Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երկխոսություն՝ ասելիք չունեցողների միջեւ

Հուլիս 20,2011 00:00

Երկուշաբթի մեկնարկել է հենց այդպիսի  երկխոսություն

Երկուշաբթի մեկնարկեց Հայ ազգային կոնգրես-իշխանություն երկխոսությունը: ՀԱԿ եւ կոալիցիոն կուսակցությունների պատվիրակների մակարդակով առաջին հանդիպումը, բնականաբար, շոշափելի արդյունքներ արձանագրել չէր կարող, եւ այդպիսիք չեղան էլ: Փոխարենը՝ ՀԱԿ-ը երեկ հայտարարություն է տարածել, որում արձանագրել է, թե պատրաստ է այդ ձեւաչափով հանդիպումները շարունակել: «Առավոտը» երեկ զրուցեց նախկին ՀԱԿ-ական, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախկին անդամ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ, որը երկխոսությունը քաղաքական նոր մշակույթի ձեւավորման փորձ գնահատելով հանդերձ՝ նկատեց, թե «դա երկխոսություն է երկու ուժերի միջեւ, որոնք այս պահին ասելիք չուեն»: Հայտնի է, սակայն, որ գոնե ՀԱԿ-ն ասելիք ունի՝ արտահերթ ընտրությունների շուրջ պայմանավորվածությունների ձեռք բերում: «Չեմ կարծում, որ երկխոսության մյուս կողմը դրան հակված է»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, թե չի կարծում, որ երկխոսության միջոցով իշխանություններին հնարավոր է արտահերթ ընտրություններ պարտադրել: Ըստ նրա, եթե Սերժ Սարգսյանը որոշի արտահերթ ընտրություններ անցկացնել՝ դա կապված կլինի միայն Ղարաբաղի հարցում ֆորս-մաժորային իրավիճակի հետ, իսկ դա երկխոսության հետ որեւէ կապ չունի:
Այդ դեպքում ո՞րն է Կոնգրեսի հույսը, երբ նա ամբողջ հասարակության ուշադրությունը փորձում է սեւեռել այդ երկխոսության վրա: Ս. Սուրենյանցի դիտարկմամբ, Կոնգրեսը իշխանության հետ չէ, որ պրոբլեմ ունի. «Նա խնդիր ունի անկեղծության հետ, որոշակիորեն, այո, նաեւ՝ հասարակության հետ, որի մի զգալի մասը նրան դեռ հավատում է, բայց եթե շարունակի հասարակությանն ապատեղեկատվություն մատուցելու իր այս քաղաքականությունը՝ Կոնգրեսը, իսկապես, լուրջ խնդիրներ կունենա նաեւ հասարակության հետ»:
Երեկ Կոնգրեսն իր տարածած հինգ կետանոց հայտարարության մեջ որոշակի պայմաններ է առաջադրել իշխանությանը, որոնցից մեկն էլ ՀԱԿ-կոալիցիա հանդիպումները ուղիղ եթերով հեռարձակելն է, կամ էլ կողմերի քարոզչական հավասար հնարավորությունները ապահովելու նպատակով Կոնգրեսի պատվիրակությանը յուրաքանչյուր հանդիպումից հետո Հ1-ով առնվազն կես ժամ ուղիղ եթեր տրամադրելը՝ «իր տեսակետները հասարակությանը ներկայացնելու համար»։ Արդյոք այս եւ մյուս չորս պահանջները բուն թեմայի շուրջ քննարկումը ձգձգելու ձեւ չե՞ն: «Այդ հանդիպումները հանրային հեռուստատեսությամբ, այն էլ՝ ուղիղ հեռարձակել չի կարելի, որովհետեւ այդ երկխոսությունը հասարակական շատ փոքր շերտի է հետաքրքրում: Մարդկանց չի հետաքրքրում, թե քաղաքական երկու ուժեր իրար հետ ինչ են խոսում, եթե այդ խնդիրների զգալի մասն իրենց չի վերաբերում»,- կարծիք հայտնեց Սուրենյանցը: Բայց արդյոք արտահերթ ընտրությունների հարցը հասարակության միայն նե՞ղ շրջանակի է հետաքրքրում: Նրա մատուցմամբ, հասարակությանը հետաքրքրում է արդյունքը, իսկ «նախընտրական արշավը, համաձայն ՀՀ օրենսդրության, առայժմ սկսված չէ»: Ասել կուզի՝ այդ երկխոսությունը կողմերը կարող են իրենց PR-ի համար օգտագործել, մինչդեռ մյուս քաղաքական ուժերի համար դա անհավասար պայմաններ կստեղծի: Նա նաեւ ափսոսանք հայտնեց, որ երկխոսության գաղափարը թե՛ իշխանության, թե՛ Կոնգրեսի կողմից արժեզրկվում է, եւ դրանից օգտվում են այլ՝ երրորդ ուժեր, որոնք իրենք էլ իրենց հերթին են վարկաբեկում երկխոսության գաղափարը: «Ըստ էության ո՛չ Լեւոն Զուրաբյանի եւ ո՛չ էլ Դավիթ Հարությունյանի ղեկավարած պատվիրակությունները անելիք չունեն, եւ առաջին հանդիպումը դա, ըստ էության եւ ըստ բովանդակության, ցույց տվեց: Եթե կողմերն իսկապես ուզում են շահագրգիռ քննարկումներ անել, ըստ երեւույթին պետք է կազմակերպեն Սերժ Սարգսյան-Լեւոն Տեր-Պետրոսյան հանդիպում»,- կարծիք հայտնեց Սուրեն Սուրենյանցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել