, եւ նաեւ հենց այս թվի հետ է կապված հայտնի հայկական օրհնանքը՝ «յոթ որդով սեղան նստես»:
Եվ եթե իշխանությունն ու ընդդիմությունն այսօր «սեղան են նստել» ոչ թե 7, այլ 11 հոգով, դա դեռ չի նշանակում, որ սա վերջն է, դա նշանակում է, որ եւ իշխանությունը, եւ արտախորհրդարանական ընդդիմությունը իրենց ապագա քայլերում ավելի հեռու են գնալու, եւ չի բացառվում, որ մի օր էլ յոթնապատիկ ավելի մտերմացած, «երգելով-պարելով» (սա իմ փոքրիկ թոռնիկի սիրած երգից մի տող է, իհարկե, երգում խոսքը մանկապարտեզ գնալու մասին է) կգնան դեպի խորհրդարանական ընտրություններ:
Հուլիսի 18-ի խորհուրդը շատ ավելի խոսուն է: Ըստ աստղագուշակների, հուլիսի 18-ին մարդիկ շատ ավելի զգացմունքային են եղել, քանի որ Լուսինը գտնվում էր Ձկան համաստեղության տակ: Դա մի օր է, երբ մարդիկ ձայների եւ հոտերի նկատմամբ չափազանց զգայուն են դառնում, ուստի խորհուրդ է տրվում շփվել միայն ամենամտերիմ մարդկանց հետ, նրանց, ովքեր ձեզ կհասկանան կես խոսքից: Գուցե կոալիցիա-ՀԱԿ հանդիպման օրը հենց ա՞յս պատճառով էր ընտրվել հուլիսի 18-ը: Եթե հավատանք աստղագուշակին, ապա այդ օրը (ՀԱԿ-կոալիցիա հանդիպման հուլիսի 18-ը) բիզնեսում գործերը կընթանան ավելի քան հարթ, իսկ կողքից օգնությունը կգա առանց ձեր հատուկ ջանքերի՝ ինքնըստինքյան:
Ի դեպ, ֆեն-շուն եւս թափանցիկ ակնարկներ է անում հուլիսի 18-ի խորհրդի եւ ՀԱԿ-կոալիցիա հանդիպման մասին:
Օրինակ, նշվում է, որ հուլիսի 18-ը շատ հարմար օր է ցուլերին եւ ձիերին սանձելու, ջրհոր փորելու, հնձել-ցանելու համար:
Դե, երբ իշխանություն-ՀԱԿ շփումներին նայում ես աստղաբանների եւ արեւելքի աչքերով, ամեն ինչ իր տեղն է ընկնում, եւ բոլոր մութ հարցերը պարզվում են: Անպատասխան է մնում է միայն մեկ հարց՝ աստղերը հուշել են եւ չե՞ն պարտադրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել