Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՔԻՉ ՔՆԵԼՆ ԷԼ Է ՎՆԱՍ, ՇԱՏՆ ԷԼ

Հուլիս 19,2011 00:00

\"\"Քնաբանները հորդորում են չափավոր քնել

Մեր մայրիկներից շատերն իրենց փոքրիկներին քնեցնում են թեթեւ լուսավորված սենյակում, լուսամփոփ են միացնում սնոտիապաշտությունից ելնելով՝ իբր թե «չարքեր» չգան երեխայի սենյակ: Իսկ այն մայրիկները, որոնք սնոտիապաշտ չեն, բայց նույնպես լուսամփոփ են միացնում, մտավախություն ունեն, որ փոքրիկները գիշերը կարթնանան ու մթությունից կվախենան: Այնինչ, մասնագետները գտնում են, որ լուսամփոփ միացնելը վտանգավոր է երեխայի առողջությանը: Պարզվում է, որ լուսամփոփի կիսամռայլ լույսը կարող է վատագույնս ազդել երեխայի գլխուղեղի կառուցվածքի եւ քիմիական բալանսի վրա: Ամերիկյան նյարդաբանները հայտնաբերել են, որ այն մարդիկ, որոնք քնում են, այսպես ասած, գորշ լուսավորության ներքո, ինչպես լուսամփոփների կամ հեռուստացույցի լույսերն են, ժամանակի ընթացքում դեպրեսիվ են դառնում: Ըստ մասնագետների կատարած հետազոտությունների արդյունքի, նմանատիպ լույսերը խանգարում են մելատոնին հորմոնի արտադրությանը, որը մարդու օրգանիզմին հուշում է, որ գիշեր է եւ քնելու ժամն է: Այսինքն՝ տեւական ժամանակ թեթեւ լուսավորված սենյակում քնելով, խանգարվում է, մարդու նյարդային համակարգը եւ դեպրեսիա է առաջանում: Բացի այս, գիտնականները որոշ ժամանակ փորձեր են կատարել մկների վրա եւ պարզել, որ ոչ լիարժեք մթության մեջ քնած կենդանիները դարձել են ընկճված եւ սկսել են արագ գիրանալ: Այսինքն՝ այն, ինչ կատարվել է մկների հետ, կատարվում է նաեւ մարդկանց հետ: Այնպես որ, առողջ լինելու, հանգստանալու եւ չգիրանալու համար անհրաժեշտ է քնել լիարժեք մթության մեջ, որքան էլ ձեզ համար սահմռկեցուցիչ է «խավարը»:
Տեղական մասնագետներն էլ կոչ են անում քնել շատ մութ սենյակում, իսկ ննջարանի վարագույրներ ընտրելիս նախապատվությունը տալ ոչ թափանցիկներին, որոնք չեն թողնի, որ լույս թափանցի սենյակ: «Առավոտի» հետ զրույցում կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի քնաբան Աիդա Մաթեւոսյանի խոսքերով՝ «Խորհուրդ չի տրվում լույսի ներքո քնել, քանի որ օրգանիզմում արտադրվող հորմոնների ցիկլայնությունը խանգարվում է, որը հանգեցնում է քնի որակի վատացմանը»: Ըստ բժշկի, դեպրեսիան կարող է բերել անքնության եւ հակառակը: Անքնության առաջին պատճառներից են ընկճվածությունը, մտահոգությունները: Մասնագետի խոսքերով՝ մարդիկ չեն էլ հասկանում, որ դեպրեսիա է սկսվում, մինչեւ դանակը ոսկորին չի հասնում. «Մինչեւ հիվանդությունը գագաթնակետին չի հասնում, չեն դիմում բժշկի»: Մեր այն հարցին, թե կարո՞ղ է անքնությունն ազդել պոտենցիայի վրա, Ա. Մաթեւոսյանը վստահեցրեց, որ անքնությունն ազդում է հոգեկանի վրա, որն էլ իր հերթին կարող է ազդել պոտենցիայի վրա: Բացի այս, շատերը անհանգիստ քնելով կամ քնի մեջ խռմփացնելով չեն էլ գիտակցում, որ դա լուրջ հիվանդության նշան է: Բժշկի ներկայացմամբ՝ «Շատ տարածված է ապնոէ- հիպոկնոէ համախտանիշը: Այս հիվանդության ժամանակ քնած մարդու մոտ կամ մասնակի, կամ լրիվ փակվում են շնչառական ուղիները, որի ընթացքում թթվածնային քաղցի մեջ է ընկնում օրգանիզմը, ու մարդը չի կարողանում խորը քնել: Սա էլ հանգեցնում է նյութափոխանակային տարբեր խանգարումների, մարդիկ գիշերը խռմփացնում են եւ այլն: Առաջին հերթին այս հիվանդությունը բերում է պոտենցիայի անկման: Ապացուցված է, որ բուժումից հետո սեռական ակտիվացում է սկսվում»:
Իսկ թե որքան պետք է քնի մարդը, որպեսզի առողջ լինի՝ մեր հարցին մասնագետը պատասխանեց, որ դա կախված է օրգանիզմի պահանջից եւ տարիքից: Սակայն չափազանց երկար կամ կարճ քնելն էլ լուրջ վտանգներ է ներկայացնում: Օրինակ՝ եթե դուք մշտապես 7 ժամից պակաս եք քնում, ապա ձեզ սպառնում են սրտանոթային հիվանդությունները, հիպերտոնիան, շաքարախտն ու անհամաչափ գիրությունը: Մասնագետների կարծիքով, քնի ժամանակահատվածը կախված է անձի տարիքից. որքան մեծանում է մարդը, այնքան նրա քնի ժամանակը կարճանում է: Այսպես՝ նորածինները քնում են 20-22 ժամ, իսկ 6 ամսականից մինչեւ 3 տարեկան երեխաները պետք է քնեն 14 ժամ: Արդեն 17 տարեկանից սկսած՝ 8 ժամն էլ բավական է, որպեսզի մարդն իրեն առույգ զգա: Գոյություն ունի, այսպես ասած, ութնյակի սկզբունքը՝ հասուն մարդը առողջությունը պահպանելու համար պետք է աշխատի 8 ժամ, քնի նույնպես 8 ժամ եւ վերջապես հանգստանա կրկին 8 ժամ: Որոշ մասնագետներ նաեւ գտնում են, որ չափից շատ կամ չափից քիչ քնելու արդյունքում մեծանում է վաղաժամ մահացության ռիսկը, այսինքն, եթե տեւական ժամանակ չափազանց քիչ կամ շատ քնեք, ապա առաջիկա 15 տարում մահանալու ռիսկը 2 անգամ ավելանում է: Այնպես որ, որպեսզի ժամանակից շուտ «հավերժ քուն չմտնեք»՝ մահճակալի կողքին զարթուցիչ դրեք, որը ձեզ ճիշտ ժամին կարթնացնի:
Չնայած գիտնականների կողմից սահմանված ժամկետներին, նրանք նաեւ փաստում են, որ մարդու քնելու տեւողությունը կախված է նրա օրգանիզմի առանձնահատկություններից, նյութափոխանակությունից եւ ապրելաոճից, անգամ եղանակից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել