Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ Է ՆԵՂԱՑԱԾ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»

Հուլիս 20,2011 00:00

Երեկ «Հայելի» ակումբում անդրադառնալով իշխանության եւ ՀԱԿ-ի միջեւ երկխոսությանը՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն ասաց. «5 ամիս է անցել այդ գործընթացից՝ ինչի՞ են հասել, ոչ մի բանի, բացի նրանից, որ ընդդիմադիր ֆոնը բոլորովին փոխվել է պետության ներսում: Եվ շատ հստակ է, որ այսօր գնում է ձգձգումների գործընթաց՝ մինչեւ սեպտեմբեր, որից հետո, կարծում եմ՝ ՀԱԿ-ը նորից կվերականգնի իր նախկին բառամթերքը՝ ավազակապետերի, մոնղոլ-թաթարների, գողերի ու ավազակների մասին, եւ ուղիղ գծով կգնա դեպի ընտրությունների: Սա շատ տեսանելի է: Պատրաստվո՞ւմ են ընտրությունների՝ թո՛ղ պատրաստվեն, շատ ճիշտ է՝ ինչպես յուրաքանչյուր քաղաքական ուժ: Բայց այս ներկայացումը, թե ինչ-որ բան է արվում պետության մեջ վիճակ ստեղծելո՜ւ, ժողովրդավարական ինչ-որ բարեփոխումներ անելո՜ւ,… մեղմ ասած, դա այնքան էլ այդպես չէ»:
Նրա հետ բանավիճող ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը հակադարձեց. «Կլիներ ՀԱԿ-ը, թե մեկ ուրիշը՝ մեզ համար մեկ է: Մենք միշտ ասել ու հիմա էլ ասում ենք, որ երկխոսությունը ոչ միայն ՀԱԿ-ի հետ է՝ մենք պատրաստ ենք այն իրականացնել այն բոլոր քաղաքական ուժերի հետ, ովքեր շահագրգիռ են երկրի ու պետության առջեւ ծառացած խնդիրներին լուծում գտնել, համատեղել ձայներն ու գաղափարները: Եթե մեզ հետ փորձում են երկխոսել ՀԱԿ-ի ներկայացուցիչները, մենք հո չե՞նք կարող ասել՝ ինչո՞ւ միայն ՀԱԿ-ը: Իսկ ինչո՞ւ պատրաստ չեք դուք նույնպես երկխոսելու, ինչո՞ւ եք նեղացածի կերպարանք ընդունել»: Ռուբեն Հակոբյանի պատասխանն էր. «Դուք էլ լավ գիտեք, որ այն, ինչ կատարվում է պետության մեջ, եւ այն, ինչ կա երկխոսության տակ՝ այս պետությանը ոչինչ չի տա: Եթե երկխոսողը դիտվում է, որ իրեն ուղղակի ուզում են օգտագործել ու դեն գցել ու դրանից հետո ասեն՝ եկեք երկխոսե՞նք: Վաղը գիտենք դուք ՀԱԿ-ին ինչ եք անելու, այսինքն՝ դուք էլ լավ գիտեք՝ ինչ եք անելու: Կգա սեպտեմբերը, նրանք չեն ստանա այն, ինչ հայտարարում են՝ արտահերթ ընտրություններ, ու կրկին ՀԱԿ-ը կվերադառնա իր նախկին բառամթերքին, ու դրանով ամեն ինչ կավարտվի: Ուզում եք՝ մենք է՞լ այդ ճանապարհով գանք: Մենք չենք ուզում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել