Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էլեկտրական ցանցերին միացումը՝ արդեն հստակ, արագ ու մատչելի

Հուլիս 19,2011 00:00

 Կառավարությունը սա կարեւորում է բիզնես միջավայրի բարելավման առումով

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարզեցրել է էլեկտրական ցանցերին միացման գործընթացը, կրճատել դրա ժամկետները եւ վերանայել միացման վճարները փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների համար: Սա կարեւոր է բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծման առումով, կառավարությունն այս ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկել էր դեռ անցած տարվանից: Նպատակն էր, որ այս տարվա տնտեսական ցուցիչների հիման վրա ձեւավորվելիք «Doing Business 2011» ամենամյա զեկույցում մեր երկրի դիրքերը բարելավվեն:
Իրականում ի՞նչ է փոխվել այս կարգում:
Նախկինում սպառողը կամ ձեռներեցը մինչեւ էլեկտրականության ցանցին միանալը մի քանի դուռ էր բախում փաստաթղթերն ամբողջացնելու եւ պայմանագիր կնքելու համար, այսուհետեւ մատակարարն ու սպառողը միմյանց կհանդիպեն ընդամենը 2 անգամ: Նախկինում դիմում ստանալու պահից մինչեւ մատակարարման գործընթացը սպառողն անցնում էր 5-6 փուլ, այժմ անհրաժեշտ է ընդամենը երկու գործողություն: Սպառողը ներկայացնում է դիմումը, ապա՝ հրավիրվում մատակարարման պայմանագիրն ստորագրելու, բացատրում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ լիցենզավորված գործունեության մոնիտորինգի եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Աբգար Բուդաղյանը:
Նախկինում մատակարարումն իրականացվում էր դիմելու պահից 3 ամիս անց, իսկ այժմ անհրաժեշտ է ընդամենը 1 ամիս: Ավելի հզոր էլեկտրականություն օգտագործողները ցանցին միանում էին մեկ տարվա ընթացքում, այժմ աշխատանքները կատարվում են 90 օրվա ընթացքում: Միջին բիզնեսի ներկայացուցիչներն ավելի բարձր լարման էներգիայի համար սպասում էին 2 տարի, փոփոխությունից հետո այդ ժամկետը կրճատվել է 6 անգամ: Ամենախոշոր սպառողների պարագայում եւս ժամկետները չեն անցնում 1 տարին:
Հայաստանի գործատուների հանրապետական միության տնօրեն Գագիկ Մակարյանն էլ ասում է, որ մինչեւ հիմա ձեռներեցներն այս առումով էական դժվարություններ ունեին. էլեկտրաէներգիան մատչելի ու որակյալ չէր, ձեռքբերման ճանապարհին տարատեսակ քաշքշուկներն ու ծախսերը նվազեցնում էին մրցունակությունը: Բանն այն է, որ թանկ էներգակիրն ազդում է ապրանքի ինքնարժեքի վրա՝ մոտավոր հաշվարկներով 8-10 տոկոսով, իսկ փոքր ձեռնարկատերերից քչերն ունեն նվազ էներգատար ու արդիական հոսքագծեր: Ազատելով նրանց քաշքշուկներից եւ թեթեւացնելով այդ բեռը, գործադիրը բարելավում է գործարար միջավայրը:
Ինչ վերաբերում է վճարներին, ապա այս հարցում նույնպես զգալի փոփոխություններ են կատարվել: Ներկայում բոլորովին նոր հաշվարկներ են արվում միացման վճարների հիմքում. նախկինում, եթե էլցանցին միացողն ավելի քան 100 մետր հեռու էր առկա բաշխիչ ցանցից, ապա վճարում էր գերազանցող հատվածի կառուցման արժեքն ամբողջությամբ, այժմ որեւէ բնակավայրում հեռավորությունը հաշվի չի առնվելու: Թե՛ անհատ սպառողները, թե՛ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները վճարելու են միայն հանձնաժողովի կողմից սահմանված միացման գումարը, ընդգծեց Ա. Բուդաղյանը:
Բնական է՝ այս կտրուկ փոփոխությունները այնքան էլ Հայաստանի հիմնական մատակարարի սրտով չեն, բայց «Հայաստանի էլցանցեր» ՓԲԸ-ի տնօրենի առաջին տեղակալ Կոնստանտին Ֆեֆիլովը հավատացնում է, որ իրենց համար հասկանալի եւ ընդունելի է այս որոշման անհրաժեշտությունը:
Գործարարությունը պետք է զարգանա, որ Հայաստանը դառնա օտարերկրյա ներդրումների համար գրավիչ երկիր: Էլեկտրական ցանցերի միանալու եւ էլեկտրաէներգիայի սպառման գործընթացներն առանցքային են բիզնեսի բոլոր ճյուղերի ու հատկապես սկսնակների համար: Թերեւս այս է պատճառը, որ ավանդաբար խնդրահարույց դաշտն այսօր հստակ կանոնակարգված է. գործարարների ու նաեւ հասարակ սպառողների համար էլեկտրական ցանցերի միացումն այսուհետեւ հստակ է, արագ ու մատչելի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել