Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնության պարգեւատրման արարողության ժամանակ երկրորդ տեղը գրաված էջմիածինցի գերծանր քաշային Հակոբ Մելքոնյանը, ի նշան մրցավարության դեմ բողոքի, ցուցադրաբար շպրտել է իրեն շնորհված արծաթե մեդալը եւ պատռել պատվոգիրը: Տեղի ունեցածի մասին հակասական տեղեկություններ են շրջանառվում: Երեկ «Առավոտը» կատարվածի իսկությունը փորձեց պարզել բռնցքամարտի ֆեդերացիայում:
Ֆեդերացիայի փոխնախագահ Արտակ Մալումյան. «Եզրափակչում Մելքոնյանի մրցակից, գյումրեցի Բագրատ Օհանյանն առաջին ռաունդում հարված բաց թողեց, եւ ռեֆերին բացեց հաշիվը: Դա ռաունդի վերջնամասում էր: Նման դեպքերում ռեֆերին առաջինը մարզիկին է հարցնում, թե նա ի վիճակի՞ է շարունակել պայքարը, եւ եթե բռնցքամարտիկը հասկանում է հարցը եւ պատասխանում, ուրեմն կարելի է մարտը չդադարեցնել: Սակայն ռեֆերին համոզվելու համար նաեւ որպես ստուգողական քայլ մարզիկին առաջարկում է մարզաշապիկի վրա սրբել ձեռնոցները: Միայն մարտավկան կարող է սրբիչ նետել ռինգ: Ռեֆերին պահանջները կատարել է, ու ոչ ոք ռինգ սրբիչ չի նետել: Առաջնության գլխավոր մրցավարն իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում մարտը շարունակելու հրահանգ է տվել, եւ մի քանի վայրկյան անց հնչել է գոնգը: Ընդմիջման մեկ րոպեում էլ Բագրատը վերականգնվել է եւ հետագայում հաղթել: Այնպես որ, ամեն բան ընթացել է կանոնակարգի համաձայն»:
Ռաֆայել Մեհրաբյան- Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ. «Բագրատ Օհանյանը հայկական բռնցքամարտին մեծ ծառայություններ է մատուցել, ու դա պիտի գնահատվի՝ նրան արժանին մատուցելով: Սակայն, անկեղծ ասած, հաշվի առնելով նրա տարիքը, ես նրան վերջին շրջանում փորձել եմ համոզել, որ թողնի ակտիվ սպորտը: Առաջնության օրն էլ կուզենայի այդ քաշային կարգում Հայաստանի նոր չեմպիոն տեսնել, թեկուզ՝ ի դեմս Հակոբ Մելքոնյանի: Իսկ ինչ վերաբերում է նրանց մենամարտին, Բագրատն առաջին ռաունդում, իրոք, հարված ստացավ: Բայց դա այն հարվածը չէր, որ նրան տեղում պարտություն գրանցվեր: Հավատացնում եմ, եթե այդպիսի բան լիներ, ինքս կպահանջեի մարտը դադարեցնել: Իսկ շարունակությունը եղավ այն, ինչ եղավ: Բագրատը միավորներով միանշանակ հաղթեց»: Իսկ առաջնության գլխավոր մրցավար Ատոմ Պողոսյանը հավելեց, որ ինքը գործել է կանոնակարգով իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում:
Հիմա Հակոբ Մելքոնյանի հարցը պետք է քննարկվի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեում, որտեղ համապատասխան եզրակացություն կատարելուց հետո (մարզիկին ոչ վայել պահվածքի մասին է) վերջնական որոշում կկայացվի գործկոմի նիստում:
Ֆեդերացիայում մեզ նաեւ տեղեկացրին, որ եթե անգամ մրցավարությունը սխալ լիներ, մարզիկը իրեն այդպես պահելու եւ հակականոնադրական քայլեր կատարելու իրավունք չուներ: